Ալֆրեդո Դի Ստեֆանո. «Ռեալն» ամբողջ կյանքիս սերն է

Ալֆրեդո Դի Ստեֆանո. «Ռեալն» ամբողջ կյանքիս սերն է

«Ռեալի» պատվավոր նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոն պատասխանել է իսպանական MARCA-ի ընթերցողների հարցերին: Զրույցն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

-Պարոն Ալֆրեդո, ի՞նչ եք կարծում, եթե հիմա «Ռեալի» նախագահը լիներ Սանտյագո Բերնաբեուն, կհրավիր՞եր Մոուրինյոյին ակումբը մարզելու:

-Մոուրինյոն շատ բարդ աշխատանք է կատարում: Նրան անհրաժեշտ է օգնել: Հիմա բոլորը պետք է համախմբվեն, այլ ոչ թե մեղավորներ փնտրեն: Առջևում ժամանակ կա և ամեն ինչ կարելի է բարելավել:

-Ժամանակակից ֆուտբոլիստներից ո՞վ է ձեզ ձեր երիտասարդությունը հիշեցնում:

-Ոչ ոք: Բոլոր խաղացողները տարբեր են: Որևէ մեկն ինձ նման չէ:

-Ձեր կարծիքով ո՞վ է այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

-Կարծում եմ’ այնքան էլ կոռեկտ հարց չէ: Ֆուտբոլը թիմային խաղ է: Բոլոր ֆուտբոլիստները թիմում են խաղում: Դրա համար էլ կարծում եմ, որ անհատական տիտղոսները երկրորդական են: Ոչ մի ֆուտբոլիստ այնքան արժեք չունի, որքան լավ թիմը:

-Ձեր սերնդի ֆուտբոլիստներից ո՞վ կկարողանար այսօր արդյունավետ խաղալ:

-Կարծում եմ’ որոշ ֆուտբոլիստներ կկարողանային ժամանակակից ֆուտբոլը խաղալ: Օրինակ’ Ֆրանսիսկո Խենտոն:

-Ի՞նչ եք կարծում, Արգենտինայի հավաքականը 2014թ. Աշխարհի առաջնությանը կկարողանա հաղթանակ տանել: Եվ ի՞նչ եք մտածում Գերմանիայի հավաքականի մասին:

-Ես շատ եմ ցանկանում, որ Արգենտինայի հավաքականը վերջապես նորից խոշոր հաղթանակ տանի: Հուսով եմ, որ Բրազիլիայում նա ցույց կտա իր կարողությունները: Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականին, ապա նրանք շատ ուժեղ թիմ են և իրենց տրամադրության տակ թեև երիտասարդ, բայց ուժեղ ֆուտբոլիստներ ունեն:

-Մեծ հաղթանակների հասնելու համար ի՞նչը չի բավականացնում Արգենտինային:

-Արգենտինայի խնդիրը հոգեբանական է: Թիմին անհրաժեշտ է հաղթողի հոգեբանություն ձեռք բերել: Ֆուտբոլիստների խաղամակարդակի հարցն անվիճելի է:

-Կարո՞ղ էր Լեո Մեսսին նույն թիմում խաղալ Ռայմոն Կոպի, Ֆրանսիսկո Հենոյի և Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետ:

-Իհարկե, կարող էր: Երջանիկ կլինեի նման խաղընկեր ունենալու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք «Ռեալի» այժմյան բարդ դրությունը:

-Ամեն ինչ շատ պարզ է: Հիմա թիմը պետք է երկու կոչման համար պայքարի: Զգացողություն ունեմ, որ այս տարի կկարողանանք Չեմպիոնների գավաթը նվաճել:

-Ալֆրեդո Դի Ստեֆանո, Պելե, Զիկո, Միշել Պլատինի, Ռոբերտո Ռիվելինո, Ֆրանս Բեկենբաուեր, Դիեգո Մարադոնա, Լեոնե Մեսսի, ո՞ւմ եք համարում լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ:

-Երբ ինձ նման հարց են տալիս, միշտ հինգ անուն եմ եմ տալիս. Խուան Կարլոս Մունյես, Խոսե Մանուել Մորենո, Ադոլֆո Պեդերներա, Անխել Լաբուրնա և Ֆելիքս Լոուստաու:

-Ո՞րն է «Ռեալի» կազմում ձեր նվաճած ամենաարժեքավոր մրցանակը:

-Եվրոպայի չեմպիոնի 5 գավաթները:

-Ի՞նչ պետք է անեն մարզիչն ու ֆուտբոլիստներն առաջնությունում վատ իրավիճակից դուրս գալու համար:

-«Ռեալը» պետք է աշխատի հաղթել բոլոր խաղերում: Միայն այդպես կարելի է հաջողության հասնել: Խաղացողները գիտեն դա, ու ես հավատում եմ նրանց:

-Ձեր խփած գնդակներից ո՞րն եք ամենագեղեցիկը համարում:

-«Վալյադոլիդի» դարպասը գարշապարովս խփած գնդակը:

-Ի՞նչ է ձեզ համար «Ռեալ Մադրիդը»:

-Ամբողջ կյանքիս սերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում