Թուրք բուժքույրը հաստատում է իսլամիստ ահաբեկիչների բուժում անցնելը Թուրքիայում

Թուրք բուժքույրը հաստատում է իսլամիստ ահաբեկիչների բուժում անցնելը Թուրքիայում

Մենք նրանց բուժում ենք, առողջանալուց հետո նրանք կրկին գնում են մարդկանց գլուխներ կտրելու: Ես արդեն հոգնել եմ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին բուժելուց: Այս սենսացիոն հայտարարությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, արել է Թուրքիայի Մերսինի նահանգի մասնավոր հիվանդանոցներից մեկի մի բուժքույր:

Անունը հրապարակել չցանկացած թուրք բուժքույրը թերթի թղթակից Հուսեին Օզայի հետ զրույցում հայտնել է, որ զզվել է Սիրիայից եւ Իրաքից եկած ԻԼԻՊ-ի անդամներին հիվանդանոցում խնամելուց:

Թուրք բուժքույրը անանուն նամակ է գրել Թուրքիայի խորհրդարան եւ ոստիկանություն, որում ասվում է. «Ես բուժքույր եմ: Երկար ժամանակ է, ինչ Սիրիայում կռվող վիրավորները բուժվում են մեր հիվանդանոցում: Օրերս իմացա, որ նրանք ԻԼԻՊ-ի անդամ ահաբեկիչներ են: Այն դեպքում, երբ մեր մարդիկ պատանդ են պահվում նրանց ձեռքում, նրանք գալիս այստեղ բուժվում են»:

Բուժքույրը նշել է, որ օգոստոսին իրենց հիվանդանոցում բուժվել է նաեւ ԻԼԻՊ-ի մի հրամանատար:

«Օգոստոսի 7-ին ԻԼԻՊ-ի’ Մուհամեդ Ալի անունով հրամանատարը տեղավորվել եւ բուժվել է թիվ 323 հիվանդասենյակում: Նրա թիկնապահները հիվանդանոցում պահպանում էին նրան: Բուժվելուց հետո նրանք կրկին վերադարձել են մարտերի: Դուք պետք է հետաքննեք այս հարցը», – թուրք խորհրդարանականներին եւ ոստիկանությանը հղած նամակում գրել է բուժքույրը:

Միջազգային ԶԼՄ-ները բազմաթիվ անգամ հայտնել այն մասին, որ Թուրքիան թիկունքային եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԻԼԻՊ-ին, Թուրքիայի տարածքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին վարժելու կենտրոններ են գործում, աշխարհի տարբեր ծայրերից ԻԼԻՊ-ին միանալու համար ջիհադականները Սիրիա եւ Իրաք են մեկնում Թուրքիայի տարածքով: Նշվել է նաեւ, որ Թուրքիան զենք եւ սպառազինություն է մատակարարում ԻԼԻՊ-ին:

ԻԼԻՊ-ը Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային զավթած շրջաններում «Իսլամական պետություն’ խալիֆայություն» է հռչակել: Թուրք ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ԻԼԻՊ-ը չի սպառնում Թուրքիային: Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է միանալ ԱՄՆ-ի գլխավորությամբ 40 երկրների մասնակցությամբ ԻԼԻՊ-ի դեմ կազմավորվող ռազմական կոալիցիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում