Թուրք դերասանները հրաժարվել են խաղալ Հրանտ Դինքի դերը

Թուրք դերասանները հրաժարվել են խաղալ Հրանտ Դինքի դերը

Թուրք դերասանները հրաժարվել են խաղալ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի դերը հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նոր ֆիլմում: Գերմանաբնակ թուրք ռեժիսորը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ստիպված է եղել հրաժարվել Հրանտ Դինիքի մասին պատմող ֆիլմի գաղափարից, քանի որ թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել գլխավոր դերը’ պատճառաբանելով, որ սցենարը չափազանց խիստ է: Փոխարենը ռեժիսորը որոշել է նկարահանել հակասական «Հատում» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի հայերի կոտորածների մասին: Ֆիլմը վերջերս ցուցադրվել է Վենետիկի և Համբուրգի կինոփառատոնների ժամանակ, արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգևին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’վկայակոչելով Global Post պարբերականը, Աքընը ֆիլմի սցենարը գրել էր «Ակօս»-ում Դինքի մասին հրապարակված մոտ 12 հոդվածների հիման վրա: «Ես չկարողացա համոզել որևէ թուրք դերասանի, որ խաղա Հրանտի դերը: Նրանք բոլորը սցենարը շատ խիստ համարեցին: Դրա համար էլ ստիպված եղա թողնել նախագիծը: Ես չէի ցանկանում, որ որևէ դերասան տուժի: Բայց շատ կարևոր էր Հրանտի մասին թուրքական ֆիլմ նկարահանել: Ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չի կարող մարմնավորել Հրանտին: Մենք պետք է ինքնուրույն լուծենք այս խնդիրը: Բայց, ակնհայտորեն, դեռ ժամանակը չի հասունացել դրա համար»,- ասել է ռեժիսորը:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակoսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

2007 թվականի հունիսին Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում