«Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը կհատկացվի 155,84 մլն դրամ
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյաննանցկացրել է աշխատանքային խորհրդակցություն նվիրված 2013 թվականին հոբելյանական 10-րդ անգամ անցկացվելիք Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ”Լավագույն մարզական ընտանիք” մրցույթի, ինչպես նաև մարզական զանգվածային միջոցառումների վերաբերյալ՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90‑ամյակին:
Խորհրդացությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների, ինչպես նաև հանրապետության մարզպետարանների սպորտի պատասխանատուները և ԼՂՀ սպորտկոմիտեի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Փոխնախարարը ներկաներին կոչ է արել ակտիվորեն աշխատել տեղերում և մեր հայրենակիցների շրջանում տարածել մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի գաղափարները: Նա կոչ է արել բոլորին հորդորել մասնակցելու ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող ”Լավագույն մարզական ընտանիքը-2013” հոբելյանական 10-րդ մրցույթին և նախարարության կողմից իրականացվող մյուս մարզական միջոցառումներին:
”Տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը ”Լավագույն մարզական ընտանիքը” միջոցառմանը, ինչը վկայում է ոչ միայն մեր բոլորի արդյունավետ աշխատանքի մասին, այլ նաև խոսում է այն մասին, որ մեր հայրենակիցները ցանկանում են զբաղվել սպորտով: Մեզ մնում է շարունակել ուղղորդել նրանց և աշխատել սպորտի մասսայականացման ուղղությամբ”,- նշել է Խ. Ասրյանը և ավելացրել, որ մասսայական սպորտի տարածման և առողջ ապրելակերպի արմատավորման գաղափարի իրականացումը շարունակում է մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Նա տեղեկացրել է նաև, որ այս տարի ավելացել է միջոցառման անցկացման համար տրամադրվող գումարը՝ անցած տարվա 69մլն դրամի փոխարեն այս տարի այն դարձել է 155,84մլն դրամ: Պարգևատրվելու են ոչ միայն եզրափակիչ փուլի մասնակիցները, այլ նաև 1-ին փուլում 1-ինից 3-րդ տեղերը գրաված ընտանիքները: Ակնկալվում է, որ հոբելյանական մրցաշարին կմասնակցեն ավելի շատ ընտանիքներ, քան նախորդ տարիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում