Երևանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները
Նմանատիպ
«ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի» համաձայն` 2012թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:
Զորավարժությունների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի, ղեկավարման կազմակերպման և զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ին Երևանում մեկնարկել են զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ–պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ Շտաբի ներկայացուցիչները, հաղորդում են ՊՆ մամլո ծառայությունից:
Բացելով խորհրդակցությունը և ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը պատվիրակությունների անդամներին է ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը:
Շտաբային բանակցությունների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իր ելույթում պարոն Դ.Տոնոյանն ընդգծել է, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կհամաձայնեցվեն զորավարժությունների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակվել են միջազգային չափանիշների համաձայն և ենթադրում են բացառապես պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ և ռազմաքաղաքական կազմակերպությունների ու պետությունների անվանումներ:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով որոշվել է զորավարժությունների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների դիտորդների: Զորավարժությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով շտաբային բանակցություններին և պլանավորվող զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն իր հերթին վստահություն է հայտնել, որ շտաբային բանակցությունների այս փուլում կհամաձայնեցվեն հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերն ու կձևավորվեն միասնական տեսակետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում