Թուրքիայում Դավութօղլուից պահանջում են հրաժարական տալ

Թուրքիայում Դավութօղլուից պահանջում են հրաժարական տալ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին կոչ է արել հրաժարական տալ այն բանի համար, որ վերջինս մինչ այժմ չի կարողացել ազատել Իրաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից արդեն երկու ամիս գերեվարված թուրք քաղաքացիներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը: ԺՀԿ գործիչը քննադատել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ Դավութօղլուի որդեգրած քաղաքականությունը եւ նշել, որ այդ հարցերում «Դավութօղլուն սահմամնն անցնող հայտարարություններից զատ այլ բան չի անում»:

Նա ասել է, որ այսօր, երբ Իրաքի հյուսիսում եզդիներն ու քրիստոնյաները անմարդկային ճնշումների եւ կոտորածների են ենթարկվում, Բաղդադի կենտրոնական կառավարությանն արհամարհելով, Իրաքի նավթի վրա աչք դրած եւ Իրաքի ամբողջականության խախտման մեջ մեծ մասնաբաժին ունեցող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության վտանգավոր արտգործնախարար Դավութօղլուն ԻԼԻՊ-ի հարցում ընդդիմությանը մեղադրում է հայրենիքի դավաճանության մեջ:

«Նախարարության անձնակազմը 2 ամիս է չի կարողանում ազատել ԻԼԻՊ-ի ձեռքում պատանդ պահվող մեր քաղաքացիներին: Այլ պետությունների կողմից մատի շարժումով կանչվող եւ ընդդիմախոսների կողմից արհամարվող նման արտգործնախարարը չի կարող քննադատել ընդդիմությանը: Թուրքիային տարածաշրջանում զրո դարձրած արտգործնախարարը պետք է ճանաչի իր չափը: Դավութօղլուն սխալվում է, որ կարող է ԻԼԻՊ-ին օգնելու հետ քննադատելով ընդդիմությանը թաքցնել սեփական անկարող եւ արկածախնդիր քաղաքականությունը: Փաստերը հստակ եւ բացահայտ են:

ԻԼԻՊ-ի ներկայիս վիճակին հասնելու մեջ կա նաեւ ԱԶԿ կառավարության որդեգրած քաղաքականության լուրջ դերը եւ մասնակցությունը: Դավութօղլուի խտրական դավանաբանական քաղաքականությունը ավերել է մեր տարածաշրջանը: Տարածաշրջանի էթնիկ հայերը, եզդիները, թուրքմենները եւ քրիստոնյաները արմատական կազմակերպությունների երեսից կանգնած են վերանալու առաջ: Իրեն քննադատողներին դավաճանության մեջ մեղադրող Դավութօղլուն որպես անկարող նախարար պետք է հրաժարական տա», -ասել է ընդդիմադիր գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում