«Ամենալավ խաղաղապահը ԼՂՀ պաշտպանության բանակն է, մեզանից լավ խաղաղապահ չի կարող լինել».Մովսես Հակոբյան

«Ամենալավ խաղաղապահը ԼՂՀ պաշտպանության բանակն է, մեզանից լավ խաղաղապահ չի կարող լինել».Մովսես Հակոբյան

Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարեց,  որ որպես պաշտպանության նախարար ամեն օր սպասում է պատերազմի՝ հավելելով, որ բանակը հենց դրա համար է, որ բանակի ամենօրյա գործունեությունն ուղղված է պատերազմին պատրաստ լինելուն: Արցախի ՊԲ-ի ղեկավարը վստահեցրեց, որ հայ զինվորը բարձր պատրաստվածություն ունի և պատերազմի վերսկսման դեպքում ամեն մեկն իր գործն է անելու:

Այս համատեքստում անդրադառնալով  վերջին զարգացումների ժամանակ ադրբեջանական կողմից առաջնագծում զինտեխնիկայի կուտակումներին, Մովսես Հակոբյանը նկատեց, որ այդ քայլով Ադրբեջանն ուղղակի շանտաժ է արել՝ փորձելով  հայկական կողմին վիրտուալ վախեցնել: Ասել է թե՝ փորձել է հավատացնել, թե հենց վաղը պատերազմ է սկսելու՝ ունենալով մեկ նպատակ, այն է՝ որպեսզի ՀՀ-ում, Արցախում  հայտարարվի մոբիլիզացիա և հասարակության մեջ խուճապ առաջանա:

«Այս դեպքում մեր տնտեսությունը մի երկու տարի հետ կընկներ: Մենք դրան շատ հստակ հետևել ենք, նրանք փորձել են հոգեբանորեն ազդել մեր և բանակի վրա: Կարծում եմ համոզվել եք, որ դա մեզ վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել: Այդ շանտաժը շատ կարճ է տևել, նրանք արդեն ամսի 5-ից հետ են քաշել բոլոր այդ ստորաբաժանումները, որոնք առաջին գիծ էին բերել: Պիտի ասեմ, որ մենք ինքներս հրետանային մի քանի ստորաբաժանում ենք հանել կրակային դիրք, նաև հակատանկային, տանկային ստորաբաժանումներ: Ինչու՞ են այս պահի դրությամբ նվազել կրակոցները, կարծում եմ հասկացել են, թե ինչ արժեք ունեն իրենց կրակոցները: Իմ կարծիքով՝ նրանք որոշակի եզրահանգումներ են անում և պիտի անեն: Այսպես միշտ է եղել, երբ իրավիճակը լարվում է, որոշակի ժամանակ հետո կրկին հանգստանում է:Սակայն սա մեզ չի հանգստացնում, մեր զինվորն առաջնագծում իր ծառայությունը շարունակում է իրականացնել այնպես, ինչպես արել է օգոստոսի 2-ին կամ 3-ին: Ցանկացած պահի հակառակորդը կարող է նորից սկսել»,-շեշտեց Մովսես Հակոբյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպման ֆոնին Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ խաղաղությունը սահմանին վերահաստատեցին զինվորները:

«Օգոստոսի 5-ից հարաբերական խաղաղությունն արդեն հաստատվել էր, այնպես չի, որ վերևից ցուցում է եղել»,- շեշտեց նա:

Մյուս կողմից, իհարկե, Արցախի պաշտպանության նախարարն ընդունում է, որ նախագահների եռակողմ հանդիպումն ամեն դեպքում հարաբերական խաղաղության պահպանման հարցում որոշակի ազդեցություն ունեցել է:

Ավելին, Մովսես Հակոբյանն ավելի ուշ նկատեց.

«Հպարտ եմ, որ մեր նախագահը հանդիպմանը գնացել էր «երկաթե շերեփով» և հպարտ եմ նրա համար, որ դա մեր զինվորների շնորհիվ էր»:

Ինչ վերաբերում է կորուստներին, հիշեցնենք, որ հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով հայկական կողմն ունեցել է 6, իսկ ադրբեջանականը 36 զոհ:

Սոչիի հանդիպմանը վերադառնալով Արցախի ՊԲ ղեկավարն ակնարկեց, որ ցանկացած մակարդակով բանակցություն պաշտպանության բանակի համար ընդունելի է:

Մովսես Հակոբյանը բարձր է գնահատում  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում համանախագահների առաքելությունն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Այլ հարց է, թե այդ ջանքերն ինչ արդյունք են տալիս և որքանով են հաշվի առնվում ադրբեջանական կողմից:

«Ամսի 2-ին Մարտունու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ կողմից դիտարկում եղավ, սակայն, դա մեզ ինչ է տվել, երբ հակառակորդն իմանալով, որ այդ օրը Մարտունու ուղղությամբ դիտարկում է լինելու, հարձակում է գործում Մարտակերտի ուղղությամբ: Իհարկե, այն ուղղությունները, որտեղ մենք պայմանավորվում ենք դիտարկում իրականացնելու  համար, այդտեղ կրակոցներ չեն լինում, բայց դրանք որևէ դրական ազդեցություն չեն թողնում, բացառությամբ այն բանի, որ կարողանում ենք Մինսկի խմբի համանախագող երկրներին ներկայացնել իրավիճակը և նրանք ամեն անգամ կողմերին կոչ են անում զերծ մնալ նման գործողություններից: Մինսկի խմբի համանախագող երկրները գնահատական տալու մանդատ չունեն, դա է պատճառը, որ նրանք գնահատականներ չեն տալիս: Մենք առաջարկել ենք, որ Մինսկի խմբի շրջանակներում հանձնաժողով ստեղծվի, որը գնահատական կտա և կհետաքննի միջադեպերը, բայց Ադրբեջանը հրաժարվել է դրանից»,-շարունակեց Մովսես Հակոբյանը:

Այստեղ  Times.am-ը հիշեցրեց, որ վերջերս Արցախի վարչապետը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Արցախի համար և, որ բանակցային սեղան վերադառնալուց հետո դրանց շուրջ քննարկում չեն իրականացնի: Իսկ, թե որքանով են ըստ Արցախի ՊԲ-ի ղեկավարի տեսանկյունից Մադրիդյան սկզբունքները ձեռնտու, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Վարչապետն իրավունք ունի հայտարարություն անել Մադրիդյան սկզբունքների անընդունելի լինելու վերաբերյալ, սակայն ես չունեմ: Արտաքին հարաբերություններով չեմ զբաղվում, ես անում եմ այն, ինչ դրված է բանակի առջև, իսկ մադրիդյան սկզբունքները, որքանով ես եմ տեղյակ Լեռնային Ղարաբաղին չեն էլ առաջարկվել»:

Մեր հաջորդ դիտարկմանը, թե վերջերս ակտիվացել են խոսակցությունները Արցախում խաղաղապահների տեղակայման առաջարկներն ու խոսակցությունները, Մովսես Հակոբյանն արձագանքեց.

 «Խաղաղապահների տեղակայման կարիք Լեռնային Ղարաբաղում չկա, քանի որ ամենալավ խաղաղապահը  ԼՂՀ պաշտպանության բանակն է, մեզանից լավ խաղաղապահ չի կարող լինել»:

Պատեհ առիթն օգտագործելով  Times.am-ը Արցախի ՊԲ հրամանատարից փորձեց պարզել, թե որքանով են հենակետերը ժամանակակից սարքավորումներով զինված, ինչին ի պատասխան Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ պաշտպանության բանակը քայլեր է ձեռնարկում  մարտական հենակետերի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ՝ առաջնագծում հակառակորդի տեղաշարժերն ավելի լավ և արագ նկատելու համար: 

Ըստ նրա՝ վերջին օրերին հակառակորդի ակտիվ գործողությունները պարտադրում են, որպեսզի այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացվեն արագացված տեմպերով:

«Բոլոր դիրքերում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում անվտանգ կրակ բացեն հակառակորդի ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պաշտպանվեն հակառակորդի խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներից: Վերջին տարիներին մենք բավական քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր ենք ձեռք բերել և այսօր առաջնագծում չկա դիրք, որ այդ սարքերից չունենա: Սակայն սա մեզ համար բավարար չէ: Մենք ցանկանում ենք գիշերային տեսանելիության սարքերը լրացնել նոր ջերմադիտարկման սարքերով, ինչը մեծ առավելություններ ունի, ուստիև մեծ հնարավորություններ կտա: Ավելին, մեր հայրենակիցներից մեկը, ում անունը չեմ ցանկանում տալ, ով խոշոր ընկերության տնօրեն է և կահավորում է պետական սահմանները, պատրաստակամություն է հայտնել աջակցել մեզ, մենք էլ հրավիրել ենք այստեղ, անձամբ եկել ու ծանոթացել է իրավիճակին առաջնագծում : Այս պահին նախագծման գործընթաց է գնում: Ինչ վերաբերում է ցերեկային ժամերին, ապա այս դեպքում առաջնագծում կանգնած զինվորները դիտարկման հետ կապված խնդիրներ չունեն:Կրկնում եմ՝ մենք որոշակի խնդիրներ ենք ունենում գիշերը, քանի որ հակառակորդն իր բոլոր գործողություններն իրականացնում է գիշերը, մթության քողի տակ, կարծում եմ այս տարի մենք այդ բացը կլրացնենք»,-մանրամասնեց Մովսես Հակոբյանը:

Անդրադառնալով  ՀՀ նախագահի հայտարարությանը բալիստիկ հրթիռների հետ կապված, Արցախի ՊԲ ղեկավարը նշեց, որ դրանցից նոր չէ, որ ունենք՝ 1988-ից, ավելի կոնկրետ՝ նախկին խորհրդային պետությունից մնացած հրթիռներ են:

«Դրանք նախկինում եղել են միջուկային հրթիռներ, հետագայում մարտագլուխները փոխվել են, սակայն դրանք շատ դիպուկ հրթիռներ են 300 կմ շառավիղ ունեցող: Իհարկե, սա բոլորը չէ, մենք ձեռք ենք բերել և շարունակելու ենք ձեռք բերել նոր սպառազինություն: Իրականում սպառազինվելը մեկ նպատակ ունի՝ հասնել նրան, որ պատերազմ չսկսվի, ուղղակի Ադրբեջանն իր հերթին փորձում է մեզ շանտաժի ենթարկել: Երբ պատերազմը սկսվեց ուժերի հարաբերակցությունը 1/20-ի էր, իսկ այսօր ½-ի: Մենք լավ սպառազինված ենք: Այն, ինչ Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, իհարկե, մեզ համար վատ է, սակայն վախեցնող չէ: Պատերազմի տարիներին էլ նրանք սպառազինվում էին, բայց մենք հաղթեցինք: Այնպես որ թող Ադրբեջանը շարունակի զենք գնել: Նրանք այդքան ինքնաթիռներ են ձեռք բերում, այդքան տանկ, սակայն գործածել չեն կարող, քանի որ նախ տարածքը որոշակի քանակությամբ սպառազինություն է պահանջում, երկրորդ՝ նրանք գործածելու կարողություն չունեն: Պատերազմը մեքենաների մրցավազք չէ, թե իմ Ջիպը քո Ջիպից լավն է, հարկավոր է ճիշտ մարտավարություն ունենալ: Սա արվեստ է, օպերատիվ արվեստ, որին պետք է տիրապետել: Եթե նրանց թվում է, որ սահմանին 1000 տանկ  ունենալով, կարող են ինչ-որ գործողություն իրականացնել, դա հնարավոր չի, մենք շատ փոքր թվով էլ կարող ենք նրանց վնասազերծել»:

Մարիամ Պետրոսյան

Երևան-Ստեփանակերտ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում