Բուֆֆոն. Անվանեք ինձ Ջիջի. դա բավական է
Նմանատիպ
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը իր կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, վաստակել երկրպագուների հարգանքը: Բրազիլիայում կայանալիք Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության նախաշեմին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Բուֆֆոնը խոսել է ակումբում և հավաքականում իր ունեցած ելույթների մասին: Allsport.am–ը այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
-Ասում են, որ մինչև 14 տարեկան կիսապաշտպան եք եղել, հետո 1990-ի Աշխարհի առաջնությունում ոգեշնչվելով կամերունցի դարպասապահ Թոմաս Ն’Կոնոյի խաղով` ցանկացաք դարպասապահ դառնալ: Ճի՞շտ է:
-Ճիշտ է: Ն’Կոնոյի սեյվերը ստիպեցին սիրահարվել դարպասապահի մասնագիտությանը: Նա իմ կուռքը դարձավ: Նրա անունով եմ կոչել որդուս’ Լուկաս Թոմասին: Երբ որդիս ծնվեց, Ն’Կոնյոն զանգահարեց ու շնորհավորեց ինձ:
-Համարվում է, որ դարպասապահները գինու պես են. որքան հին’ այնքան լավը: Ձեր կարծիքով ո՞ր տարիքում է դարպասապահը իր մարզավիճակի գագաթնակետում հայտնվում:
-Չգիտեմ, բայց ակնհայտ է, որ 30 տարեկանը առանցքային է մարդու կյանքում: Այդպես է նաև սպորտում: Երբ անցնում ես այդ սահմանը, պետք է մարզումների ու խաղերի ժամանակ հենվես փորձիդ վրա: 30-ից հետո պետք է ջանասիրաբար աշխատել, որպեսզի կարողանաս մնալ ճիշտ մարզավիճակում:
-Կարո՞ղ են արդյոք դարպասապահ ավագները կատարել առաջնորդի իրենց պարտականությունները` հեռու մնալով իրադարձությունների վայրից:
-Երբեք այդ մասին չեմ մտածել: Ավագ լինելը պարզապես թևկապ կրելն է: Իսկ ավագի պարտականություններ կատարել նշանակում է կարևոր դեր խաղալ դաշտում և հանդերձարանում թիմի համար: Այդ դեպքում կարևոր չէ, թե դու որ դիրքում ես խաղում:
-Ո՞ր պաշտպանի հետ Դուք ունեք կամ ունեցել եք լավագույն փոխհասկացողությունը:
-Կան հինգ ֆուտբոլիստներ, որոնց հետ միմյանց հասկացել ենք կես խոսքից’ Ֆաբիո Կաննավարոն, Լիլիան Թյուրամը, Անդրեա Բարցալյին, Լեանդրո Բոնուչին ու Ջորջիո Կյելլինին:
-Դժվարին սեյվը նույնքան կարևոր է, որքան խփած գնդա՞կը:
-Եթե անկեղծ, ապա, կարծում եմ, այո: Դարպասապահները հասկանում են, որ իրենց շատ դժվարությամբ են ներվում թույլ տված սխալները: Խաղային այս դիրքը պահանջում է առավելագույն կենտրոնացում. չի կարելի հանգստանալ նույնիսկ մեկ ակնթարթ:
-Ո՞ր սեյվն եք ամենակարևորը համարում Ձեր կարիերայում:
-Շատ դժվար է ընտրել դրանցից միայն մեկը: Բարեբախտաբար, ինձ մոտ այդպիսի դրվագներ շատ են եղել: Սակայն, կարծում եմ, Աշխարհի 2006 թ. առաջնության եզրափակչում Զինեդին Զիդանի հարվածից հետո կատարածս սեյվը ամենակարևորն էր:
-«Յուվենտուսում» Ձեր առաջին մրցաշրջանում (2001/02) Ա Սերիայի 34 խաղում Դուք 23 գոլ եք բաց թողել: Դա Ձեր դեռևս լավագույն արդյո՞ւնքն է:
-Դեռևս այո: Սակայն, իհարկե, լավ կլիներ, եթե կարողանայի բարելավել այդ արդյունքը, որին թիմը հասել է 11 տարի առաջ:
-Ակումբային մակարդակում 800, իսկ Իտալիայի հավաքականում’ 126 հանդիպում եք անցկացրել: Ո՞ր մարզչի հետ եք լավագույնս աշխատել:
-Չեմ ցանկանում ծեծված խոսք հնչեցնել, սակայն, կարծում եմ, մարզիչներից յուրաքանչյուրն էլ ազդել է իմ կարիերայի ու դրա զարգացման վրա: Սակայն, լավագույնը համարում եմ Անտոնիո Կոնտեին: Նա կարճ ժամանակահատվածում կարողացավ թիմին նոր շունչ ներարկել: Երկու մրցաշրջան «Յուվենտուսը» 7-րդ տեղն էր զբաղեցրել, իսկ նա, գալուն պես, միանգամից հաղթող դարձավ:
-Ո՞ր հարձակվողն է Ձեզ ամենից շատ անհարամարություններ պատճառել:
-Զլատան Իբրահիմովիչը: Նա իսկապես հիանալի ֆուտբոլիստ է, ով միշտ զարմացրել է ինձ և խնդիրներ ստեղծել:
-Ինչպիսի՞ պաշտպանների կցանկանայիք տեսնել Ձեր առջև:
-Ես չեմ կարող պատկերացնել ավելի լավ պաշտպաններ, քան նրանք են, ում հետ ես արդեն խաղացել եմ:
-Ի՞նչ է Ձեզ համար «Յուվենտուսը»:
-Հաջողություններով, պայքարով և պարտականություններով կյանք: Դա ընտանիք է, որտեղ ես մեծացել եմ և օգնել եմ մեծանալ մյուսներին: Սա առանձնահատուկ կենսակերպ է, որն ընտրում ես մեկ անգամ և ընդմիշտ:
-Ինչպե՞ս եք Ձեզ’ որպես 35-ամյա դարպասապահ զգում, երբ տեսնում եք 19-ամյա ֆուտբոլիստների, ովքեր ազգային հավաքականում նորամուտ են նշում:
-Ժամանակը կանգ չի առնում ոչ ոքի համար: Հավաքականի կազմում իմ առաջին խաղը ես անցկացրել եմ 17 տարեկանում, իսկ համար 35 տարեկան եմ. չեմ կարող կանգնեցնել ժամացույցը, այն առաջ են գնում: Ես ինքս ինձ հետ ներդաշնակության մեջ եմ և պարզապես փորձում եմ կուտակածս փորձը փոխանցել երիտասարդ խաղացողներին:
-Ո՞ր թիմի հետ կցանկանայիք խաղալ Կոնֆեդերացիայի գավաթում:
-Բրազիլիացիների հետ: Առաջին հերթին նրանց պատմության համար, երկրորդ’ միշտ էլ հետաքրքիր է խաղալ մրցաշարն ընդունող երկրի հավաքականի հետ:
-Վերջերս Ձեր հարազատ Կարրարեզեից գնել եք ակումբ: Այժմ Ձեզ պետք է դիմենք ավա՞գ, թե՞ նախագահ:
-Անվանեք ինձ Ջիջի: Դա բավական է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում