Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել կորեացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Նմանատիպ
Փետրվարի23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ–Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, Տեղեկատվության եւ Հասարակայնության հետ Կապերի Վարչությունից:
Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ.մայիս–օգոստոս ամիսներին տեղի ունենալիքEXPO-2012Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները եւ այդ կարեւորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս հայտնեցին,որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար եւ պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնակել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:Այս առումով Կորեայի վարչապետը նշեց,որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:
Հվանգ Սիկ Կիմը եւ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի,քաղաքական,տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման ուղիներին:
Նույն օրը կայացան Հայաստանի եւ Կորեայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կիմ Սունգ–Հվանի բանակցությունները:
Հանդիպման սկզբում փոխանակվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կորեայի Նախագահ Լի Մյունգ–Բակի ուղերձները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին`նախարար Սունգ–Հվանն ասաց. «Այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը լավ առիթ է ի մի բերելու այս տարիների ընթացքում անցած ճանապարհը եւ քննարկելու երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը,շնորհակալություն հայտնելով Սեուլ այցելելու հրավերի համար,կարեւորեց Կորեայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը:
Անդրադառնալով հաջորդ ամիս Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին՝ Կիմ Սունգ–Հվանը նշեց,որ սպասվում է հինգ տասնյակից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցություն եւ Կորեայի կառավարության անունից գոհունակություն հայտնեց գագաթաժողովին ՀՀ Նախագահի նախատեսվող մասնակցության կապակցությամբ:
Հայաստանի եւ Կորեայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները,կովկասյան տարածաշրջանում անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
Բանակցություններին անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին:Նախարար Նալբանդյանն իր կորեացի գործընկերոջը պատմեց բանակցությունների վերջին զարգացումների մասին:
Կորեայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները Ասիական տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ,ինչպես նաեւ կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով գործադրվող ջանքերը:
Նախարարները պայմանավորվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման,իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի կայացումը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախապատրաստել եւ ստորագրել համաձայնագրեր տնտեսական,ներդրումային,գիտա–կրթական,մշակութային եւ մաքսային համագործակցության մասին:
Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների,զբոսաշրջության,գործարար կապերի բնագավառներներում փոխգործակցության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:
Հայաստանի եւ Կորեայի նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին:
Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան:
Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ–կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի(Դիվանագիտական ակադեմիա)ուսանողների առջեւ:
Ելութից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ,որոնք Հայաստանի արտգործնախարարին ծանոթացրեցին քաղաքագիտական եւ կրթական կենտրոնի աշխատանքների ու ուսումնական ծրագրերի հետ:Անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվեց Կորեայի Ազգային ժողովում,ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ–վանի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Կորեացի խորհրդարանականները որպես բարեկամական բնորոշեցին հայ–կորեական հարաբերությունները եւ հույս հայտնեցին,որ Հայաստանի արտգործնախարարի այցը Սեուլ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցության կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղեւորվեց Վիետնամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում