Ի դեմ նոր եզդիական պետության՝ ձեւավորենք Հայաստանի տարածաշրջանային նոր դաշնակցի
Նմանատիպ
Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եզդիների մշակույթը եւ կրոնը Միջագետքի եւ Հայկական բարձրավանդակի սահմանագծի վրա ձեւավորված հնագույն եւ արտառոց մի քաղաքակրթության ժառանգորդն է: Եզդիները հավատարիմ են մնացել իրենց նախնյաց հավատալիքներին եւ նրանց այս քաղաքակրթությանը հաղորդակից լինելը մեզ հնարավորություն կտա ավելի լավ ընկալել, պատկերացնել նաեւ մեր նախնիների աշխարհընկալումը: Այն ինչ այսօր տեղի է ունենում եզդիների հետ մեծ փորձություն է եւ մարտահրավեր ոչ միայն եզդի ժողովրդի, այլ նաեւ հայերիս համար:
Ի՞նչ անել:
Ես անչափ ուրախ եմ որ Հայաստանի եզդիները ունեն այսպիսի առաջադեմ եւ պատրաստված երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր վաղը արժանվույնս կարողանալու են ներկայացնել իրենց ժողովրդին մեզ բոլորիս պատկանող պետության՝ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն ատյաններում: Կարծում եմ քաղաքական-քարոզչական գործողություններից զատ Հայաստանի եւ Վրաստանի եզդիները պետք է կարողանան նաեւ կամավորական մարտական ջոկատներ կազմավորել եւ հասցնել Հյուսիսային Իրաք, ինչպես որ հայությունը դա արեց 25 տարի առաջ՝ պաշտպանելու համար Արցախի հայ ժողովրդին բնաջնջումից, եւ նույնն էր անում 1915 թ. եղեռնի օրերին: Ժամն է եզդի ժողովրդի մեջ իրենց Անդրանիկների եւ Նժդեհների ի հայտ գալու:
Իհարկե, իր ողջ պատմության ընթացքում չունենալով պետականության որեւէ ավանդույթ, եզդի ժողովրդի համար քաղաքական, այդ թվում՝ ռազմական ինքնակազմակերպումը շատ ավելի դժվար է տրվելու եւ այստեղ է, որ մենք նրանց պետք է օգնենք: Եզդիները որքան խաղաղասեր, այնքան էլ կռվող ժողովուրդ են: Ծառայությանս ընթացքում մեր վաշտում ծառայող եզդիները առանձնանում էին բարձր կատարողականությամբ, հակված էին կարգապահության, ինչը պետականաստեղծ կարեւոր հատկություններ են: Վստահ եմ, որ ռազմական եւ քաղաքական ինքնակազմակերպման հաջորդ քայլը լինելու է եզդիների հազարամյա բնօրրանում՝ Շանգալում եւ դրա շրջակայքում եզդիական պետական միավորման՝ ընդհուպ պետության ստեղծման խնդրի բյուրեղացումը եւ առաջադրումը: Եւ եթե քրդական պետականության աճող աստղի որոշ հատվածների հետ մենք ժամանակի ընթացքում դեռ ճշտելու խնդիրներ կունենանք, ապա եզդիների եւ նրանց հավանական պետության հետ մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Հակառակը՝ այդ պետությունը կարող է դառնալ Հայաստանի հավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում: Նման պետության ձեւավորմամբ հայտնի պատճառներով շահագրգռված են լինելու նաեւ տարածաշրջանային շատ երկրներ՝ Իրանը, Սիրիան, Հորդանանը, իսկ Իրաքի վերջնական փլուզման դեպքում՝ նաեւ Իրաքի շիաների ապագա պետությունը: Նման պետության գոյությամբ կարող են շահագրգռված լինել նաեւ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը: Պարզապես մինչ այդ եզդիները իրենք պետք է կարողանան դառնալ գործոն: Իսկ դրա համար նրանք պետք է զինվեն եւ կռվեն:
Ինչպես նշեցի, հայերիս համար այս իրավիճակը եւս փորձություն է: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաեւ Սփյուռքի հայկական կառույցներին, հայկական եկեղեցիներին: Կրավորական կեցվածքը ուղղակի հարվածում է մեր այսօրվա անվտանգությանը՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների մի մասի՝ եզդիների շրջանում լարված իրավիճակը, կապված իրենց ազգակիցների հանդեպ իրագործվող ցեղասպանության հետ: Մեր կրավորական կեցվածքը հարվածում է նաեւ տարածաշրջանում մեր ռազմավարական շահերին: Ճիշտ կեցվածքի եւ եռանդուն, պետական եւ համայն սփյուռքի մակարդակով իրականացվող օգնության եւ սատարման շնորհիվ մենք կարող ենք եւ պարտավոր ենք Հայաստանի ներկայիս եզդի քաղաքացիներին, ովքեր շատ ավելի են օտարված պետությունից, քան թե մյուս ազգերը (էլ չենք խոսում հայերի մասին) վերածել մեր ընդհանուր երկրի նվիրված եւ հավատարիմ քաղաքացիների: Իսկ Իրաքի հյուսիսում Հայաստանի մասին անգամ չլսած հարյուր հազարավոր եզդիներին եւ նրանց առաջնորդներին՝ ապացուցել, որ հանձինս Հայաստանի նրանք ունեն, գուցե առայժմ ոչ այնքան ուժեղ, բայց հավատարիմ դաշնակից: Այս բարդ եւ պայթյունավտանգ տարածաշրջանում անվտանգ հարատեւելու համար մենք պետք է կարողանանք ձեռք բերել նորանոր դաշնակիցներ՝ լինեն դրանք պետություններ թե էթնիկ խմբեր: Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները ցույց են տալիս, որ ոչ պատկերացում ունեն հայ ազգային հեռահար շահերի մասին, ոչ էլ աղերս ունեն դրանց հետ: Հայ Առաքելական եկեղեցու վերնախավն էլ հերթական անգամ ցույց է տալիս որ որեւէ աղերս չունի քրիստոնեական սիրո եւ կարեկցանքի հետ: Չեմ էլ կարող ասել, որ նրանց սերը «զարթնում է» միայն քրիստոնյաների տառապանքների դեպքում: Օֆշորաշատ այդ սերը ավելի հավանական է տարածվում է միայն ՀՀԿ ղեկավարության, Երեւանը եկեղեցախեղդ արած օլիգարխների եւ Հայաստանի Հանրապետությունը մեռելոցախեղդ արած վարչապետների վրա:
Հայկական բարձրավանդակի հարավը մի խաղաղասեր եւ եղբայրական ժողովրդի արյամբ է հեղեղվում իսկ Հայաստանից (պետական մակարդակով)՝ ոչ մի ծպտուն: Վարչապետն էլ ծիծաղելի մի «օգնության»՝ 50.000 դոլար խոստացավ, այն էլ «մոռացավ» տրամադրել եւ մեկնեց Արցախ:
Մի քանի խոսք էլ ուզում եմ ասել եզդի փախստականներին ընդունելու կապակցությամբ: Անգամ չեմ խոսի այն մասին, որ Հայաստանը միացել է այս ուղղությամբ ՄԱԿ-ի համապատասխան կոնվանցիաներին, թեեւ լավ հիշում եմ, թե ինչպես 2008թ. պետական մակարդակով ընդունեցինք վրացի փախստականների Հվ. Օսիայից եւ հարակից վրացական շրջաններից, յուրաքանչյուրին ապահովեցինք կացարանով եւ իրենց ապրուստը հոգալու համար անհրաժեշտ գումարով: Մեզանում որոշ վայ-հայրենասերների մոտ ընդհանրապես փոքր ազգի բարդույթ է արմատավորված, ըստ որի ցանկացած այլազգու մուտք Հայաստան դիտվում է որպես անմիջական սպառնալիք՝ անկախ ամեն բանից: Իսկ իշխանությունների համար Սյունիքի արոտավայրերը ավելի գերադասելի է վարձակալության տալ Իրանի ազերիներին, քան թե նույն հայաստանցիներին, այդ թվում՝ եզդի անասնապահներին: Ուրեմն այսպես. եթե այս իշխանությունները դեռ երկար են մնալու իրենց աթոռներին կառչած, այսինքն, դեռ շարունակվելու է արտագաղթը եւ երկրի հյուծումը, ապա Հայաստանը անմարդաբնակ անապատի չվերածելու համար վաղ թե ուշ ստիպված ենք լինելու աշխատուժ ներմուծել Հայաստան, այդ թվում՝ հատկապես ազատագրված տարածքներ: Ու քանի որ դժվար թե կապուտաչյա հազարավոր շվեդներ կարողանանք բերել նման մի երկիր՝ ուրեմն ընտրությունը մեծ չի լինելու. պարսիկներ (ավելի հավանական է՝ Իրանի ազերիներ), արաբներ, իսկ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի՝ նաեւ թուրքեր եւ քրդեր: Ես կարծում եմ այս շարքի մեջ Հս. Իրաքի եզդիները լավագույն լուծումն են լինելու: Իսկ եթե մոտ ապագայում արմատական իշխանափոխություն կարողանանք հաջողել եւ ոչ թե՝ կլանափոխություն ու երկրի ղեկավարման ղեկը անցնի իրապես ազգային եւ ժողովրդավար ուժերին, ապա վստահաբար, հայության ստեղծարար եռանդի վերածննդի շնորհիվ մենք կարճ ժամանակում կունենանք հայության Մեծ վերադարձ եւ արդեն այս տասնամյակի վերջին՝ 4, իսկ քսանականների կեսերին՝ 5 միլիոնանոց Հայաստան: Այն, ինչի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր նախընտրական ելույթներից մեկում: Իսկ այս դեպքում մեծ տարբերություն չի լինի, թե եզդիների թիվը Հայաստանում կլինի 50.000, ինչպես այսօր է, թե, ասենք, 100.000: Թե՞ վախենում եք, որ եզդիները կարող է ուզենան Շամիրամ գյուղով առանձնանալ ու Հայաստանից առանձին պետություն ստեղծել:
Ուրեմն պետք է Հայաստանի հեռահար շահերի հաշվարկմամբ սկսենք իրականացնել տարածաշրջանում ռազմավարական եւ ոչ թե կրավորական եւ կիսատ-պռատ արձագանքող քաղաքականություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում