Աբխազիայում պատրաստվում են նախագահական ընտրություններին

Աբխազիայում պատրաստվում են նախագահական ընտրություններին

Աբխազիայում այսօր լռության օր է: Ոչ մի քարոզչություն, ոչ մի քննարկում ու քաղաքական ելույթ: Օգոստոսի 24-ին աբխազները 6-րդ անգամ երկրի ղեկավար կընտրեն: Թեկնածուները չորսն են’ անվտանգության ծառայության պետ Ասլան Բժանիան, Ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան, պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիան եւ ընդդիմության առաջնորդ պատգամավոր Ռաուլ Խաջիմբան: Ավելի քան մեկ ամիս նրանք ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն ու հանդիպումներ ունեցել բնակչության հետ:

Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրական է գնահատել քարոզարշավի ընթացքը’ փաստելով, որ օրենքի լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել: Մինչ նախագահական ընտրությունը Աբխազիայի նախագահի 4 թեկնածուները ստորագրել են համաձայնագիր երկրի քաղաքական համակարգի բարեփոխման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, համաձայնագրի ստորագրման նախաձեռնողը նախագահի պարտականություններն իրականացնող Վալերի Բգանբան է: Նրա խոսքերով’ այս համաձայնագրի նպատակն է ապահովել կայունություն, միավորել հասարակությունն ու ստեղծել պայմաններ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում բարեփոխումներ կատարելու համար:

Համաձայնագիրը ենթադրում է, որ նախագահական ընտրություններից հետո կառավարությունը կձեւավորվի կոալիցիայի սկզբունքով եւ նախապատվություն կտրվի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Ընտրություններից հետո կկայանան քննարկումներ, որոնց նպատակն է լինելու սահմանադրական բարեփոխումների ձեւաչափի մշակումը: Ձեւաչափը կենթադրի իշխանության լիազորությունների վերաբաշխումը: Սահմանդրական բարեփոխումներ նախատեսվում է իրականացնել նախագահական ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում