Ո՞ր ակումբը կընտրի Մխիթարյանը. «Արսենալ», «Լիվերպուլ», «Տոտենհեմ»…
Նմանատիպ
Football.ua կայքը վերլուծել է, թե կարիերայի շարունակություն ինչպիսի տարբերակներ ունի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը դարձավ այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումը: Նա իր արդյունավետությունն ու կարողությունները ցուցադրել է ոչ միայն ներքին ասպարեզում, այլև հաճելի է տպավորություն է թողել նաև Եվրոպայում: Եվրոպական հայտնի շատ ակումբների համար Մխիթարյանը կարող է լավ ձեռքբերում լինել, քանի որ գտնվում է ինտենսիվ զարգացման տարիքում: Թվում է’ այժմ Ուկրաինայի առաջնությունից հեռանալու լավագույն ժամանակն է:
Ազգային առաջնությունների հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ Հենրիխը ցանկություն է հայտնել ամռանը հեռանալ թիմից: Սակայն, դա կարող է տեղի ունենալ միայն լավ առաջարկի դեպքում: Ավանդաբար, հնարավոր տրանսֆերի կայացման գլխավոր խոչընդոտը հանդիսանում է խաղացողի տրանսֆերային արժեքը: 40 մլն. եվրոն չափազանց շատ է ու նման պայմաններում շատերը կարող են հրաժարվել Մխիթարյանին գնելու մտքից:
Որտե՞ղ. «Լիվերպուլ»
Ինչքանո՞վ. 15 մլն. ֆունտ
Ինչո՞ւ. թիմի ուժեղագումը’ ըստ Ռոջերսի սկզբունքների
«Կարմիրները» հայ ֆուտբոլիստին գնել ցանկանալու շատ պատճառներ ունեն. երիտասարդ, արագ խաղացող է’ ֆուտբոլային լավ մտածողությամբ: Արդեն հայտնի է, որ «Լիվերպուլը հետաքրքրված է նաև Եվգենի Կոնոպլյանկայի ծառայություններով: Նրա ու Մխիթարյանի դիրքերը տարբեր են, սակայն նույն Կոուտինյոն մերսիսայդյան թիմում հիմնականում խաղում է ձախ եզրից: Բրենդան Ռոջերսի ներկայիս թիմում Մխիթարյանի տեղը հենց դա է: Իսկ եթե հանկարծ հեռանա Լուիս Սուարեսը…
Ցանկացած տրանսֆերի կայացման համար կարևոր է երկու նախապայման’ խաղացողի ու իր ներկայիս ակումբի ցանկությունը: Ենթադրենք, «Լիվերպուլը» պատրաստ է վճարել պահանջվող գումարը (հակառակ դեպքում «Շախտյորը» չի վաճառի իր լավագույն խաղացողին), Մխիթարյանը կցանկանա՞ տեղափոխվել այնտեղ. իհարկե, հանքափորները ապահովել են Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիրը, սակայն Անգլիայի առաջնությունը ամեն շաբաթ մարտահրավեր է, նույնիսկ եթե մերսիսայդցիները չեն մասնակցելու եվրոգավաթներին:
Հավանականությունը’ 20%. – կլինի գումար, կլինեն բանակցություններ
Որտե՞ղ. «Արսենալ»
Ինչքանո՞վ. 15 մլն. ֆունտ
Ինչո՞ւ. Երիտասարդների հետ աշխատելու Վենգերի փայլուն ունակությունը
Մխիթարյանի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրության մասին շատ վաղուց է խոսվում, բայց վերջին ժամանակներս խոսակցությունները մի փոքր դադարել են: «Կանոնիերներն» այլևս այդքան հակված չեն երիտասարդ խաղացողներ գնելուն, քանի որ բավականաչափ գումարներ ունեն ձեռք բերելու փորձառու ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սանտի Կասորլան ու Լուկաս Պոդոլսկին: Միևնույն ժամանակ, դա հաստատում է, որ լոնդոնցիները գնումների համար մեծ գումարներ ունեն, իսկ Մխիթարյանի արժեքը օրեցօր բարձրանում է: Արսեն Վենգերը նույնիսկ գովասանքի մի քանի խոսքեր է հասցեագրել Հենրիխին:
Բայց բացվող տրանսֆերային պատուհանում Մխիթարյանի հնարավոր գնորդների ցուցակում «Արսենալի» անունը գրեթե չի շոշափվում: Եթե առողջ լինի Ուիլշերը, իսկ Կասորլան մրցաշրջանն անցկացնի առանց ընդմիջումների, ապա Մխիթարյանի դիրքի խաղացող լոնդոնցիներին անհրաժեշտ չի լինի: Միևնույն ժամանակ, նրա խաղաոճն ու հարձակվողական պոտենցիալը կարելի է օգտագործել նաև հարձակման եզրերից մեկում: Վենգերը ժամանակին մարզել է Ֆրեդի Լյունգբերգին’ նոմինալ կիսապաշտպանի, ով, սակայն, պարբերաբար հայտնվում էր հարձակման գծում:
«Արսենալի» հնարավորությունները ավելի մեծ կլինեն, եթե անձամբ խաղացողը ցանկանա այնտեղ տեղափոխվել, իսկ ակումբը’ գումար գտնել, բայց պետք է նշել, որ Մխիթարյանն այս պահին ավելի շատ պետք է «Լիվերպուլին», քան «Արսենալին»:
Հավանականությունը’ 20%
Որտե՞ղ. «Տոտենհեմ»
Ինչքանո՞վ. 15-17 մլն. ֆունտ
Ինչո՞ւ. հարձակման գիծը ամրապնդելու համար
Եվս մեկ անգլիական ակումբ, որը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով: Լոնդոնցիների’ ամառային տրանսֆերային գործունեությունը կկառուցվի Գարեթ Բեյլի շուրջ, ու թիմը կազմը կարող է լրջորեն ուժեղացվել Չեմպիոնների լիգայում հայտնվելու դեպքում: Կոպիտ ասած, եթե «Տոտենհեմը» չհայտնվի լավագույն քառյակում ու կարողանա պահպանել Բելին, ապա թիմին մեծ ծախսեր պետք չեն:
Սակայն, Մխիթարյանի տեղափոխությունը կարող է և կախված չլինել Բեյլի ապագայից: «Տոտենհեմը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ, եթե չհաշվենք ուելսցուն, առջևում հանդես եկող ֆուտբոլիստներից ոչ մեկը չի կարող պարծենալ անցկացրած փայլուն մրցաշրջանով: Լեննոն, Դեմպսի, Սիգուրդսոն, հունվարին տեղափոխված Հոլտբին անկայուն խաղ են ցուցադրում: Իսկ «Տոտենհեմը» այնպիսի ակումբ է, որը սիրում է իր աևջև մեծ նպատակներ դնել:
Վիլիանի համար «շպորների» գումարը չհերիքեց, սակայն Մխիթարյանի դեպքում գումարային հարցը պետք է որ խոչընդոտ չլինի: Անգլիական բոլոր նախորդ թիմերի տարբերակներից «Տոտենհեմինը» առավել տեղինն է թվում:
Հավանականությունը’ 30%
Որտե՞ղ. «Ֆիորենտինա»
Ինչքանո՞վ. 15 մլն. եվրո
Ինչո՞ւ. Յովետիչի հնարավոր փոխարինողը կլինի
«Ֆիորենտինան» Իտալիայի ընթացիկ առաջնությունում մեկ մեծ քայլ առաջ կատարեց ու մինչև վերջին տուրը պայքարում է Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: «Մանուշակների»’ Հենրիխի հանդեպ հետաքրքրության մասին առաջին լուրը հայտնվեց դեռ աշնանը, երբ «Ֆիորենտինան» այդքան էլ մեծ ուժ չէր ներկայացնում: Այն ժամանակ նախադրյալներ չկային’ հավատալու, որ Շախտյորի աստղերից մեկի համար կարող է պայքարել ոչ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող միջին կարգի թիմը:
Այժմ Վինչենցո Մոնտելլայի թիմը հետաքրքիր խաղ է ցուցադրում, իսկ ակումբը դրսևորում է իրեն նաև որպես երիտասարդ ֆուտբոլիստների կայացման համար լավ վայր: Հազիվ թե այժմ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվեն եվրոպական ֆուտբոլի թոփ-5 ակումբները, այնպես որ, «Ֆիորենտինա» տեղափոխությունն այս առումով մեկ քայլ առաջ կլինի:
Հարցը գումարն է: «Ֆիորենտինան» այժմ չունի գոնե նախնական բանակցությունների համար պահանջվող 15 մլն. եվրոն: Սակայն Հենրիխը պետք չէ մանուշակներին, եթե թիմում մնա Յովետիչը: Լրիվ այլ իրավիճակ կլինի չեռնոգորացու հեռանալու դեպքում, երբ կլինի ինչպես գումար, այնպես էլ տեղ թիմի կազմում:
Հավանականությունը’ Յովետիչի հետ’ 5%, առանց Յովետիչի’ 30%
Որտե՞ղ. «Զենիթ»
Ինչքանո՞վ. 25 մլն. եվրո
Ինչո՞ւ. թիմի կազմը ուժեղ խաղացողներով համալրելու համար
Ռուսաստանի առաջնությունն այժմ չի կարող թոփ-լիգա համարվել, իսկ «Զենիթը» Եվրոպայի լավագույնների հետ համեմատվում է միայն իր ծախսերի չափով: Սակայն, դուր եկած խաղացողի համար սանկտ-պետերբուրգցիները պատրաստ են աստղաբաշխական գումարներ ծախսել: «Շախտյորի» տնօրեն Սերգեյ Պալկինը «Զենիթի» հետաքրքրության ու տրանսֆերի հավանական գումարի մասին նշել էր, որ 40 մլն.-ը’ Մխիթարյանի համար գին չէ’ հաշվի առնելով, թե որքան է ռուսական ակումբը վճարել Հալկի համար:
Լուչիանո Սպալետիի թիմի համար այս մրցաշրջանը շատ դժվար է հաջողված համարել: Պարզվեց’ թիմը պառակտված է ու սկանդալային: Շատ հավանական է, որ ամռանը թիմի ղեկավարները արմատական փոփոխությունների գնան’ թիմի կազմի ու մարզչական շտաբի հետ կապված: Մխիթարյանը լավ տարբերակ կլինի թիմի ուժեղացման համար: «Զենիթը» գումարային հարցում հեշտությամբ համաձայնության կգա «Շախտյորի» հետ:
Լրիվ այլ խնդիր է անձամբ Մխիթարյանը: Քիչ հավանական է, որ նա իտալական ու անգլիական ակումբների հետաքրքության պարագայում ընդունի ռուսական թիմի առաջարկը: Վիլիանի օրինակը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նրա ընտանիքը ցանկանում էր ապրել Լոնդոնի կամ Մոսկվայի պես մեգապոլիսում: Այդպիսի դեպքում, ավելի նախընտրելի է’ Մխիթարյանը մնա «Շախտյորում»:
Հավանականությունը’ 10%
Ֆերնանդինյոյի հետ կապված քննարկման ժամանակ նշվել էր, որ նրա համար կպայքարեն Եվրոպայի թոփ-առաջնությունների ամենահարուստ ակումբները: Իսկ ահա Մխիթարյանի համար նրանք դժվար թե որս սկսեն; Չնայած հիանալի մրցաշրջանին’ նա դեռ տարբեր քաշային կարգում է գտնվում: Չնայած Մխիթարյանի տեղափոխության հավանականությունը այս կամ այլ որևէ ակումբ այդքան էլ բարձր չէ, բայց, ամեն դեպքում, նրա տրանսֆերը առավել հավանական է, քան նույն Ֆերնանդինյոյինը: Հնարավոր է’ Հենրիխը պատրաստ է առաջ քայլ կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում