Բաքվում վահաբական աղանդի հետեւորդը դանակահարել է ավտոբուսի երկու ուղեւորներին

Բաքվում վահաբական աղանդի հետեւորդը դանակահարել է ավտոբուսի երկու ուղեւորներին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ երեկոյան Բաքվի «Նեֆթչիլյար» մետրոյի կայարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել սալաֆիական (վահաբի) համայնքի ներկայացուցչի եւ երկու երիտասարդ մարդկանց միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով milli.az լրատվական կայքը, միջադեպի երեք մասնակիցները գտնվել են միեւնույն երթուղային ավտոբուսում: 24-ամյա Հիլալ Բեջանովը եւ 21-ամյա Հայալ Բայրամովը կրոնական թեմայով զրույցի ընթացքում անընդհատ կրկնել են «բիսմիլլահ» (հանուն Ալլահի) բառը: Դա դուր չի եկել վահաբական ուղեւորին եւ նա երիտսարդներից պահանջել է իջնել ավտոբուսից: Նրանց հետեւից իջել է նաեւ ինքը, անմիջապես դանակահարել երկուսին էլ եւ փախուստի դիմել:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Իրավապահները որոնում են հանցագործին:

Ադրբեջանում հաճախակի են դարձել իսլամիստ ծայրահեղականների’ սալաֆիների եւ չափավոր սունիների ու շիաների միջեւ բախումները:

Ադրբեջանական minval.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում վահաբիզմը գնալով երիտասարդության ավելի մեծ շրջանակներ է սկսել ընդգրկել: Ըստ կայքի’ սունի իսլամի այդ ծայրահեղ աղանդի հետեւորդների թիվն Ադրբեջանում անցնում է 50 հազարը: Նշվում է, որ վահաբիզմը երիտասարդ ադրբեջանցիների մեջ հանրամատչելիություն է ձեռք բերում ծանր տնտեսական պայմանների, գործազրկության, կյանքի բոլոր ոլորտները ներթափանցած կոռուպցիայի, Ադրբեջանի բնակչության ունեցվածքային շերտավորման պատճառով: «Եթե բնակչության հիմնական զանգվածը լյումպենացվում է, ապ? ? մյուս բեւեռում տեղի է ունեցել անցյալում չտեսնված նյութական միջոցների համակենտրոնացում»,- գրել էր կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում