Հենրիխ Մխիթարյան. Երբ իսկապես առաջարկություններ լինեն, ես կքննարկեմ դրանք

Հենրիխ Մխիթարյան. Երբ իսկապես առաջարկություններ լինեն, ես կքննարկեմ դրանք

«Շախտյորի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Դոնբաս-Արենայում» հանդիպել է ուկրաինական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

– Հենրի’խ, առաջին հարցը մի փոքր ոչ ֆուտբոլային է: Կարդացե՞լ ես, որ Գայտանան պատրաստ է հայերեն լեզվով կատարել «Շախտյորի» հիմնը, եթե դու 25 գոլ խփես առաջնությունում: Ինչպիսի՞ ն է քո վերաբերմունքը:

– Իհարկե, կարդացել եմ: Ինձ համար կարևորը 25 գոլ խփելը չէ, որպեսզի նա հայերեն երգի: Ինձ համար կարևորը «Շախտյորի» հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:

– Իսկ ի՞նչն է ավելի շատ խթան հանդիանում` հայերեն լեզվով թիմի հիմնը լսե՞լը, թե՞ Ստարուխինի ռեկորդը գերազանցելը:

– Անկեղծ ասած` ինձ համար ամենակարևորը թիմային խաղն ու «Շախտյորի» հաղթանակն է: Եթե հնարավոր լինի Ստարուխինի և անկախությունից հետո Ուկրաինայի առաջնությունների ռեկորդները գերազանցել, ապա կարծում եմ, նույնպես հաճելի կլինի: Բայց ինձ համար առաջին տեղում թիմային գործողություններն են:

– Իսկ թիմակիցների հետ խոսե՞լ ես ռմբարկուական ռեկորդների մասին:

– Թեթևակի անդրադարձել ենք այդ թեմային: Տղաներն ասացին. «Եթե 11 մետրանոց լինի, դու կխփես»: Ես էլ պատասխանեցի. «Շնորհակալություն, բայց պետք չէ, ես իմ բոլորը գոլերը ցանկանում եմ խաղային իրադրություններից խփել»:

– Շարունակելով հումորային թեման` կօգնե՞ս Գայտանային հայերեն լեզվով երգ գրել:

– Եթե, Աստված տա, 25 գոլ խփեմ, ապա կարծում եմ` նա արդեն պետք է երգի, այլ ոչ թե սպասի ինձ, որպեսզի թարգմանեմ տեքստը (Ժպտում է):

– Դմիտրի Սելյուկը վստահեցնում է, որ քո ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները: Ինչ-որ բան գիտե՞ս դրա մասին:

– Չգիտեմ, դեռ չեմ շփվել նրա հետ: Դա իմ գործը չէ: Կարծում եմ’ եթե նրան դիմել են առաջարկություններով, ապա թող դիմեն ակումբին: Իմ գործը խաղալն է: Հիմա ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ, ինձ ավելի շատ հետաքրքրում են առաջիկա երկու ամիսները: Ես պետք է խաղամ ու անեմ ամեն բան այս թիմի հետ բոլոր հնարավոր մրցանակները նվաճելու համար:

– Իսկ Դուք կուզենայի՞ք խաղալ Եվրոպայում:

– Դա արդեն ուրիշ հարց է: Առայժմ ես չեմ պատասխանի, որովհետև այդ խոսակցությունների ժամանակը չէ: Իմ սիրտը հիմա Դոնեցկում է, «Շախտյորի» հետ: Իսկ մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կլինի. թող խոսեն ակումբի նախագահի հետ, պայմանավորվեն: Միայն դրանից հետո, երբ իսկապես առաջարկություններ լինեն, ես կքննարկեմ դրանք:

– «Դինամոյի» դեմ խաղից հետո, այնպիսի զգացողություն չկա՞, որ բոլոր խնդիրներն արդեն լուծված են:

– Ոչ: Պայքարը դեռ շարունակվում է, չնայած որ մեզ ընդամենը 4 միավոր է բաժանում չեմպիոնությունից, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մնացած խաղերում հաղթենք: «Շախտյորը» միշտ խաղում է հաղթանակի համար, անկախ նրանից, դա առաջնության, թե ընկերական հանդիպում է:

– Քո կարիերայում այդպիսի դեպք եղե՞լ է, երբ քո խփած գոլը նախ գրանցել են ոչ քո օգտին, ապա արդարությունը վերականգնվել է:

– Ոչ, սա իմ կարիերայում առաջին դեպքն էր: Հաճելի էր խաղից հետո տեսնել, որ գոլն իմ օգտին են գրանցել: Արդեն 21 գոլ: Բայց ամենակարևորը «Դինամոյի» դեմ տարած հաղթանակն էր, քանի որ խաղը անցավ դժվարին պայքարում: Կարծում եմ, որ վաղուց նրանց հետ այդպիսի խաղ չէր եղել:

– Իսկ Միստերը 25-րդ գոլի պահով ի՞նչ է ասել: Նշելու՞ եք կամ թիմը ինչ-որ նվեր մատուցելու՞ է:

– Ոչ, դեռ ոչինչ չեն ասել: Ամենակարևորն այն է, որ թիմն իմ գոլերով ուրախանում է: Դա ինձ համար շատ հաճելի է:

– Եթե վերադառնանք տրասնֆերների թեմային, ԶԼՄ-ները հաղորդում են, որ քեզնով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլը»: Ինչպե՞ս կմեկնաբանես:

– Եվս մեկ անգամ նշեմ, ես չգիտեմ, թե որ թիմն է ինձնով հետաքրքրվում, և եթե դրա մասին Դմիտրի Սելյուկը լավ գիտի, ուրեմն, խնդրեմ դիմե’ք նրան ու այդ հարցը նրան տվե’ք: Իմ մտքերը կապված են միայն «Շախտյորի» հետ, և մինչև մրցաշրջանի ավարտը ես միայն այս թիմի մասին եմ մտածելու:

– Իկեր Կասիլյասը ավանդույթ ունի խաղից հետո ձեռնոցները նվիրել երկրպագուներին: Եթե դու դառնաս այդ հիշարժան գոլի հեղինակը, քո խաղակոշիկները ինչ-որ մեկին կնվիրե՞ս:

– Խաղակոշիկնե՞րը: Կաշխատեմ նվիրել (ծիծաղում է): Բայց կարծում եմ, որ կարելի է նվիրել մարզաշապիկը, եթե դառնամ 22 գոլի հեղինակ:

– Ուկրաինայի առաջնության համար ներկայիս 22 գոլային ռեկորդը շա՞տ է, թե՞՝ քիչ:

– Կարծում եմ՝ նորմալ է, քանի որ նախկինում այդքան չենք խփել: Վերջին անգամ 17 գոլ է խփել իմ լավ ընկեր Եվգենի Սելեզնյովը: Ասեմ, որ 22 գոլը բավարար է, քանի որ Ուկրաինայի առաջնությունում շատ բարդ է գոլեր խփել, քանի որ թիմերի մեծամասնությունը պաշտպանվում է և «Շախտյորին» խաղալու տարածություն չի տալիս:

– «Դինամոյից» հետո «Զարյան» բա՞րդ մրցակից է:

– Կարծում եմ, որ մեզ մոտ մի մրցակցից մյուսին անցում կատարելու խնդիր չի լինի, մենք շատ լավ գիտենք դա ինչպես անել: Մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են: Չնայած դրան, մեզ բարդ հանդիպում է սպասվում:

– Դու Ալ Պաչինոյի նկարով պատկերված շապիկով ես: Դա ինչ-որ բանի հետ կապվա՞ծ է:

– Ոչ, ուղղակի այդ շապիկը հավանել եմ և դա եմ հագել (ծիծաղում է):

Հետևեք մեզ նաև Telegram-ում