Հասմիկ Միքայելյան. Հայաստանում դժվար է սպորտով առաջ ընթանալ
Նմանատիպ
allSport.am_-ի զրուցակիցը Երևանի «Հատիսի» բասկետբոլիստուհի Հասմիկ Միքայելյանն է:
-Հասմի´կ, ինչի՞ց սկսվեց քո բասկետբոլային կյանքը:
-5-րդ դասարանում էի, ֆիզկուլտուրայիս ուսուցչուհին, ով հետագայում դարձավ մարզիչս, դասերին հրավիրեց իր խմբակ, որը գտնվում էր «Գրանդ» ակումբում: Ես միանգամից համաձայնեցի և 2000 թվականից մինչ այսօր զբաղվում եմ բասկետբոլով:
-Իսկ տանը դեմ չեղա՞ն նման որոշմանդ:
-Հայրս և մայրս սիրում են սպորտ: Մայրս մոտ 4 տարի զբաղվել է բասկետբոլով: Այնպես որ, բնավ դեմ չեղան, միայն աջակցեցին:
-Ավելի մեծ տարիքում երբևէ չես երկմտել’ գուցե հայաստանյան պայմաններում չարժե՞ր նման մասնագիտություն ընտրել:
-Անխոս, դժվար է Հայաստանում սպորտով առաջընթաց ունենալ: Դա կապված է ֆինանսի հետ, նաև քիչ են ակումբները, բայց այնպես չի եղել, որ մտածեմ այլևս չզբաղվել սպորտով:
-Ըստ քեզ ի՞նչն է խոչընդոտում, որ ավելի մեծ թվով հայ աղջիկներ զբաղվեն բասկետբոլով:
-Հայկական մտածելակերպ է. գալիս է ամուսնության տարիքը կամ ընկերը թույլ չի տալիս զբաղվել սպորտով: Բացի այդ մեզ մոտ գոյությունը պահպանելու համար մարզիկը սկսում է այլ աշխատանքով զբաղվել և թողնում է սպորտը:
-Կարծում եմ’ եղած կլինեն այնպիսի դեպքեր, երբ ասել են’ «բասկետբոլը աղջկա բան չի, չարժե զբաղվել այս մարզաձևով»: Ինչպե՞ս ես վերաբերում նման արտահայտություններին:
-Նման արտահայտություններ մինչև օրս էլ լինում են: Ամեն մարդ անում է այն, ինչ ցանկանում է: Ես սիրում եմ այս սպորտաձևը և պարզապես ծիծաղում եմ նման արտահայտությունների վրա:
-Հասմի´կ, մեր հեռուսատընկերությունները բասկետբոլի մրցաշարեր, կարելի է ասել, միայն Օլմիպիական խաղերի ժամանակ են ցուցադրում, և առհասարակ լրատվամիջոցները քիչ են անդրադառնում մարզաձևում տեղի ունեցող իրադարձություններին: Ինքդ տեղեկատվության պակաս զգու՞մ ես:
-Երբ երկրում ինչ-որ բան այնքան էլ զարգացած չի լինում, լրատվամիջոցները չեն ձգտում դա լուսաբանել: Սակայն ես վստահաբար կարող եմ ասել’ Հայաստանում սիրում են բասկետբոլ. վառ օրինակ’ «Հատիսի» հաջողությունների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Ինքս համացանցով եմ հետևում միջազգային մրցաշարերին և նորություններին:
-«Հատիսի» հաջողությունները Հայաստանում իսկական բում առաջացրին, բայց պարտություններից հետո կրկին լռություն…հասարակության և մամուլի նման պահվածքին դու և թիմակիցներդ ինչպե՞ս վերաբերվեցիք:
-Մինչ մեր թիմի հաջողությունները, Հայաստանում բասկետբոլային ակումբները Եվրոգավաթներին չէին մասնակցել: Այդ իսկ պատճառով էլ, իրոք, բում եղավ: Հետո, բնականաբար, տխրեցինք և փոքր ինչ վիրավորված էինք. պետք չէ հիշել միայն հաղթանակների ժամանակ:
-Արդեն «Հատիսի» միջազգային հանդիպումներից հետո առաջացավ մարզավիճակ պահելու խնդիր. ինքդ ինչպե՞ս լուծեցիր այդ խնդիրը:
-Մի քանի թիմակիցներիս հետ առաջարկ ստացա խաղալ Վրաստանի առաջնությունում: Այնտեղ մասնակեցինք առաջնությանը, իսկ դրանից հետո առաջարկ ստացա Իրանից. մի քանի ամիս մասնակցեցի Իրանի առաջնությունը, հետո կրկին վերադարձա:
-Հետաքիքիր է’ Իրանում ինչպե՞ս են վերաբերում այս մարզաձևին:
-Այնտեղ յուրաքանչյուր լիգայում կա 20-ից ավելի թիմ: Ոչ բոլոր թիմերում, բայց թիմեր կան, որ ունեն նույնիսկ արտասահմանցի շատ հայտնի խաղացողներ’ Սերբիայից, Խորվաթիայից:
– Իսկ Իրանում խաղալը կարիերայիդ վրա ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ:
-Ոչ մի վնաս չեղավ (ժպտում է-հեղ.): Պարզապես աշխատեցի պահպանել այն, ինչ ձեռք եմ բերել, որպեսզի հետագայում «Հատիսի»’ Եվրոգավաթներում հանդես գալու ժամանակ պատրաստ լինեմ, քանի որ դժվար է խաղալ եվրոպացի կամ ամերիկացի խաղացողների հետ:
-«Հատիսի» հաջողությունների ժամանակ թիմում մեծամասամբ հենց օտարերկրացի բասկետբոլիստուհիներ էին. հայուհիների համար դժվա՞ր չէր նստել պահեստայինների նստարանին:
-Կապ չունի’ դրսից է խաղացողը, թե ներսից: Թիմը թիմ է’ կազմված 12 հոգուց և մարզիչներից: Եթե թիմը հաջողության է հասնում, բոլորի հաջողությունն է: Հնարավոր է’ ինչ-որ մեկը լավ խաղա, ինչ-որ մեկը թերանա: Ընդհանրապես այդպիսի խնդիր չի եղել, և բոլորս շատ ուրախ ենք եղել թիմի հաղթանակների համար’ թեկուզ պահեստայինների նստարանին:
– Արտասահմանում բասկետբոլիստուհիներն իրենց թիմերում այնպիսի վարձատրություն են ստանում, որ երկրորդ աշխատանքի կարիք պարզապես չի լինում, իսկ Հայաստանու՞մ:
-Անկեղծ ասած, ինքս ժամանակ էլ չունեմ, որ մտածեմ այդ մասին: Եթե ինչ-որ գործով ես զբաղվում, պետք է լավ անես, կենտրոնանաս դրա վրա: Երբ կողքից մի քանի բան անես, կթերանաս: Տեղի բասկետբոլը համեմատելու չէ արտասահմանյանի հետ:
-Այսինքն, Հասմիկ Միքայելյանը Հայաստանում ամեն դեպքում կգերադասի բասկետբոլիստուհու կարիերան:
-Միանշանակ: Որքան կարողանամ խաղալ բասկետբոլ, այդքան էլ կգերադասեմ:
-Սպորտը առավելագույն զբաղվածություն և հագեցած օրեր է ենթադրում: Անձականի կյանքի համար բասկետբոլը ժամանակ թողնու՞մ է:
-Եթե ամեն ինչ ծրագրված ես անում, ժամանակը բավարարում է: Ճիշտ է, անհրաժեշտ է շատ մարզվել, սակայն ինքս անձնական կյանքիս համար ժամանակ կարողանում եմ ստեղծել:
Զրուցեց Գայանե Աբասյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում