Ալիեւը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն. «Ազադլըգ»

Ալիեւը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն. «Ազադլըգ»

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումներն ու ելույթները որեւէ նորություն չպարունակեցին: Ալիեւը կրկնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, Աֆղանստանի բանակին պաշտպանական նպատակով մի քանի միլիոն եվրո փոխանցելու, Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղին եւ Բաքվում կառուցված ծովային նավահանգիստն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռները փոխադրելու «հնարավոր ձեռնտու միջանցք» լինելու մասին նախկինում արած իր հա յտարարությունները: Ալիեւն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին եւ նշեց, որ քանի որ ՆԱՏՕ-ն դեմ է սահմանների ռազմական ուժով փոփոխությանը, ապա պետք է այդ հակամարտության մեջ պաշտպանի Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ալիեւի ելույթին եւ սարկազմով հարցադրում կատարելով, թե «ՆԱՏՕ-ին եւս խավիար տրվու՞մ է», ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ Աֆղանստանի հետ կապված’ Ալիեւի փաստարկներին երկու օր առաջ պատասխանել է Freedom House կազմակերպության տնօրեն Դեւիդ Կրամերը, ով հայտնել է, որ չարաշահելով Աֆղանստանի հետ կապված այդ զրույցներն, Ալիեւը նպատակ է հետապնդում շեղել ԱՄՆ-ի ուշադրությունը մարդու իրավունքների նման կարեւոր հարցերից:

«Ավելին’ դա միայն Դեւիդ Կրամերի կարծիքը չէ: Գնալով Արեւմուտքում ավելի շատ մարդիկ են սկսում նկատել, որ Ալիեւի բանագնացները Եվրոպայում եւ Ամերիկայում խավիար բաժանելու հետ մեկտեղ’ Աֆղանստանի եւ դրա նման նախագծերում նրա կառավարության մասնակցության շարժառիթների միջեւ առանձնապես լուրջ տարբերություն չեն դնում: Այսինքն’ արդեն հօդս են ցնդել աֆղանական (մի քանի տարի առաջ էլ նաեւ Իրաքի) արշավի նման գործողություններում Ադրբեջանի մասնակցության Ալիեւի սեփական նախաձեռնություն կամ դաշնակիցների ռազմական հնարավորություններն ուժեղացնելու ն պատակով արված քայլ լինելու մասին համոզմունքները:

Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղին, ապա Իլհամ Ալիեւի կառավարման ձեւը Ադրբեջանի համար լուրջ ցեյտնոտի իրավիճակ է ստեղծել: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը մեկ անգամ եւս փաստեց այդ ծանր դրությունը: Հարցն այն է, որ նման հանդիպումները (նաեւ մեկ ամիս Սոչիում տեղի ունեցածը եւս) ծառայում են Իլհամ Ալիեւի «անհրաժեշտ» հռետորաբանությունը մեկընդմիշտ մոռանալուն, քանի որ տարածաշրջանում շահեր ունեցող հզոր ուժեր Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը դեմ են այստեղ ռազմական գործողո ւթյունների վերսկսմանը: Իլհամ Ալիեւի բարձրաձայնած հավասարակշիռ քաղաքականությունն առկա իրավիաճկն իր շահերի տեսակետից մեկնաբանելուց բացի, այլ բան չէ, եւ, փաստորեն, նման մի քաղաքականություն չկա էլ: Նրանից պահանջվածը հանգիստ նստելն է, ինչն էլ նա անում է»,- գրում է թերթը:

«Ազադլըգ»-ն անդրադառնում է մեկ հանգամանքի եւս’ այն մասին, որ Ալիեւի վարած բռնապետական ներքին քաղաքականությունը միջազգային հանրության մեջ այնպիսի կարծիք է ձեւավորել, որ Ղարաբաղի’ Ադրբեջանին միացնելու դեպքում այնտեղի բնակչությանը եւս նույն վտանգն է սպասում, քանի որ այդ քաղաքականությամբ Ալիեւը ցանկանում է հայերին վռնդել Ղարաբաղից եւ Ադրբեջանին միացնել դատարկ տարածքներ: Այսինքն, ներկա փուլում Ալիեւն այլեւս չի կարողանալու «անհրաժեշտ» հռետորաբանությունն օգտագործել անգամ ներքին լսարանի համար: Հնարավոր է, որ նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի լրատվական ցանցը ՆԱՏՕ-ում եւ Քերիի հետեւում Իլհամ Ալիեւի ինքնագոհ պահվածքը եւս մեկ ամիս շարունակի գովաբանել: Բայց իրական արդյունքները սրանից են կազմված»,- ամփոփում է «Ազադլըգ»-ը եւ ընդգծում, որ բոլոր այդ փաստերը խոսում են այն մասին, որ Ալիեւը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում