Այ էսպես էր մարտական հերթափոխը տեղի ունենում Քարվաճառում. տեսանյութ

Այ էսպես էր մարտական հերթափոխը տեղի ունենում Քարվաճառում. տեսանյութ

Գագիկ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այ էսպես էր մարտական հերթափոխը տեղի ունենում Քարվաճառում: Հերթափոխի պատրաստվող զորքը շարվում էր կազմ ու պատրաստ, մեքենաները շարվում էին շարասյունով, հրամանատարը’ Գնդապետ Ս. Սահակյանը ամեն հերթափոխի ժամանակ, դիրքեր բարձրանալուց առաջ, անկախ նրանից, թե արդեն որերորդ անգամն է, կատարում էր նույն արարողակարգը, պաշտոնական երդման արարողությունից հետո իր խոսքն էր ասում, հրահանգավորում, հրամայում, հորդորում ու խնդրում զգոն լինել, թուլյին օգնել, հիվանդին բուժել, սովածին կերակրել…Բոլորն էին այստեղ զգում պայմանների դաժանությունը, ցուրտը, բայց բոլորը պատրաստակամ էին: Արարողակարգից հետո նստում էին ավտոմեքենաները ու դեպի դիրքեր, երգելով, մարտական տրամադրությամբ, առանց վախենալու ու տրտրնջալու, քանի որ չկար մեկը, ով չէր գիտակցում իր պարտքը, դիրքերում հրամանատարն ու զինվորը հավասարվում էին իրար, բոլորը զինվոր էին դառնում, չէիր զգում գնդապետի ուսադիրները: Զորամասում խիստ ու նույնիսկ կոպիտ հրամանատարը դառնում էր հավասար ընկեր: Սկզբից տրտնջում էինք հրամանատարի խստությունից, բայց ողջ ու առողջ, լիքը գիտելիքներով ու ձեռքբերումներով բանակից տուն գալով հասկանում ես, որ հրամանատարի խստությունը նույնպես մեծ նշանակություն ուներ ավելի զգոն ու կարգապահ լինելու համար: Հրամանատարի ձայնի խրոխտ տոնը, եթե նույնիսկ մի քիչ էլ չէիր ուզում էդ դժվարությունների միջով անցնել, ստիպում էր ավելի ուժեղ լինել, թասիբի ընկնել ու ուժերիդ ներածին չափով ձգտել, որ հետ չմնաս կողքիդ զինվորից: Տեսահոլովակում մեր ընկերներն են, զինվոր, թե սպա, անձամբ ճանաչում եմ… Զորամասում կարող է նույնիսկ կոնֆլիկտ եմ ունեցել, բայց դիրքերում ու դիրքեր գնալու ճանապարհին բոլորը մեկ ուժ են դառնում, օգնում իրար, քաջալերում, հրելով առաջ տանում մի ոտքի արահետով, որի երկու կողմերը ականապատ կարող են լինել: Քարվաճառում’ մոտ 3800մ բարձրության վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր գործող ռազմական պոստը, ուր պարաններով են բարձրանում, ուր տանող նույնիսկ արահետ չկա, բայց երկու տարի ծառայությանս ընթացքում մի անգամ տրտունջ չլսեցի: Ո՞նց ու ո՞վ կարող է այս զինվորներին հաղթել, ով կարող է այսքան դժվարությունների միջով դիրքին հասած զինվորին հաղթել: Էս զինվորը ինքն իրեն հաղթելով է հասնում իր դիրքին ու ոչ թե հրամանով, այլ գիտակցումով, որ թիկունքում իր հայրենիքն է, հարազատները:
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԶՈՐ է, քանի որ ամեն զինվորը հրամանատար է ու ամեն հրամանատարը զինվոր:

Հ.Գ. Ցավում եմ, որ մարտական դիրքում գոնե մի հերթափոխ կանգնած չկամ, բայց մեր’ ինժեներ-սակրավորներիս խնդիրն էլ լրիվ այլ էր: Մեր վաշտն էր պատրաստում խրամատները, կացարանները, ականպատում, ականազերծում, բացում ճանապարհները’ զորքի անխափան երթը ապահովելու համար, մենք էինք վազում դիրքից դիրք, ջուր ու սնունդ հասցնում տղերքին:
Հպարտ եմ, որ ծառայել եմ Քարվաճառում ու ունեցել եմ նման հրամանատարներ…
ՀՀ ՊՆ N զորամասի ԻՍՎ-ի 1-ին ԻՍԴ-ի հրամանատարի տեղակալ’ ավ. ս-տ Մամուլյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանին էլ մեծ շնորհակալություն’ նման տեսահոլովակ պատրաստելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում