5 մեդալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Նմանատիպ
Մեդալների հարուստ ավարով Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հայրենիք վերադարձան մեր պատվիրակները :
Ինչպես հայտնի է. ազատ ոճայինների պայքարում չեմպիոնի պատվին արժանացավ Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /: Հուսախաբ չարեց նաև նրա թիմակից Մուսա Մուրթազալիևը / 84 կգ /: Նա իր հաշվին հաղթանակներ գրանցելով նույնպես մտավ եզրափակիչ, որտեղ միավորներով զիջեց մրցակցին, գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:
Արայիկ Բաղդատյանի ղեկավարած Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը:
Մեդալների հաշվարկով լավագույն եռյակը եզրափակեց օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի թիմը, որի հաշվին գրանցվեց երեք մեդալ:
Անպարտելի ըմբիշի տպավորություն ստեղծեց գյումրեցի Արթուր Ալեքսանյանը / 94 կգ /: Նա չափազանց վստահ մրցելույթներ ունեցավ, տպավորիչ հաղթանակներ տարավ իր բոլոր հինգ մրցակիցների նկատմամբ, գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով և երկրորդ տարին անըդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Պատվո պատվանդանի ,, բրոնզե ,, աստիճանին կանգնեցին Արթուր Շահինյանը / 84 կգ / և գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեդալակիրներին , նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիային, մարզասերներին: Ուզում ենք հավատալ, որ հայ ըմբիշները կշարունակեն նպատակային մարզումները ու հաջողության կհասնեն նաև սեպտեմբերի 16 – 22 –ը Բուդապեշտում անցկացվելիք աշխարհի առաջնությունում:
Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում