Կրեմլի սխալ քաղաքական հաշվարկները Արդբեջանի հետ հարաբերություններում և դուրս գալու ելքերը

Կրեմլի սխալ քաղաքական հաշվարկները Արդբեջանի հետ հարաբերություններում և դուրս գալու ելքերը

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում նկատելի է ակնհայտ հակառուսական շեշտադրումներով նյութերի ծավալի զգալի աճ, որտեղ հատուկ տեղ է հատկացվում նաև Ռուսաստանի նախագահի հասցեին երբեմն նույնիսկ ծաղրական հրապարակումներին:
Հաշվի առնելով այն, որ այս երկրի մամուլը գրեթե բացառապես ղեկավարվում և հրահանգավորվում է ալիևյան վարչակարգի կողմից, կարելի է եզրակացնել, որ հարևան երկրի բռնապետը փաստորեն որդեգրել է անթաքույց հակառուսական ուղեգիծ, ինչը վերջնականապես ցույց է տալիս, որ ռուսական քաղաքական վերնախավի մի հատվածի շրջանում տիրող պատրանքները, թե Ադրբեջանի հանդեպ կոմպլեմենտար մոտեցումները կարող են այս երկիրը վերադարձնել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր, բացարձակապես սին էին:

Ոչ միայն աչոք, այլ նաև մտոք կույր պետք է լինել չտեսնելու, որ մասնավորապես ռուսական զենքի և զինամթերքի վաճառքն ագրեսիվ հռետորաբանությունը և սպառնալիքները սեփական քաղաքական վարքագծի անկապտելի մաս դարձրած բռնապետին, ոչ միայն չեն մեղմել վերջինիս մոտեցումները, այլև նրան դարձրել են ավելի լկտի և անպարկեշտ՝ այդ թվում հենց Մոսկվայի հանդեպ, ուստի՝ նման քաղաքականություն ծրագրավորողները, հաշվի առնելով դրա լիակատար տապալումը, այսուհետ պետք է դուրս մղվեն ռուսական քաղաքական վերնախավից կամ առնվազն մարգինալացվեն:

Արհեստածին և տապալված պետական կազմավորումների վերաձևմանն ուղղված Ռուսաստանի դեռևս չբյուրեղացած քաղաքականությունը, որն արտահայտվում է Ուկրաինայի հանդեպ հիբրիդային տիպի պատերազմով և Ղազախստանի դեմ առայժմ միայն քարոզչական հարձակումով, կարող է վերջնականապես կայանալ Արևելյան Այսրկովկասում արդեն իսկ ծայր առած և նաև Հայաստանի ու Իրանի շահերից բխող տեղաբնիկ ժողովուրդների շարժումներին ռուսական աջակցությամբ:

Ընդ որում՝ գաղափարական հիմնավորումներն ի սկզբանե առկա են, քանզի ժամանակին այս տարածքները նվաճելով Իրանից, առաջին հերթին հենց Ռուսաստանն է ի վերջո պատասխանատվություն կրում անկախ իրենց կամքից թյուրքականության ջատագով Բաքվի բռնապետական վարչակարգի աննախադեպ ճնշումների տակ հայտնված թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների և այլ տեղաբնիկ ժողովուրդների ճակատագրի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում