Ռաուլ. Հավերժ մադրիդցին
Նմանատիպ
Երբ Ռաուլը երազում էր մեծանալ ու խաղալ «Ատլետիկոյում»
Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ. հունիսի 27-ին Մադրիդում: Մանուկ հասակում Ռաուլը փոքրամարմին էր, նիհար: Չնայած նրան, որ տղան հիանալի էր խաղում, քաշի պատճառով նրան ֆուտբոլի չէին ընդունում: Ուստի փոքրիկը երազում էր որքան հնարավոր է արագ մեծանալ ու խաղալ Մադրիդի «Ատլետիկոյում»: Նրա երազանքն իրականություն դարձավ 13 տարեկանում, երբ հրավիրվեց ակումբի դպրոցում սովորելու: Ռաուլն այնտեղ մնաց ընդամենը երկու տարի, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցի ղեկավարությունը դադարեցրեց գործունեությունը: Այդ նույն տարում Ռաուլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որը հետագայում դառնալու էր իր հարազատ տունը: 1994-ին արդեն նա խաղում էր ակումբի երրորդ թիմում: Այդ տարի 7 խաղում իսպանացին կարողացավ 16 գոլի հեղինակ դառնալ: Դրանից հետո նա խաղաց «Ռեալ Մադրիդ Բ» -ում և որոշ ժամանակ անց սկսեց հանդես գալ ակումբի հիմնական թիմում:
Ռաուլը տանն է’ Մադրիդի «Ռեալում»
«Ռեալում» առաջին խաղը «Սարագոսայի» դեմ էր: Մեկնարկային րոպեներից Ռաուլը փայլում էր մրցակցի տուգանային հրապարակում, արժանանում երկրպագուների ծափահարություններին: Հետզհետե նա ավելի ու ավելի զարմացրեց «Ռեալի» քմահաճ երկրպագուներին’ արժանանալով նրանց վստահությանը: 10 տարիների ընթացքում Ռաուլը դարձավ թիմի ավագը, խորհրդանիշը, երկրպագուների կուռքը, և բնականաբար մի շարք տիտողոսներ նվաճեց: Բայց փառքի ուղին Մադրիդյան ակումբում ավարտվեց…շատերը դա կապում էին Ժոզե Մոուրինյոյի անվան հետ, ոմանք ներքին հակասություններ էին փնտրում, իսկ Ռաուլն իրեն հատուկ ֆուտբոլային համեստությամբ ասաց’ «Ես պետք է հեռանամ…»
««Ռեալն» իմ ակումբն է. Ես միշտ մադրիդցի կմնամ»
«Ռեալում» անցկացրած տարիներս հիանալի անցան: Այն իմ ակումբն է, ու ես միշտ մադրիդցի կմնամ: Ակումբը փոխեց կյանքս, բայց եկավ ժամանակն, ու ես պետք է հեռանամ: Ավագի թևկապը կրելն այսպիսի թիմում միանշանակ մեծ պատիվ է, բայց ես այլ բան եմ փնտրում: Ես կարող եմ նաև մնալ, բայց այդ դեպքում հաճույք չեմ ստանա ֆուտբոլից»,- ասաց մադրիդցին և 2010թ. հուլիսի 27-ին տեղափոխվեց գերմանական «Շալկե 04»:
Գերմանական ակումբում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո 2012-ի մայիսի 13-ին Ռաուլը տեղափոխվեց «Ալ-Սաադդ»:
Իսպանիայի հավաքական: Իր նորամուտը ազգային հավաքականում Ռաուլը նշել է 1996-ի հոկտեմբերի 9-ին’ Չեխիայի դեմ խաղում (0:0): 1998-ի Աշխարհի առաջնության ժամանակ հավաքականը խմբում ընդամենը երրորդն էր: Իսկ 2002-ին նրանք արդեն 1/4 եզրափակչում էին և ամբողջ առաջնության ընթացքում Ռաուլն ընդամենը 3 գոլի հեղինակ դարձավ: 2006-ի նույն առաջնությանը իսպանացիները հասան 1/8 եզրափակչ, Ռաուլն էլ աչքի ընկավ միայն 1 գոլով:
Հավելում’ 1999-ին Ռաուլն ամուսնացավ նախկին ֆոտոմոդել Մամեն Սանսի հետ: Գոլեր խփելիս 5 երեխաների հայրը համբուրում է ամուսնական մատանին:
Ռաուլն այսօր էլ անկախ ամեն ինչից համարվում է երկրագնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, ում խաղի որակով ու ոճով հիանում են անգամ Մադրիդի ակումբի հավերժ հակառակորդ կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում