Թուրքիայի կրոնական ներկայացուցիչները հեռանում են Ղրիմից

Թուրքիայի կրոնական ներկայացուցիչները հեռանում են Ղրիմից

Ղրիմում Թուրքիայի կրոնական գործերով վարչության համակարգող Մեվլյութ Սեյհանը հայտարարել է, որ հեռանում է թերակղզուց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՈւՆՆ-ը’ հղում կատարելով Ղրիմի մահմեդականների հոգեւոր վարչության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ Մեվլյութ Սեյհանի հետ Ղրիմից հեռանում են գործնականում բոլոր թուրք կրոնական գործիչները, որոնք միսիոներական գործունեություն էին ծավալել թերակղզում:

Թուրք կրոնական գործիչը հայտնել է, որ իր հայրենիք վերադարձի վերաբերյալ որոշումն ընդունել է Թուրքիայի կրոնական գործերով նախարարությունը:

«Կրոնի թուրք դասախոսները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը Ղրիմում գրանցման հետ կապված բարդությունների պատճառով», -նշել է նա: Ներկայում Ղրիմում կրոնի 23 թուրք դասախոսներից մնացել են 5-ը, որոնք թերակղզում կմնան մինչեւ բնակության իրավունքի ժամկետի ավարտը:

Թուրքիայից իսլամի դասախոսները իրենց կրոնական առաքելությունն իրագործել են 1990-ականների սկզբից: Նրանք 5 տարի ժամկետով Ղրիմ էին ժամանում Ղրիմի կրոնական հարցերով վարչության հետ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում