Ժոլտ Հոռնյակ. «Մարզիչների միջև շփումները շատ կարևոր են»

Ժոլտ Հոռնյակ. «Մարզիչների միջև շփումները շատ կարևոր են»

Երեկ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի երկրորդ օրն էր: Մասնակիցներին հյուրընկալվել էր «Միկայի» գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը: Մոտ 2 ժամվա ընթացքում Հոռնյակը ներկայացրեց իր խաղային փիլիսոփայությունը, մարզումային գործընթացի առանձնահատկությունները: Սլովակ մասնագետը, մասնավորապես, կարևորեց Հայաստանի Բարձրագույն խմբի այլ ակումբների գլխավոր մարզիչների հետ շփումները.
«Խաղադաշտում մենք մրցակիցներ ենք, բայց խաղադաշտից դուրս՝ գործընկերներ և ընկերներ: Բոլորովին կապ չունի, որ ես արտասահմանցի եմ, մենք բոլորս նույն գործն ենք անում: Միայն մարզիչները կարող են հասկանալ, թե որքան բարդ է մարզչական գործը, հատկապես, երբ գործ ունենք երիտասարդ խաղացողների հետ: Շատ կարևոր է սովորեցնել նրանց խաղալ ճիշտ ֆուտբոլ, դիտարժան ֆուտբոլ, բայց ամենակարևորը՝ սովորեցնել նրանց ճիշտ մտածել խաղադաշտում և խաղադաշտից դուրս, լինել պրոֆեսիոնալ: Միայն այս կերպ մենք կարող ենք հաջողություն ունենալ: Բացի ակումբի հաջողությունից, մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին խաղացողներ մատակարարելը: Դա, առաջին հերթին, ակումբի պատիվն է: Մենք մշտապես պետք է պահպանենք կապը, փորձենք օգնել միմյանց տարբեր հարցերում: Ես շատ եմ կարևորում մարզիչների միջև շփումները, որովհետև միայն այդ կերպ մենք կարող ենք հասկանալ ընդհանուր խնդիրնեը և փորձել լուծում տալ դրանց»:
Ըստ հանդիպման ձևաչափի՝ մասնակիցները նաև հնարավորություն ունեին տալ իրենց հետաքրքրող հարցերը: ՊՐՈ արտոնագրի դասընթանցներին մասնակցող գրեթե բոլոր մարզիչները բարձրացրեցին հետաքրքիր հարցեր, որի շնորհիվ ծավալվեց հետաքրքիր քննարկում: Հայաստանում մարչական ՊՐՈ արտոնագրի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերիցլևը նույնպես կարևորեց այս կարգի շփումները մարզիչների միջև, քանի որ Հոռնյակը չի մասնակցում ՊՐՈ արտոնագրի դասընթացներին, իսկ փորձի փոխանակումը կարևոր է թե իր, թե հայ մարզիչների համար:
Դասընթացի երկրորդ օրվա ծրագրում էր նաև այցելությունը «Միկա» մարզադաշտ: Հատուկ մարզչական ՊՐՈ արտոնագրի մասնակիցների համար կազմակերպվել էր ցուցադրական մարզում: Դասընթացների մասնակիցները և գոհունակություն հայտնեցին Ժոլտ Հոռնյակին իրենց հյուրընկալելու համար, իսկ վերջում Ֆլեմմինգ Սերիցլևը Հոռնյակին նվիրեց նաև Հայաստանի հավաքականի մարզաշապիկ՝ Հոռնյակ գրությամբ: Պրո արտոնագրի դասընթացները կշարունակվեն ևս 3 օր և կավարտվեն ապրիլի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում