Էրդողանի հակառակորդը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Էրդողանի հակառակորդը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահի ազգությամբ քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլի 24-ին կհիշեցնի հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին:

Դեմիրթաշը ծավալուն հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին: «Ես մարդու իրավունքների պաշտպան եմ: Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվել: Արդեն 8 տարի է՝ քաղաքականության մեջ եմ: Ուսանողական տարիներից հետաքրքրվել եմ քաղաքականությամբ և միշտ հայ ժողովրդի դեմ իրականացվածը ցեղասպանություն եմ համարել»,-ասել է նա:

Դեմիրթաշը նշել է, որ դա իր անձնական տեսակետն է, և որ հայ ժողովրդի հետ 1915թ.-ին տեղի ունեցածը համակարգված կոտորած էր, ոչնչացման քաղաքականության արդյունք, իսկ հետագայում նույն քաղաքականության զոհն են դարձել նաև քրդերը, թեև ոչ նույն դաժանությամբ:

Նա ընդգծել է, որ իրեն ընտրել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է իմանա, որ ինքը 1915թ.-ի իրադարձությունները ճանաչում է որպես «ցեղասպանություն», և իր նախագահության տարիներին ամեն տարի ապրիլի 24-ին կատարելու է իր պարտքը’ հիշեցնելու է հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ քուրդ թեկնածուն ընդգծել է, որ դա համարելու է ոչ թե թուրք ժողովրդի հանցանքը, այլ այդ ժամանակաշրջանի իշխանության քաղաքականության արդյունքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում