Մամուլն այսօր. Ա.Գևորգյանը և Հ.Աբրահամյանը տրոյական ձիե՞ր են ՀՀԿ շտաբում

Ընտրություններ.

«Իրատես de facto» թերթը գրում է, որ շաբաթ օրը ՀԱԿի իսթաբլիշմենթը կրկին հավաքվել էր, որպեսզի վերջնականապես որոշի` համամասնական ցուցակն ինչպիսին է լինելու:

«Հավաքին հրովարտակվել է հիմնադիր նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի մոտեցումը. ամեն տասնյակում չորս ներկայացուցիչ ինքն է առաջարկում, մնացած վեցը` կուսակցությունները: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կտրականապես դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը եւ առաջարկել սեփական տարբերակը. այն էՏերՊետրոսյանն ամեն տասնյակում ոչ թե չորս, այլ երեք հոգի է առաջարկում:

Բավականին «կրքոտ» վիճաբանության արդյունքում այդպես էլ համաձայնություն չի կայացել (հույս ունեին երկուշաբթի համաձայնության գալ):

Ի դեպ, քննարկումներին չի մասնակցում «Հանրապետություն» կուսակցության որեւէ ներկայացուցիչ:

Իսկ Ստեփան Դեմիրճյանի նման կտրուկ պահվածքը փորձագետները բացատրում են ոչ այնքան այդ մեկ հոգու (ընդ որում,շատերն են այսօր պնդում, որ այսպես շարունակվելու դեպքում ՀԱԿը հազիվ կարողանա տասը տեղ ունենալ ապագա պառլամենտում), որքան ուրույն, «Հանրապետություն» կուսակցությունից փոքրինչ տարբերվող դեմարշով` կոնգրեսում տիրող անընդունելի բարքերի, անքնիշխանության դեմ»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿն և ԲՀԿն համաձայնության են եկել Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի հարցում. որոշվել է, որ այստեղ չպիտի առաջադրվեն ոչ ՀՀԿական Նահապետ Գևորգյանը, ոչ ԲՀԿական Ռուստամ Գասպարյանը:

«
Արդեն գրել էինք, որ մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ Ռուստամ Գասպարյանը չառաջադրվի թիվ 21-ում: Այս ընտրատարածքից գործող պատգամավոր Գասպարյանը դեռ մեկ շաբաթ առաջ մեր թղթակցին ասել է, թե այդ ընտրատարածքից չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե Նահապետ Գևորգյանը` Նովոն, չառաջադրվի: Երեկ Նահապետ Գևորգյանը հայտարարեց, թե մեզ հետ խոսելու բան չունի և անջատեց հեռախոսը: Ռ. Գասպարյանի հետ այդպես էլ չհաջողվեց խոսել: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ծառուկյանից նաև պահանջել է Ռ. Գասպարյանին ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկել»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի հաղորդմամբ՝ գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿից: Այս մասին թերթին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿից: Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց` ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել Աժ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա թերթի հետ զրույցում այլ բան էր պնդում: Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել. ՕԵԿի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը:

Ըստ «Հրապարակ»-ի՝ ՀՀԿում շարունակում են կրքեր բորբոքվել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Աժ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ շտաբում դերակատարում ունենալու կապակցությամբ: Որոշ կարկառուն հանրապետականներ նրանց բնորոշում են գտել` տրոյական ձի: Կասկածներ կան, թե նրանք իրականում աշխատելու են ԲՀԿի օգտին, այլ ոչ թե ՀՀԿի: Եվ այդ մասին պարզ կդառնա միայն ընտրություններից հետո, երբ «Տրոյան» արդեն գրավված, այսինքն` ընտրություններն արդեն ավարտված կլինեն:

Ո՞վ որտեղ է պատրաստվում առաջադրվել.

«ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կարճ է տևել», -այսօրվա համարում գրել է «Իրատես de facto» թերթը` շարունակելով. «Մի տասնհինգ րոպե, որոշել են, որ գրեթե բոլոր մեծամասնական ընտրատարածքներում, բացի ԲՀԿ-ին «հատկացված» յոթ տեղերից, մեկ էլ այլևս անկուսակցական Արայիկ Գրիգորյանի ընտրատարածքից, մնացած 33-ում կամ առաջադրելու, կամ պաշտպանելու են որոշակի թեկնածուների, այդ թվում` անկուսակցականների, ինչպես ասենք` Սամվել Ֆարմանյանին, Արման Սահակյանին:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, անկուսակցական թեկնածուների մի մասը մինչև ընտրություններ կՀՀԿացվի, մյուս մասը, ըստ ամենայնի, ընտրություններից հետո կմտնի ՀՀԿ ֆրակցիա:

ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող և առաջադրվող թեկնածուների «վես սպիսոկը», ըստ ամենայնի, կհաստատվի այս շաբաթ տեղի ունենալիք ԳՄ-ի նիստում:

Ի դեպ, այդ օրը (նախորդ հինգշաբթի), «այդ ժամին» ՀՀԿ է կանչված եղել Հակոբ Հակոբյանը («Կիլիկիայինը» չէ, «Թունելինը»)` վերջնական «դաբրո» ստանալու:

Ստացել է: Նրա դեմ` թիվ 24 ընտրատարածքում, պատրաստվում է մենամարտել կոմունիստ, ոչ անհայտ Խորեն Թոչունիչը:

«Հրապարակ»-ը գրում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին` առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմս ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի: Առաջադրվելու մտադրություն ունի մեկ այլ ՀՀԿական ևս` Խաչիկ Մանուկյանը, ով 2007թ. այս տարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրության արդյունքներով: Այս անգամ ՀՀԿի ընտրությունը կանգ է առել ոչ թե «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տիրոջ` Մանուկյանի, այլ Թալինի քաղաքապետ Մնացականյանի վրա, որն էլ, ասում են, պատգամավոր է դառնալու այս տարածքից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով երեկ ԲՀԿ Կոտայքի մարզային խորհուրդը որոշել է, թե այդ մարզում ովքեր են առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ` թիվ 25 ընտրատարածքում ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանի փոխարեն առաջադրվելու է Դավիթ Քոչարյանը, թիվ 26-ում` այդտեղից պատգամավոր դարձած Մելիք Մանուկյանը` նույն ինքը` Շշի Մելոն, թիվ 27-ում ԲՀԿ որոշմամբ առաջադրվելու է Մուրադ Գուլոյանը` Գագիկ Ծառուկյանի խնամին և Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը, իսկ թիվ 28 ընտրատարածքում` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Սմբատ Եղիազարյանը թերթին փոխանցել է, որ իրենց այս որոշումները դեռ պետք է հաստատվեն ԲՀԿ-ում` կուսակցության քաղխորհրդի և համագումարի կողմից:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր: Կարապետյանը, լինելով նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին: Թերթը նշում է, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ:

Զարմանազան.

«Երկիր» օրաթերթը գրում է, որ փետրվարի 28-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի նիստում պետք է կայանա ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը, ըստ պատմաբան Գեւորգ Յազճյանի, լինելու է ռուսաց լեզվով: «Եթե դա տեղի ունենա, ապա նույն պահից ես կհրաժարվեմ նույն` 004 մասնգիտական խորհրդի կողմից` տասը տարի առաջ ինձ շնորհած պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից և հավաստող փաստաթուղթը կշպրտեմ նրանց երեսին»,-ասում է Յազճյանը: Հայկ Դեմոյանը թերթի հետ զրույցում նշեց, որ Յազճյանի ասածն ապատեղեկատվություն է: «Ճիշտ է, աշխատանքը ռուսերենով է, քանի որ դա չի արգելվում օրենքով, սակայն գրագրությունը հայերենով է եւ վաղն էլ միայն հայերեն է հնչելու»,-ասել է Դեմոյանը` հավելելով, որ իրականում նման քայլով վերջինս ցանկանում է հարվածի տակ դնել թանգարանի հաջող աշխատանքը. «Յազճյանը ընդհանրապես կապ չունի գիտության հետ, քանի որ գիտնականը չի կարոդ գիտությունը համատեղել քաբաբանոցի հետ, իսկ Յազճյանն իր գյուղում քաբաբանոց ունի»,- գրում է «Երկիր»-ը:

Թերթն անդրադառնում է նաև մեկ այլ հարցի՝ հաղորդելով, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը մոտ մեկ տարի է՝ բժիշկ չունի: «Մարդուն պատժախուց տանելու համար եզրակացություն պետք է տա բժիշկը: Իսկ քանի որ բժիշկ չկա, այդ եզրակացությունը տալիս են բուժակները կամ քույրերը, ովքեր բժշկի որակավորում չունեն»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով, այս ՔԿՀ-ում նախկին բժշկի աշխատանքից դուրս գալուց հետո չեն կարողանում նոր բժիշկ ընդունել, քանի որ աշխատավարձը ցածր է, աշխատանքային պայմաններն էլ, լավը չեն:

«Առավոտ» օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009 թվականի դրությամբ ՀՀ-ում բնակչության 34,1 տոկոսը աղքատ է: Արձանագրելով այս փաստը՝ թերթը ներկայացնում է հետևյալ ցավալի պատմությունը.

«Ամեն օր` բացի շաբաթկիրակի, նիհար, փոս ընկած դեմքով, սպիտակախառն մազերով կինը հագնում է օգնություն ստացած կարմիր ու սև նախշերով վերարկուն ու շտապում բարեգործական ճաշարան, որտեղ նրան է սպասում իր նման կարիքի մեջ գտնվող ևս 160 վանաձորցի: Ճաշարանի միջանցքում նրա քթին է դիպչում այդքան սպասված կերակրի հոտն ու էլ ավելի գրգոում արդեն յոթ տարի չհագեցող քաղցը:

Վանաձորցի Լաուրա Աղաբաբյանն օրվա մեջ ընդամենը մեկ անգամ է սնվում: Օրվա մնացած մասն էլ ոչ մի վայրկյան չի դադարում ուտելու մասին մտածելուց:

 

«Միայն քնած ժամանակ շեմ հիշում, որ քաղցած եմ»,- բնակարանում ուտելիքի ապարդյուն փնտրտուքներից հետո անկեղծանում է նա: Վանաձորցի կինը չի հիշում, թե երբ է վերջին անգամ կուշտ փորով հաց կերել, տանը լի սեղանի ու իր ձեռքով սիրելի աղցանը պատրաստելու մասին խոսելիս աչքերը փայլում են: Ճաշարանում սնվելուց արդեն երեք ժամ անց անհաղթահարելի քաղցն իրեն զգացնել է տալիս, ինչն էլ մոռանալու համար մտովի տեղափոխվում է անցյալ, երբ կենդանի էին ամուսինն ու երեխան: «Երջանիկ ժամանակներ էին, ամուսինս ասում էր, որ այնպես է ընտանիքը պահելու, որ բոլորը մատով ցուjց տան»,- հիշում է 61 տարեկան Լաուրան, ով ամուսնությունից երկու տարի անց ավտովթարից կորցրել է ամուսնուն, իսկ մի քանի տարի անց էլ բժշկական սխալը որդու կյանքն է խլել:

«20
տարեկանից անբախտ մնացի, կորստի ցավը քիչ էր, հիմա էլ էս յոթ տարի է`աշխատանք չունեմ, ուր էլ գնում եմ, ասում են տեղ չկա կամ էլ տարիքդ մեծ ա: Թոշակ ու նպաստ էլ չեմ ստանում»,- պատմում է Լաուրան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում