ՀՀ վարչապետը խոստացել է գիշերել դիրքերում, ԼՂՀ նախագահն առաջարկել ունենալ այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Արցախ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ՀՀ վարչապետի հետ դարձյալ Արցախում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Հովիկ Աբրահամյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:
Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգևորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են և դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը’ պաշտպանելու մեր հողն ու երկիրը:
Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաև բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, և այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ և գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում’ մեր զինվորների կողքին: Մենք որևէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել’ զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև մի կարևոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը»:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում կայացած զինվորների երդմնակալությանը ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում