Ռոնալդինյո. ֆուտբոլիստ, ով խփեց 23 գոլ մեկ խաղում (մաս 1-ին)

Ռոնալդինյո. ֆուտբոլիստ, ով խփեց 23 գոլ մեկ խաղում (մաս 1-ին)

Կենսագրական տվյալներ

Ռոնալդինյոն ծնվել է 1980թ. մարտի 21-ին, բրազիլական Պորտու-Ալեգրի քաղաքում։ Նրանից բացի, ընտանիքում կային ևս 2 երեխաներ։ Մայրը’Դոն Միգուելինան, աշխատում էր որպես վաճառողուհի, իսկ հայրը’Ժուան Դա Սիլվա Մորեիրան, «Գրեմիո» ակումբում ավտոկայանատեղիի կարգավորիչն էր։ Ռոնալդինյոյի ֆուտբոլային առաջին ուսուցիչը դարձավ հենց իր հայրը, որը չնայած երբեք չէր զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով, այդուհանդերձ, որդուն սովորեցրեց խաղալ գնդակով։ Պետք է նշել, որ Դինյոյի հայրը խաղում էր «Կրուզեիրո» սիրողական թիմում։ Ռոնալդինյոն շատ սիրեց այդ մարզաձևը ու նրան այլևս հնարավոր չէր հեռու պահել սիրած խաղով զբաղվելուց։ Նա առավոտից երեկո թե տանը, թե դրսում գնդակ էր գլորում, երբեմն նաև իր շան’Բամբոնի հետ։ 7 տարեկան հասակում Ռոնալդինյոն սկսեց հաճախել «Լանժենդոնկ» ֆուտբոլային դպրոց։ Հետաքրքիր է, որ հենց այնտեղ էլ նա ստացավ Ռոնալդինյո անունը, որը նշանակում է «փոքր Ռոնալդո»։

Երբ բրազիլացին արդեն 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Պորտու-Ալեգրիի ավելի հարմարավետ թաղամասերից մեկը’Գուարույան։ Պատճառն այն էր, որ ընտանիքի մյուս որդին’Ռոբերտո Դե Ասսիսը, պայմանագիր էր կնքել «Գրեմիոյի» հետ ու ակումբը ֆուտբոլիստին գնելու կապակցությամբ նրան տուն էր նվիրել։ Ռոնալդինյոյի համար իր եղբայրը իսկական օրինակ էր։ 1991թ. ֆուտբոլիստը սկսեց հանդես գալ «Բելա-Օրիզոնտի» ակումբում։ Ռոնին նաև զբաղվում էր լողափային ֆուտբոլով, ինչպես նաև մինի-ֆուտբոլով, ինչը, ըստ նրա, իրեն օգնում էր ավելի լավ հանդես գալ մեծ ֆուտբոլում։ Հանդիպումներից մեկում «Բելա-Օրիզոնտին» իր մրցակցին հաղթեց 23-0 հաշվով ու հետաքրքրականն այն է, որ այդ խաղի բոլոր գոլերն էլ գրանցվեցին Ռոնալդինյոյի հաշվին։ Այդ կապակցությամբ, նրա անունը առաջին անգամ սկսվեց շրջանառվել բրազիլական բոլոր հայտնի ԶԼՄ-ներում։

«ԳՐԵՄԻՈ»

Ռոնալդինյոն «Գրեմիոյում» սկսեց հանդես գալ 1995 թվականից։ Նա սկզբում ելույթ էր ունենում ակումբի երիտասարդական թիմի կազմում ու այդ ժամանակահատվածում գլխավոր մարզիչ Լիամ Հիգգինսի գլխավորությամբ մասնակցեց Գաուշի մրցաշարին։ Ռոնալդինյոյին սկսեցին համարել բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ այն բանից հետո, երբ 1997թ. Եգիպտոսում մասնակցած մինչև 17տ. աշխարհի առաջնությունում 2 անգամ դիպուկ իրացնելով 11-մետրանոցներ ու նաև հասուն խաղ ցուցադրելով’տպավորություն գործեց բոլորի վրա։ Ի դեպ, հենց այդ տարի էլ նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Գրեմիոյի» հետ։ 1998թ. ապրիլի 11-ին բրազիլացին իր նորամուտը նշեց հիմնական թիմում’մասնակցելով Գաուշի մրցաշարի շրջանակներում կայացած «Սանտա-Կրուզի» հետ մրցավեճին, որն ավարտվեց 1-1 հաշվով։ Ինչ վերաբերում է Բրազիլիայի առաջնությունում Ռոնիի նորամուտին, ապա դա տեղի ունեցավ «Ինտերնասիոնալի» հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց «Գրեմիոյի» 0-1 հաշվով պարտությամբ։

Դինյոյի մասնակցած առաջին լուրջ մրցաշարը եղավ Ռիու-Գրանդի-Դի-Սուլում կայացած կադրերի մրցաշարը, որում նա ցուցադրեց նախանձելի արդյունավետություն’անցկացրած 14 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ, ընդ որում, աչքի ընկավ նաև եզրափակչի «Ինտերնասիոնալի» հետ մրցավեճում։ Ընդհանուր առմամբ, Ռոնալդինյոն 4 տարի հանդես եկավ «Գրեմիոյի» կազմում և այդ ընթացքում Բրազիլիայի առաջնությունում անցկացրեց 35 խաղ ու խփեց 14 գոլ։ Այսքանից հետո բնական է, որ ֆուտբոլիստի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ։ Մասնավորապես, «Արսենալն» էր ցանկանում իր շարքերը համալրել Ռոնալդինյոյով, սակայն տեղափոխությունը չկայացավ։ Այնուհետև պայքարին միջամտեց անգլիական «Լիդս Յունայթեդը», որը պատրաստ էր բրազիլացի ծագող աստղի համար վճարել 40-80մլն. դոլլար, բայց այս գործարքն էլ չիրականացավ։ Շոտլանդական «Սենտ-Միրենն» էլ ֆուտբոլիստի համար առաջարկում էր 6 մլն. ֆունտ, սակայն պարզվեց, որ Ռոնալդինյոյի անձնագիրը կեղծ է, ինչն էլ թույլ չտվեց նրան տեղափոխվել այս ակումբ։ «Պարի Սեն-Ժերմենը» նույնպես լրջորեն հետաքրքրված էր Դինյոյի ծառայություններով, իսկ «Գրեմիոյի» նախագահը իր պայմանները թելադրեց, որը կատարելու դեպքում միայն հնարավոր կլիներ ձեռք բերել ֆուտբոլիստին։ Նա պահանջեց 6,4 մլն. եվրո ու բավականին բարձր աշխատավարձ բրազիլացու համար։ Այդուհանդերձ, կողմերը կարողացան ընդհանուր հայտարարի գալ ու 2001թ. դեկտեմբերի 22-ին Ռոնալդինյոն 5,1մլն. եվրոյի դիմաց 5 տարվա պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։

«ՊՍԺ»

Այսպիսով, 2001թ. փետրվարի 15-ից Ռոնալդինյոն պաշտոնապես համարվում էր «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ։ Նրա դեբյուտը այդ թիմի կազմում կայացավ ներքին առաջնության «Օսերի» հետ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով։ Չնայած «Պարի Սեն-Ժերմենը» այդ տարի այդքան էլ հաջող հանդես չեկավ, քանի որ 4-րդ տեղը գրավեց ֆրանսիական լիգայում, այդուհանդերձ, Ռոնալդինյոն ճանաչվեց թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2002թ. աշխարհի առաջնությունից հետո, որն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով, Դինյոն վերադարձավ թիմ։

Դրանից հետո Ռոնին տարաձայնություններ ունեցավ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Ֆեռնանդեսի հետ, քանի որ շատ ժամանակ էր անցկացնում Փարիզի գիշերային ակումբներում, ինչն էլ դուր չէր գալիս մարզչին։ Ֆուտբոլիստը շատ կտրուկ հայտարարեց, որ պատրաստվում է լքել մայրաքաղաքային թիմը։ Պատեհ առիթից օգտվեցին եվրոպական գրանդներ «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք իսկական որս սկսեցին բրազիլացու համար: Ի վերջո, ֆուտբոլիստը ընտրեց կատալոնական ակումբը։ Ընդհանուր առմամբ, Ռոնալդինյոն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրեց 55 խաղ ու դարձավ 17 գոլի հեղինակ։

 Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում