Լեգենդար Զիզուն` ֆրանսիական թիմերում (մաս 1-ին)

Լեգենդար Զիզուն` ֆրանսիական թիմերում  (մաս 1-ին)

Զինեդին Զիդանը եղել է 2 տարեկան, երբ իր ընտանիքը Ալժիրից գաղթել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, ապա բնակություն հաստատել Մարսել քաղաքում։ Յազիդը ընտանիքում հինգերորդ երեխան էր’ քույր Լիլայից և եղբայրներ Ջամելից, Ֆարիդից ու Նորդինից հետո։ Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Զիզուն հաճախում էր ձյուդոյի, հեծանվավազքի, սակայն վերջնական արդյունքում ընտրեց ֆուտբոլը։ Շատ երեխաների պես, նա էլ իր հիմնական ժամանակը անցկացնում էր փողոցում ֆուտբոլ խաղալով։ Այդ առիթով Զինեդինի մայրը բողոքում էր, որ իր որդին դպրոցից տուն գալուն պես վերցնում էր գնդակն ու գնում ֆուտբոլ խաղալու, իսկ երբ, այնուամենայնիվ, գալիս էր տուն, խաղը շարունակվում էր հենց այնտեղ։ Ընտանիքի համար շատ դժվար էր, քանի որ աշխատում էր միայն հայրը, իսկ այդպիսով պահել բազմամարդ ընտանիքը, բարդ խնդիր էր։ Մի օր Զիզուի հոր հետ հանդիպեց «Կանն» ֆուտբոլային ակումբի մարզիչներից մեկը, որը ցանկություն հայտնեց Յազիդին ընդգրկել իր ֆուտբոլային դպրոց։ Հայրը համաձայնվեց։

«Կաննի» սելեկցիոներներից մեկը’Ժան Վարրոն, 14-ամյա Զիդանի հետ կնքեց նրա առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Դա տեղի ունեցավ 1987թ.։ Արդեն 16 տարեկան հասակում Զիզուն իր նորամուտը նշեց «Կաննի» հիմնական թիմի կազմում,երբ 15 րոպե անցկացրեց խաղադաշտում Ֆրանսիայի առաջին լիգայի խաղերից մեկում։ Այնուհետև նա հսկայական առաջընթաց ունեցավ իր կարիերայում, քանի որ հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում։ Այդ ժամանակահատվածում նա սկսեց հրավիրվել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներ։ Նրան գովաբանում էր ինչպես «Կաննի» գլխավոր մարզիչ Գի Լյակոմբը, այնպես էլ Ժիլ Ռամպիլիոնը, որը ասում էր, թե «Զիդանը քիչ է խոսում, բայց շատ է կատարում»։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նա իր դեբյուտը նշեց 1989թ. մայիսի 20-ին, «Նանտի» հետ խաղում։ Զինեդինը նույնիսկ գոլի հեղինակ դառնալու հիանալի հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Այդ հանդիպմանը մասնակցելու համար նա ստացավ 6000 ֆրանկ։ Իսկ Յազիդի առաջին գոլը ֆրանսիական առաջին լիգայում գրանցվեց 1991թ. փետրվարի 8-ին ու այստեղ նորից հիշատակվում է «Նանտի» անունը։ 1992թ. «Կաննը» լքեց ուժեղագույնների մրցաշարը, իսկ Զիդանն էլ չցանկանալով հանդես գալ ավելի ցածր խաղամակարդակ ունեցող մրցաշարում, հեռացավ թիմից։

Հենց այդ տարի էլ «Բորդոյի» գլխավոր մարզիչ Ռոլլան Կուրբիսի հրավերով Զիդանը տեղափոխվեց այդ թիմ։ Ժիրոնդական թիմի կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում նա խփած 10 գոլով դարձավ թիմի գլխավոր ռմբարկուն: Իսկ ընդհանուր առմամբ Զիզուն «Բորդոյի» կազմում խաղաց 4 տարի և այդ ընթացքում մասնակցեց 139 խաղի ու դարձավ 28 գոլի հեղինակ։

1996թ. Զիդանը տեղափոխվեց եվրոպական գրանդ ակումբներից մեկը’Թուրինի «Յուվենտուս»։ 

Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում