Արոնյանը` ադրբեջանական թերթին. Հաճելի կլինի, եթե ձեր հավաքականը մասնակցի երևանյան մրցաշարին

Արոնյանը` ադրբեջանական թերթին. Հաճելի կլինի, եթե ձեր հավաքականը մասնակցի երևանյան մրցաշարին

Ադրբեջանական «Էխո» («Эхо») թերթին տված հարցազրույցում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ամփոփել է Հավակնորդների մրցաշարում իր ելույթները:

-Իմ գլխավոր նպատակը առաջին տեղը գրավելն էր, բայց դա չհաջողվեց: Կարծում եմ’ առաջին տեղի համար պայքարում մրցաշարում առանցքային պահեր շատ եղան: Իհարկե, ինձ համար վճռորոշ եղավ Պյոտր Սվիդլերից կրած պարտությունը: Այդտեղ ես սարսափելի խաղացի, և միայն հանդիպումից հետո, վերլուծելով իմ խաղը, խիստ դժգոհ մնացի իմ ելույթից:

Իհարկե, ես տխրեցի, որ չկարողացա առաջին տեղը զբաղեցնել, սակայն չեմ կարող ասել, թե իմ խաղով ես արժանի էի հաղթանակի: Ընդհանուր առմամբ, ես վատ խաղացի: Ճիշտ է, առաջին շրջանում այդքան էլ վատ հանդես չեկա, սակայն մրցաշարում կար նաև երկրորդ շրջանը,- ասել է Արոնյանը:

Նրան նաև հարց է ուղղվել, թե կարող է արդյոք Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը Երևանում կայանալիք 2014 թվականի Աշխարհի առաջնությանը ազդեցություն ունենալ նրա վրա, որ Հայաստանը որոշի մասնակցել Բաքվի Օլիմպիադային:

-Դա, իհարկե, կլինի քայլ, որը բոլորիս էլ հաճելի կլինի: Հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի Ադրբեջանի հավաքականի’ 2014 թվականի Երևանի Աշխարհի առաջնությանը մասնակցելու դեպքում: Ինձ դժվար է խոսել ողջ թիմի անունից: Մեր երկրում, ինչպես ես նախկինում ասել եմ, հուսով են, որ մենք կմեկնենք Բաքու, քանի որ ցանկանում ենք լինել Ադրբեջանի մայրաքաղաքում: Միևնույն ժամանակ, պետք է իրերին օբյեկտիվորեն նայել, վերջին տարիների արդյունքները ցույց են տալիս, որ մեր միջև ամեն ինչ այդքան էլ հարթ չէ,- ավելացրել է Արոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում