Վարդան Մինասյան. Թիմերի հնարավորությունները 50-50 եմ գնահատում

Վարդան Մինասյան. Թիմերի հնարավորությունները 50-50 եմ գնահատում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր մամուլի ասուլիս տվեց, որը նվիրված էր 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպմանը:

«Այս պահին արդեն պարզ են մեկնարկային կազմի 10 խաղացողների անուններ: Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա նա միայն երեք օր է մարզվել, ու նրա մասնակցությունը հարցականի տակ է: Իսկ եթե նա, այդուհանդերձ, չհասցնի վերականգնվել, ապա կխաղա Մանուչարյանը»,-ասաց Վարդան Մինասյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղի մասին խոսելիս մարզիչը նշեց.

«Երիտասարդականի հետ ընկերական հանդիպումը ինձ չբավարարեց: Նրանք ենթագիտակցորեն գիտակցում էին, որ երիտասարդականի հետ են խաղում, իսկ այդպիսի խաղով լավ արդյունքի չենք հասնի չեխերի դեմ»:

Վարդան Մինասյանը հրաժարվեց որևէ մեկին ֆավորիտի կարգավիճակ տալ` հաղթանակի հասնելու համար երկու հավաքականներն էլ հավասար հնարավորություններ ունեն.

«Ճիշտ է, չեխերը վերջին խաղում պարտություն կրեցին, սակայն դա մեր նախապատրաստության վրա չի անդրադառնում: Բացի այդ, ճիշտ է, դա ծանր հարված էր նրանց համար, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են ու կկարողանան դուրս գալ այդ վիճակից:

Թիմերի հնարավորությունները 50-50 եմ գնահատում: Եվրո-2012-ից սկսած հետևել եմ Չեխիայի բոլոր հանդիպումներին: Նրանց խաղում գրեթե փոփոխություններ չկան ու նույն ոճով են խաղում: Ինձ համար անակնկալ էր նրանց’ 0-3 հաշվով պարտությունը Դանիայից: Խաղը հավասար էր, սակայն դանիացիները առաջինը հաջողության հասան ու դա վճռորոշ եղավ:

Նրանց առաջատարները, անկասկած, Չեխն ու Ռոսիցկին են: Իսկ մեր պաշտպանության կենտրոնում Ռոբերտ Արզումանյանի հետ կխաղա.. Հարոյանը, Խաչատուրովը կամ Ոսկանյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում