Կ.Մանոյան. Այս փուլում հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքն ու կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային
Նմանատիպ
Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը՝ նշելով, որ դա դեռ աշխարհի վերջը չէ:
«Այս փուլում հաղթեցին թուրքական ճնշումներն ու սպառնալիքը, ինչ-որ չափով նաև կաշառքները: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր այսօր արդեն մաս են կազմում թուրքամետ կազմակերպությունների, կամ նախկին քաղաքական գործիչ-իրավաբաններ, ովքեր իրենց քաղաքական գործունեության ընթացքում այս գաղափարին դեմ էին արտահայտվել, ուստի պարզ է, որ որոշման կայացումն այնքան էլ անբիծ չէ, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային»,- ընդգծել է քաղաքագետը:
Խոսելով Սակոզիի նոր հանձնարարության մասին` Կ. Մանոյանը նկատել է, որ դա պարզապես բարի կամքի դրսևորում է. «Կարծում եմ, որ մեկ-երկու օրից խորհրդարանը հանգստի կգնա` մայիսի ընտրություններին պատրաստվելու համար: Իսկ այն փաստը, որ ավելի քան տասներկու ժամ հարցն արծարծվեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում, արդեն կարևոր է: Ինչ վերաբերում է թուրքական ճնշումներին, ապա իրականում սա միայն թուրքական ճնշումների արդյունք չէ: ԱՄՆ պետքարտուղարը, եվրոպական որոշ կառույցների ներկայացուցիչներ հայտարարություններ արեցին, որոնք եւս իրենց դերն ունեցան: Սա Թուրքիային սիրաշահելու- չսիրաշահելու, նեղացնելու կամ չնեղացնելու հարց էր, որը պետք էր ոչ միայն Ֆրանսիային»,- համոզմունք է հայտնել Կ.Մանոյանը:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատում նաև նշել է, որ եթե անգամ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ավելի շուտ ստորագրեր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, ապա այսօր այլ պատկեր կլիներ: Այդ դեպքում օրենքը բողոքարկելու խնդիր կառաջանար:
«Սովորաբար նման խնդրահարույց հարցերում նախագահները փորձում են չշտապել, որպեսզի չստացվի, որ մաքսանենգություն արեց, թույլ չտվեց ընդդիմախոսներին, որպեսզի իրենց սահմանադրական իրավունքն օգտագործեն: Եթե Սարկոզին ժամանակից շուտ ստորագրեր, դա կնշանակեր, որ մեկ այլ առիթով այդ օրենքի սահմանադրականությունը պետք է վիճարկվեր հենց նույն Սահմանադրական խորհրդում, սակայն այլ ժամկետներում և այլ ճանապարհով»,-մանրամասնել է Կ.Մանոյանը:
Մեկնաբանելով այն վարկածը, թե այս օրինագծի առաջ քաշումը նախընտրական խաղ էր Նիկոլա Սարկոզիի կողմից՝ քաղաքագետն ասել է, որ ինքն այնքան էլ համամիտ չէ. «Եթե նույնիսկ խաղ էր, ապա` ոչ պրոֆեսիոնալ: Հակառակը հաստատելու հիմք չունեմ, սակայն կարծում եմ, որ սա մի քիչ շատ է: Չեմ կարծում, թե Սարկոզին այսքան անլուրջ մարդ է, որ նման ռիսկի գնար: Որպես ի՞նչ: Եթե ասում ենք, որ Ֆրանսիայում կա 400 հազար հայ, ապա չի նշանակում, որ այդքան ընտրող է, դրանց մեջ կան նաև երեխաներ, անչափահասներ»:
Կ.Մանոյանը նաև նշել է, որ օրինագծի ընդունման համար ստեղծված էր ամենահարմար պահը, լավ աշխատելու դեպքում կարող է նման մի պահ նորից հասունանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում