Ռուբեն Հայրապետյան.1-2 ֆուտբոլիստներ իրենց «ցիրկի կլոունի» պես պահեցին, բայց Մխիթարյանը նման բան ասելու իրավունք չուներ

Ռուբեն Հայրապետյան.1-2 ֆուտբոլիստներ իրենց «ցիրկի կլոունի» պես պահեցին, բայց Մխիթարյանը նման բան ասելու իրավունք չուներ

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանը խոսեց վերջին պարտություններից, Վարդան Մինասյանի հրաժարականից և հավաքականում տիրող մթնոլորտից առհասարակ:

«Յուրաքանչյուր մարդ էլ կարող է ընկճվել: Մարզիչը երեք պարտություններից հետո հենց այդպիսի վիճակում էր հայտնվել: Սակայն գործադիր կոմիտեն քննարկեց ու չընդունեց նրա հրաժարականը: Կարծում եմ’ Վարդան Մինասյանը մեղք չունի այս պարտություններում: Դրանք այլ պատճառներ ունեն:

Վարդան Մինասյանը ճիշտ չի արել, երբ ասել է, թե թիմի առջև խնդիր չի դրվել: Հավաքականը տուրիստական կազմակերպություն չէ, ու, բնականաբար, նրա առաջ խնդիր դրվում է: Նա պահի ազդեցության տակ է այդպես ասել:

Ինչ վերաբերում է տոմսերին, ապա մենք պայմանագիր ունենք «Արմմոբիլ» կազմակերպության հետ ու հենց նրանց մեղավորությունն է, որ տոմս ունեցողները չկարողացան մտնել մարզադաշտ»,-ՀՖՖ նախագահի խոսքերն է մեջբերում allsport.am-ի թղթակիցը:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հետխաղյա մեկնաբանություններին`Ռուբեն Հայրապետյանն ասաց.

«Հենրիխ Մխիթարյանը իրավունք չուներ հայտարարել, թե որոշ ֆուտբոլիստներ սիրտ ու հոգի չեն դնում հավաքականում: Խաղից հետո 1-2 ֆուտբոլիստներ իրենց կլոունի պես են պահել, նա հուզված է եղել, սակայն նման հայտարարություն միայն գլխավոր մարզիչն ու ես կարող ենք անել:

Չեմ ցանկանում որևէ խաղացողի քննադատել: Նախկինում, երբ քննադատեցի Մանուչարյանին, բոլորդ հարձակվեցիք ինձ վրա: Այժմ ոչ ոք չի գրում, թե ինչպես խաղաց նա: Ճիշտ է, Տարոն Ոսկանյանը մի քանի սխալներ թույլ տվեց, սակայն նա վստահ խաղաց ու հետագայում կարող է ամրապնդվել հավաքականում:

Կփորձենք նոր ֆուտբոլիստների ներգրավվել հավաքականում: Երիտասարդականից արդեն երեքը միացել էին թիմին: Լավ օրից չէ, որ խաղաց Տարոն Ոսկանյանը: Ընտրությունը կատարվել է նրա ու Վարազդատ Հարոյանի միջև: Իսկ Խաչատուրովը դեռ պատրաստ չէ խաղալ հավաքականում:

Խաղը «Հանրապետականում» անցկացրինք, քանի որ մեզ պետք էր երկրպագուների աջակցությունը: Սակայն հետագայում այս մակարդակի խաղերը այլևս այնտեղ չենք անցկացնի, այլ «Հրազդանում», որտեղ որևէ խնդիր չի լինի:

Կեղծ տոմսեր չեն տպվել, իսկ վերավաճառքի հարցում ես ոչինչ չեմ կարող անել: Այնուամենայնիվ, ներողություն եմ խնդրում այն բոլոր երկրպագուներից, ովքեր, տոմս ունենալով, չեն կարողացել մտնել մարզադաշտ»:

Առաջիկա ծրագրերից խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ անընդհատ բանակցություններ են վարում այլ հավաքականների հետ ընկերական խաղ անցկացնելու համար.

«Ես չեմ ցանկանում խոսել Խոակին Բոգոսյանի’ հավաքական հրավիրվելու մասին: Նա շատ անգամ է ծաղրել հավաքականին, մինչդեռ Հենրիխ Մխիթարյանը իր գումարով տոմս է գնել, որպեսզի չուշանա հավաքականի մարզումից:

Ինչ վերաբերում է ընկերական խաղերին, ապա մենք անընդհատ բանակցությունների մեջ ենք: Ի՞նչ է, ցանկանում եք խաղանք Արգենտինայի ու Բրազիլիայի հե՞տ: Պետք չէ այդքան գումարներ ծախսել. ով մեզ հետ ցանկանա խաղալ, նրա հետ էլ կխաղանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում