«Եթե նորից պատերազմ սկսվի Ղարաբաղում, ես կգնամ պաշտպանելու այդ հողը, և եթե զոհվեմ, թող որ թաղվեմ Շուշիի մայր տաճարի հարևանությամբ …». բուլղար քաղաքական գործիչ

«Եթե նորից պատերազմ սկսվի Ղարաբաղում, ես կգնամ պաշտպանելու այդ հողը, և եթե զոհվեմ, թող որ թաղվեմ Շուշիի մայր տաճարի հարևանությամբ …». բուլղար քաղաքական գործիչ

ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Վերջին օրերին, երբ ադրբեջանական ռազմական արկածախնդրության արդյունքում լարվածությունը սահմանագծում հասել է աննախադեպ աստիճանի, բազում բուլղար քաղաքացիներ իրենց զորակցությունն են հայտնում եղբայրական հայ ժողովրդին և նրա արդար պայքարին: Այս օրերին «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքը միակն է Բուլղարիայում, որը օպերատիվ կերպով բուլղարերեն լեզվով հանրությանն է ներկայացնում Հայաստանի և Արցախի սահմաններում տիրող իրավիճակի իրական պատկերը: Բուլղարական լրատվամիջոցները հիմնականում տարածում են ադրբեջանական ապատեղեկատվությունը: Սոցիալական կայքերում իր մեկնաբանություններով հատկապես աչքի էր ընկնում բուլղար քաղաքական գործիչ, Բուլղարիայի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, մեծ հայրենասեր և Արցախի մեծ բարեկամ պ-ն Պավել Չեռնեւը: «Կանթեղ Արարատյան» կայքը կարողացավ կապ հաստատել նրա հետ և խնդրեց պատասխանել մի քանի հարցերի, որին պ-ն Չեռնեւը սիրով համաձայնվեց: Զրույցը վարեց «Կանթեղ Արարատյանի» գլխավոր խմբագիր Ներսես Կետիկյանը:

Բարև Ձեզ պ-ն Չեռնեւ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ, չնայած Ձեր բազմազբաղ վիճակին, համաձայնվեցիք այս զրույցը իրականացնել: Ձեր անունը տեղ էր գտել այսպես կոչված Բաքվի «սեւ ցուցակում»: Ձեզ հայտարարեցին persona non grata: Ինչո՞ւ:

Կսկսեմ մի փոքր ավելի հեռվից: Ես մաս եմ կազմում միջազգային մի կազմակերպության, որը հաստատված է Բեռլինում. «Աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն» անվանումով: Նրա նախագահը Մաթեուշ Պիսկորսկին է Լեհաստանից: Մեր գործը աշխարհի այսպես կոչված «չճանաչված» պետություններում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, ժողովրդավարական գործընթացների մոնիտորինգ անցկացնելն է: Դրան մաս է կազմում նաև ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ դիտորդություն կատարելը: Այդպես 2012 թվականին գտվում էինք Լեռնային Ղարաբաղում որպես դիտորներ մեր գործընկերների հետ միասին, որոնց թվում Եվրոպայի խորհրդարանականներ Ավստրիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից: Անշուշտ, երբ մենք բարեխղճորեն և անաչառորեն կատարեցինք մեր աշխատանքը ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես մենք, այնպես էլ մնացած 150 միջազգային դիտորդները ներկայացրեցինք մեր դիտարկումները առ այն, որ ընտրությունները անցկացվել են ժողովրդավար, օրինական և ազատ կերպով: Գրեթե միաձայն միջազգային դիտորդների կողմից ընդունվեց, որոնց մեջ կային ներկայացուցիչներ Կանադայից մինչև Ավստրալիա, որ ընտրություններն անցկացվել են ժողովրդավար, ազատ և օրինավոր կերպով: Ես անձամբ Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույց տվեցի, որի ժամանակ խիստ քննադատության ենթարկեցի միջազգային «ժողովրդավար» հանրությանը, որը ճանաչել է Կոսովոյի գանգստերական կազմավորումը, սակայն չի ճանաչում ազատասեր և հերոս Արցախը: Դա հավանաբար զայրացրել է ադրբեջանական ծառայություններին, և շատ չանցած պ-ն Պիսկորսկիից ստացա մի կատակով գրված sms, որ պատրաստվեմ Ադրբեջանի համար: Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ այդ «սեւ ցուցակում» իմ անունը գտնվում է Մոնսերատ Կաբայեի անունից հետո և լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի անունից առաջ:

Որպես միջազգային դիտորդ, Լեռնային Ղարաբաղը ինչպիսի՞ տպավորություն գործեց Ձեզ վրա:

Արցախը մի գեղեցիկ երկիր է, որը բնակեցված է հպարտ ու սրտամոտ ժողորդով: Իմ հիմնական տպավորութունը այդ հողից ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Մարդիկ այնտեղ ազատ են և արյամբ, չարչարանքով ու տառապանքով ձեռք բերվածը պահպանում են: Արցախում այսօր չկան ճնշումներ, վախ և ահաբեկչություն: Մարդիկ համարձակ ասում են այն, ինչ մտածում են:

Այս լարված օրերին Ձեր մեկնաբանությունների մեջ գրել էիք. «Հպարտ եմ, որ եղել եմ Արցախում և աջակցել եմ այս հերոս հայ ժողորդին իր ժողովրդավարական նախագահական ընտրությունների ժամանակ», ինչպես նաև գրել էիք, որ «իմ սիրտը թողել եմ այնտեղ»: Իսկ եթե՞ մի փոքր բացենք փակագծերը:

Արցախի ժողովրդի քաջությունը, համեստությունը և տղամարդկությունը գրավեց իմ սիրտը: Իրապես հպարտ եմ, որ չնայած շատ քիչ, բայց այդ քչով աջակցել եմ այդ ժողովրդին: ԵՎ ԱՅՈ, իմ սիրտը մնաց այնտեղ, Շուշիի Ղազանչեցոց Մայր Տաճարում, որը խորհրդանիշն է ազատության, լույսի և Քրիստոսի սիրո հաղթանակի ընդեմ հրեշավոր բռնապետության: Այդ իսկ պատճառով ես իմ կտակում գրել եմ, որ ԵԹԵ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԵՎ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ՉԼԻՆԻ, ԵՍ ԿԳՆԱՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՅԴ ՀՈՂԸ, ԵՎ ԵԹԵ ԶՈՀՎԵՄ, ԹՈՂ ՈՐ ԹԱՂՎԵՄ ՇՈՒՇԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ …

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում