ՀՀ ԱԳ նախարարը ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների հետ խաղաղության հույսեր է կապում

ՀՀ ԱԳ նախարարը ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների հետ խաղաղության հույսեր է կապում

Հայաստանը ողջունում է Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ու լիահույս է, որ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ սեպտեմբերի 8-ին, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ողջունում ենք կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ հույս ունենք, որ այն կյանքի կկոչվի: Դա բանակցային սեղանի շուրջ լուծումների որոնման համար ճանապարհ կբացի՝ ուղղված երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը»,- ընդգծեց Նալբանդյանը:

Պաշտոնական Կիեւը հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական գործողություններն ու պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել ուկրաինական ճգնաժամը: Մինչ այդ, Մինսկում կայացել է Ուկրաինայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունը’ ԵԱՀԿ-ի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում