«Բարսելոնայի» և «Միլանի» Ռոնալդինյոն (մաս 2-րդ)

«Բարսելոնայի» և «Միլանի» Ռոնալդինյոն  (մաս 2-րդ)

Ռոնալդինյոյին` որպես Շաբաթվա դեմք խորագրի հերոս, առաջին մասով անդրադարձել ենք ԱՅՍՏԵՂ

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»

Սկզբնական շրջանում, «Բարսելոնայի» նախագահ Ժուան Լապորտան ցանկանում էր ձեռք բերել անգլիացի Դևիդ Բեքհեմին, սակայն վերջինս որոշեց տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», իսկ կատալոնացիներն էլ նրա փոխարեն պայմանագիր կնքեցին Ռոնալդինյոյի հետ։ 2003թ. հուլիսի 19-ին Ռոնին 32,250 մլն. եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։ Նրա նորամուտը կայացավ «Միլանի» հետ ընկերական խաղում, որտեղ Դինյոյի թիմը հաղթեց 2-0 հաշվով, իսկ գոլերից մեկը հենց նա իր հաշվին գրանցեց։ Իսկ պաշտոնական հանդիպումներում դեբյուտը տեղի ունեցավ «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում, որում «Բարսան» առավելության հասավ բասկերի նկատմամբ։ Բրազիլացին իր առաջին գոլը նոր թիմի կազմում խփեց «Սևիլյայի» դարպասը։ Ցավոք, երկրորդ շրջանի վերջնամասի խաղերից մեկում նա վնասվածք ստացավ ու այդ մրցաշրջանում այլև խաղադաշտ դուրս չեկավ։ Այդուհանդերձ, Կատալոնիայում իր առաջին մրցաշրջանում Ռոնալդինյոն հասցրեց 45 խաղում դառնալ 22 գոլի հեղինակ։ Այդ տարի բրազիլացին ճանաչվեց առաջնության լավագույն լեգեոներ։ Ու պատահական չէ, որ «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի դափնեկիրը հենց նա դարձավ’առաջ անցնելով Անդրեյ Շևչենկոյից ու Դեկույից։ 2004-2005 մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում պայքարը թողեց 1/8 եզրափակիչ փուլից’ պարտվելով «Չելսիին» ու Ռոնալդինյոն այդ երկու հանդիպումներում մեկական գոլի հեղինակ դարձավ։

Այդ մրցաշրջանի վերջում Դինյոն հռչակվեց «ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ», ինչպես նաև արժանացավ «Ոսկե Գնդակին» ու երկու դեպքում էլ իրենից հետ թողեց 2-րդը ճանաչված Ֆրենկ Լեմպարդին։ Այդքանից հետո բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2010թ.։

2005-2006թ. մրցաշրջանը նրա և ակումբի համար շատ հաջող ստացվեց։ Թիմը կրկին անգամ հռչակվեց Պիրենեյան թերակղզու չեմպիոն, ինչպես նաև դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Իսպանիայի առաջնությունում «Սանտիագո Բեռնաբեոում» կայացած կլասսիկոյում Ռոնին դուբլի հեղինակ դարձավ ու ուշագրավ է, որ փոխարինվելու ժամանակ արժանացավ մադրիդցի երկրպագուների ծափահարություններին։ Իսկ տարվա ավարտին նա ճանաչվեց այդ մրցաշրջանի լավագույն լեգեոներ։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ էլ բրազիլացին ճանաչվեց լավագույնը, քանի որ դարձել էր 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ տարի նա գերազանցեց խփած գոլերի քանակով իր ցուցանիշը’ընդհանուր առմամբ դառնալով 26 գոլի հեղինակ։

Հաջորդ մրցաշրջանում Ռոնալդինյոն կարծես ճգնաժամի մեջ էր հայտնվել, քանի որ նրա խաղը ընդհանրապես չէր ստացվում։ Թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկաարդը հայտարարեց, որ դա պայմանավորված է ֆուտբոլիստի վատ ֆիզիկական վիճակով։ Իսկ ահա Ռոնիի եղբայրը, որը միաժամանակ նաև նրա գործակալն է, հայտնեց, որ խնդիրը մամուլի ճնշման մեջ է։ Նոյեմբերի 25-ին Դինյոն խփեց իր 50-րդ գոլը Իսպանիայի առաջնության շրջանակներում։ 2006թ. Ռոնալդինյոն «Ոսկե Գնդակ» մրցույթում գրավեց 4-րդ, իսկ «ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությունում’3-րդ տեղը։ «Բարսելոնան» անհաջողության մատնվեց աշխարհի ակումբային առաջնությունում’ 0-1 հաշվով պարտվելով «Ինտերնասիոնալին»։ Մրցաշրջանի ավարտին լատինաամերիկացու համար «Չելսին» պատրաստ էր վճարել 70 մլն. եվրո, սակայն կատալոնական ակումբը մերժեց այդ առաջարկը։ 2007-2008 մրցաշրջանը անհաջող դասավորվեց Ռոնալդինյոյի համար։ Նրանից նույնիսկ դժգոհում էին երկրպագուները։ Նա վնասվածք ստացավ ու բաց թողեց առաջնության մեկնարկային հանդիպումները։ 2008թ. փետրվարի 3-ին «Օսասունայի» հետ խաղում Դինյոն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «կապտանռնագույնների» կազմում։ Անհաջող խաղերի պատճառով բրազիլացին կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում։

«Ռեալի» հետ կլասսիկոյի ժամանակ Ֆրանկ Ռայկաարդը որոշեց նրան խաղադաշտ դուրս բերել առաջին րոպեներից, սակայն սպասումները չարդարացան ու ստացվեց հերթական անհաջող հանդիպումը։ Ապրիլի 3-ին ֆուտբոլիստը վնասվածք ստացավ ու ստիպված էր բաց թողնել 6 շաբաթ, ինչը նշանակում էր, որ նրա համար մրցաշրջանը ավարտված էր։ Այդ խաղաշրջանի ավարտից հետո Ժուան Լապորտան որոշեց վաճառել Ռոնալդինյոյին։ Ըստ նախագահի, բրազիլացուն նոր ակումբ էր պետք, որպեսզի նա կարողանա վերադարձնել իր լավագույն մարզավիճակը։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», որը տրանսֆերի համար առաջարկում էր 25,5 մլն. ֆունտ, սակայն Ռոնին հրաժարվեց տեղափոխվել Անգլիա։ Դրա փոխարեն նա ընտրեց իտալական «Միլան» տեղափոխվելու տարբերակը։

«ՄԻԼԱՆ»

2008թ. հուլիսի 15-ին Ռոնալդինյոն պաշտոնապես դարձավ «Միլանի» ֆուտբոլիստ։ Տրանսֆերը գնահատվեց 21մլն. եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում էր 6,5 մլն. եվրո։ Պայմանագրի կնքումից հետո Ռոնալդինյոյին ողջունելու համար «Սան Սիրո» մարզադաշտ էին եկել մոտ 40 հազար տիֆոզիներ։ Բրազիլացու դեբյուտը «ռոսոներիների» կազմում կայացավ 2008թ. օգոստոսի 31-ին «Բոլոնիայի» հետ խաղում, որում միլանցիները զիջեցին 1-2 հաշվով։ Իսկ ահա Ռոնիի առաջին գոլը իր նոր թիմում եղավ սեպտեմբերի 28-ին, երբ «Ինտերի» հետ դերբիի ժամանակ նա Կակայի փոխանցումից հետո գրավեց «ներաձուրիների» դարպասը։ Ռոնալդինյոն հիմնականում խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում, իսկ պահեստայինների նստարանին հազվադեպ էր հայտնվում։ Այդ տարի նա «Միլանի» կազմում մասնակցեց 36 հանդիպման ու մրցակիցների դարպասը գրավեց 10 անգամ։ Բրազիլացու համար բարեհաջող չէր, երբ նոր մրցաշրջանի սկզբում թիմի ղեկը ստանձնեց Լեոնարդոն։ Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե իբր ֆուտբոլիստը պատրաստվում է ավարտել կարիերան, սակայն դա հերքեց նրա միաժամանակ եղբայրն ու գործակալը։ Ռոնին այդ ընթացքում արժանացավ «Գոլդեն Ֆուտ» մրցանակին, որը տրվում է 29-անց այն ֆուտբոլիստներին, ովքեր նշանակալի հետք են թողել համաշխարհային ֆուտբոլում։ Նա շատ էր ցանկանում մասնակցել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն այդ ամենին խոչընդոտում էր քիչ խաղային պրակտիկան։

Հունվարի 10-ին բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ «Յուվենթուսի» հետ խաղում։ Մեկ շաբաթ անց նա «Սիենայի» հետ խաղում 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Մյուս շաբաթ պետք է կայանար միլանյան դերբին, իսկ դրանից ժամեր առաջ լատինաամերիկացին խնջույք էր անցկացրել Միլանի ակումբներից մեկում, ինչի հետևանքով տուգանվել էր։ Այդ խաղում «Միլանը» պարտվեց 0-2 հաշվով։ 2010թ. ապրիլի 13-ին Ռոնալդինյոն երկարաձգեց «Միլանի» հետ պայմանագիրը մինչև 2014թ.։ Նա մայիսի 16-ին 2 գնդակ ուղարկեց «Յուվենթուսի» դարպասը։ «Միլանը» այդ տարի զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ ահա Ռոնալդինյոն իր կատարած 15 գոլային փոխանցումների շնորհիվ ճանաչվեց Ա Սերիայի ամենաօգտակար ֆուտբոլիստ։ Գոլ+փոխանցում համակարգում նա նույնպես զբաղեցրեց 3-րդ տեղը, բայց այս անգամ նրա 15 գոլային փոխանցումներին գումարվեցին նաև խփած 12 գոլերը։ 2010-2011 մրցաշրջանում թիմի նոր գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին տեղ չէր գտնում բրազիլացու համար մեկնարկային կազմում, ինչի պատճառով էլ նա ևս կես տարի «Միլանում» մնալուց հետո որոշեց հեռանալ ակումբից։

 

Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում