Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպաններրի ձերբակալությունները

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպաններրի ձերբակալությունները

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների եւ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները: Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն Բեռլինում միջազգային համաժողովին մասնակցությունից հետո վերադարձին մի քանի ժամով ձերբակալվել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Այս մասին Թուրանին հայտնել է ինքը’ իրավապաշտպանը:

Նրա խոսքով’ սահմանապահները վերցրել են նրա անձնագիրը եւ պահել’ առանց որեւէ բացատրություն տալու: Հետո մաքսային կետում նրան խուզարկել են եւ դժգոհություն հայտնել, թե ինչու նա երկրից դուրս գալու ժամանակ չի հայտարարագրել իր մոտ եղած 1500 մանաթ փողը:

Միրվարի Գահրամանլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատություններով: Նա բազմիցս է հանդես եկել հոդվածներով, որոնցում մերկացրել է ադրբեջանական կառավարության կոռուպցիոն գործունեությունը:

Ավելի վաղ ադրբեջանական դատախազությունը փորձել էր ձերբակալել նրա դստերը’ Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովային, ում մի քանի անգամ հարցաքննության են ենթարկել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով:

Մաթանաթ Ազիզովան փախել է Ադրբեջանից’ վախենալով կալանավորումից: Նրա տանը խուզարկություն է անցկացվել, առգրավվել են փաստաթղթեր, տեխնիկական սարքավորումներ: Նրա ամուսնուն եւ որդուն թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանից, ովքեր մեկնում էին տեսակցելու Մաթանաթի հետ:

Քաղաքական վերլուծաբանները վերջին շրջանում Ադրբեջանում իշխանությունների կողմից հասարակական ակտիվիստների եւ իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները բացատրում են եկող տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերով: Ադրբեջանի իշխանությունները երկյուղում են, որ այս անգամ եւս կարող են կրկնվել Բաքվում անցկացված «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ ավտորիտար կառավարության դեմ ակտիվիստների բողոքի ցույցերը, այդ պատճառով էլ այժմվանից մեկուսացնում են իրավապաշտպաններին, որպեսզի հասարակությանը զրկեն ընդդիմադիր զանգվածի առաջ նորդներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում