«Ռիո – 2016 »- ին մասնակցելու նշանաբանով

«Ռիո – 2016 »- ին մասնակցելու նշանաբանով

Թաեքվոնդոն օլիմպիական խաղերի ծրագրում ամրապնդելու նպատակով մարզաձևի միջազգային ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է կատարում : Այս առումով արդեն որոշ փոփոխություններ են կատարվել , մասնավորապես խաղերին մասնակցելու իրավունք նվաճելու հարցում : Նոր կանոնակարգով օլիմպիական խաղեր կմեկնեն չորս քաշային կարգերից յուրաքանչյուրում աշխարհի 20 – ական ուժեղագույն վարպետներ , նրանք , ովքեր առավել շատ միավորներ կվաստակեն աշխարհի , աշխարհամասերի առաջնություններում և բարձրագույն կարգի մրցաշարերում :

Առավելագույն միավոր վաստակած ութական լավագույն մարզիկների անունները հայտնի կդառնանա 2015 թ. նոյեմբերին : Մնացած թափուր տեղերի համար քննություն կբռնեն վարկանիշային միավորներ վաստակած այն մարզիկները , ովքեր կդառնան նաև իրենց աշխարհամասերի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչի մասնակիցներ :

,, Ռիո – 2016 ,, – ին լրջորեն է նախապատրաստվում նաև լոնդոնյան մարզահանդեսի հինգերորդ մրցանակակիր , երևանցի Արման Երեմյանը / 80 կգ / :
26 –ամյա մարզիկը ապրիլի 6 – 20 – ը Թեհրանում , Իրանի հավաքականի հետ կմասնակցի ուսումնամարզական հավաքի : նա այնուհետև մարզիչ Վարդան Վարդանյանի հետ կմեկնի Իսպանիա և կմասնակցի մայիսի մեկին սկսվող միջազգային բարձրագույն կարգի վարկանիշային մրցաշարին : Սա նաև հանդիսանալու է Մեքսիկայում հուլիսի 17 – 21 –ը անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը :

Հավելենք , որ բոլոր միջոցառումների ծախսերը կատարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն :

Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում