Ավարտվեց ինդոր հոկեյի Հայաստանի առաջնությունը

Ավարտվեց ինդոր հոկեյի Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է ինդոր հոկեյի (դահլիճային խոտի հոկեյ) պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը, որն անց է կացվել Հրազդան քաղաքում, մասնակցել են Երևանի, Հրազդանի, Գյումրու, Արտաշատի և Չարենցավանի մարզադպրոցների թիմերը:

Հայաստանի պատանիների չեմպիոն է դարձել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Հրազդանի ”Հրազդան” մարզական ակումբի և Երևանի Շենգավիթի մարզադպրոցի թիմերը:

Աղջիկների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանի մարզադպրոցի թիմը, երրորդը՝ Գյումրու ”Շիրակ 1” թիմը:

Նախատեսվում է այս առաջնության ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա ձևավորել Հայաստանի պատանիների հավաքականը, որն էլ 2014թ. կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա մայիս ամսին կանցկացվի խոտի հոկեյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմեկնի Հունաստան՝ ամռանն այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում