ԱՄՆ վիզաների թողարկման հետ կապված կուտակումներն արդեն մեծապես կարգավորված են

ԱՄՆ վիզաների թողարկման հետ կապված կուտակումներն արդեն մեծապես կարգավորված են

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով մուտքի արտոնագրերի թողարկման հետ կապված կուտակումներն արդեն մեծապես կարգավորված են: «Աշխատանքներ են տարվում համակարգի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշվում է պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:

Շարունակվում է առաջնայնություն տալ ներգաղթային արտոնագրերին, որդեգրման գործերին և անհետաձգելի ուղևորությունների համար պահանջվող ոչ ներգաղթային արտոնագրերին: Այս գործերով ու մնացած բոլոր գործերով արտոնագրերը տպագրվում են, ուշացումներ հազվադեպ են լինում:

Հուլիսի 31-ից ԱՄՆ-ը դադարեցրել էր վիզաների տրամադրումը ողջ աշխարհում՝ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոյի անձնագրային և վիզաների համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով: Խնդիրը գլոբալ էր և հատուկ չէր որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի:

Ավելի վաղ դեսպանատնից նշել էին, որ հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկների վրա՝ հուլիսի 20-ին համակարգի աշխատանքի որակի բարելավման և նախկինում առաջացած կարճաժամկետ բնույթի խնդիրները շտկելու նպատակով թարմացվել է ծրագրային ապահովումը, որից հետո տվյալների բազայի աշխատանքի հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներ են առաջացել: «Պետքարտուղարությունն աշխատում է Օրակլի և Մայքրոսոֆթի հետ համակարգի փոփոխության միջոցով ֆունկցիոնալ օպտիմալացում իրականացնելու և առաջացած խնդիրները շտկելու ուղղությամբ»,- ասաել էին դեսպանատնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում