Թուրքիայում զարմացած են. TANAP նախագիծը կարժենա 12 մլրդ դոլար

Թուրքիայում զարմացած են. TANAP նախագիծը կարժենա 12 մլրդ դոլար

Թուրքիայում զարմանք է առաջացրել Անդրանատոլիական գազատարի (TANAP) շինարարության նախագծի 12 մլրդ դոլար արժենալու մասին փաստը: Ադրբեջանական գազը Թուրքիա և եվրոպական երկրներ փոխադրելու համար նախատեսված գազատարի այդչափ թանկ արժենալու փաստի հետ կապված զարմանք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթը’ նշելով, որ Թուրքիայի խորհրդարանն արդեն հաստատել է գազատարի վերջնական նախագիծը:

800 կմ երկարությամբ գազատարով նախատեսվում է ադրբեջանական «Շահդենիզ-2» հանքահորից տարեկան 16 մլրդ խոր.մ գազ փոխադրել Թուրքիա, որի 6 մլրդ խոր.մ մասը նախատեսված է Թուրքիայի ներքին պահանջարկի բավարարման, իսկ մնացած մասը’ Եվրոպայի սահմաններ հասցնելու համար:

Թերթը գրում է, որ TANAP նախագիծն այնպես է հաշվարկված, որ թուրքական պետական BOTASH ընկերությունը, որը պետք է զբաղվի Թուրքիայի տարածքում գազի փոխադրման հարցերով, այն փոխադրելու իրավունքի համար ստիպված է լինելու միջին հաշվով TANAP-ից գնած յուրաքանչյուր 1000 խոր.մ գազի դիմաց վճարել 90 դոլար, ինչը «աստղաբաշխական» թիվ է:

Փորձագետների համոզմամբ’ ադրբեջանական գազը Թուրքիայի համար հանդիսանալու է ամենաթանկ գազը: Ըստ հաշվարկների’ Թուրքիայի գնելիք գազի գինը հազար խոր.մ-ի դիմաց գերազանցելու է 400 դոլարը: Նրանք գտնում են, որ եթե Թուրքիայի տարածքում գազի փոխադրման համար Ադրբեջանի փոխարեն ներդրումները կատարեր BOTASH-ը, ապա յուրաքանչյուր 1000 խոր.մ-ի համար փոխադրման ծախսը չէր գերազանցի 13 դոլարը:

Այդուհանդերձ, BOTASH-ն ստիպված կլինի TANAP-ում ներդնել 3,6 մլրդ դոլար, քանի որ թուրքական կողմը պարտավորվել է ֆինանսավորել նախագծի ընդհանուր արժեքի 30 տոկոսը:

Թերթը գրում է, որ թեեւ BOTASH-ը փորձել է նվազեցնել TANAP-ի փոխադրման վճարը, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նախագծի վրա ամենամեծ ներդրումն ինքն է կատարում եւ նախատեսել է ներդրումների մի մասը վերադարձնել փոխադրման վճարի հաշվին:

Թուրք մասնագետները գտնում են, որ միանգամայն անհասկանալի եւ անընդունելի է TANAP-ի’ 12 մլրդ դոլար արժենալու փաստը, քանի որ գազատարի համար խողովակները գնվելու են Թուրքիայից, աշխատուժը լինելու են տեղացիները: Սակայն, այլ փորձագետների կարծիքով’ TANAP-ի նման ռազմավարական նախագծերին պետք է նայել ոչ միայն տնտեսական տեսակետից:

«2018 թվականից սկսած Թուրքիան այլեւս այլ գազ չի կարող երկիր բերել: Իսկ Թուրքիան լրացուցիչ գազի պահանջ ունի», -ասել են նրանք’ նշելով, որ Թուրքիան ստիպված է եղել նման զիջումների գնալ Ադրբեջանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում