Խորհուրդ եզդիական կազմակերպություներին ու ՀՀ կառավարությանը
Նմանատիպ
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իրաքում եզդիական հիմնախնդրի կապակցությամբ պետական մակարդակով Հայաստանի անելիքների մասին վերջին օրերի քննարկումներն, ըստ իս, պետք է բերել ռացիոնալ տիրույթ, որի արդյունքում ինքնըստինքյան դուրս կմնան շատ գեղեցիկ և ոգեշնչող, իսկ երբեմն նույնիսկ ականջ շոյող, բայց փաստացիորեն մեր երկրի հնարավորությունների սահմաններից դուրս կամ ըստ էության անիրականանալի առաջարկները:
Նաև սեփական գործունեության մասին չբարձրաձայնող Հայաստանի ազգությամբ հայ քաղաքացիների համեստ ջանքերի արդյունքում, որքանով տեղյակ եմ, մեր պետությունը պատրաստակամ է որոշակի դրամական և դիվանագիտական օժանդակություն տրամադրել ցեղասպանության աղետի մատնված իրաքյան եզդիներին:
Այս առումով խնդրին հետամուտ Հայաստանի եզդիական կազմակերպություններն, ըստ իս, պետք է հանդես գան հստակ մշակված ծրագրով, որը պետք նշված պատրաստակամության շրջանակներում ներառի արդյունավետ քայլերի իրատեսական առաջարկներ:
Բերեմ մի կոնկրետ օրինակ կապված եզդիների խնդրի ՄԱԿ-ում բարձրաձայնման պահանջի հետ: Ակնհայտ է, որ Երևանի հնարավորությունները միջազգային այդ հարթակում բավական սահմանափակ են, սակայն ենթադրենք, թե ներդնելով իր ողջ կարողությունները մեր երկիրը հասնի նման մի քննարկման կազմակերպմանը, ի՞նչ է դա տալու Սինջարի լեռներում հենց հիմա աղետալի իրավիճակում գտնվող եզդիներին: Արդյո՞ք ավելի արդյունավետ չէ՞ր լինի խոստացված դրամական և դիվանագիտական օժանդակության շրջանակներում դիտարկել, օրինակ, տեղահանված որոշ իրաքցի եզդի ընտանիքների տեղափոխությունը Հայաստան:
Պարսկական առածն ասում է՝ «մեծ քար վերցնելը չխփելու նշան է», կարծում եմ, հենց այս իմաստնության շրջանակներում էլ մեր հայրենակից եզդիները պետք է մոտենան այն «խորհրդատվությանը», որը նրանց տրամադրվում է շատ դեպքերում զուտ մի քանի ժամով եզդիագետ, իսկ որ ավելի վատ է, եզդիասեր դարձածների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում