Իրանագետ. «Տարածաշրջանային քաղաքականության մեջ Իրանի համար բավականին կկարևորվի Հայաստանի դերը»
Նմանատիպ
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ագրեսիվ կդառնա: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը:
«Տարածաշրջանի սունիական պետությունները ձգտում են Մերձավոր Արևելքում ուժեղացնել ԱՄՆ-ի ազդեցութունը և նվազեցնել Իրանինը: Ես ակնկալում եմ իրանաթուրքական հարաբերությունների որոշակի վատթարացում: Այդ տեսակետից Հարավային Կովկասում տարվող քաղաքականության շրջանակներում Իրանի համար բավականին կարևորվելու է Հայաստանի դերը»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ Սիրիայում ևս Իրանն ավելի մեծ ակտիվություն կդրսևորի:
Այս հարցի շրջանակներում իրանագետն առանձնացրել է երկու համատեքստ` թուրք-իրանական հարաբերություններ և իրանաադրբեջանական հարաբերություններ:
Անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցին՝ Ս. Սարուխանյանն ասել է. «Իսրայելը ստիպում է Միացյալ Նահանգներին ռազմական հարված հասցնել Իրանին կամ աջակցել իրեն` այդպիսի հարված հասցնելու գործում, սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը խուսափում է դրանից: Դա բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին ԱՄՆ-ին դժվարությամբ հաջողվել է Իրաքում հասնել կայունության: Եվ դա միայն այն բանի շնորհիվ, որ Իրաքում գործող Իրանի կողմից հովանավորվող շիա կազմակերպությունները գնացել են այդ բալանսի ձևավորմանը: Իրանին հարվածելու դեպքում, վերջինս ունի այն լծակները, որ Իրաքում կրկին քաղաքացիական պատերազմ հրահրի»:
Իրանագետը նաև մեկնաբանել է Իրանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները՝ նկատելով, որ առաջին անգամ իսլամական հեղափոխությունից հետո իրանական ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանական ընտրությունները: Ս.Սարուխանյանը նշել է, որ պահպանողականների մի ճամբարը համախմբված է եղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի շուրջը, իսկ մյուս ճամբարը`Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի շուրջ:
«Ապագա խորհրդարանը լինելու է հականախագահական և քննադատության է ենթարկելու գործող նախագահին: Խորհրդարանական ընտրություններում ձայների 60%-ը ստացան Իրանի հոգևոր առաջնորդի շուրջ համախմբված պահպանողական ուժերը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրանական ընդդիմադիր դաշտը տրոհված է, և ընդդիմությունը նախագահի աթոռի համար լուրջ հավակնություններ չի կարող ունենալ»,- ասել է իրանագետը:
Ս. Սարուխանյանը նաև հայտնել է, որ նախագահ Ահմադինեջադի տարածաշրջանային քաղաքականությունը քննադատության էր ենթարկվում պահպանողականների կողմից. Վերջիններս անդրադարձել են Բահրեյնում շիաների շարժումը Սաուդյան Արաբիայի զորքերի կողմից ճնշման հարցին՝ վրդովվմունք արտահայտելով, որ այդ միջադեպին իշխանությունները գրեթե զրոյական արձագանք են տվել:
Իրանագետի խոսքերով՝ Իրանի նոր խորհրդարանի աշխատանքին ներգրավված կլինեն նաև հատուկ ծառայությունների և զինվորական շրջանակների նախկին անդամներ, որոնք կողմնակից են տարծաշրջանում ավելի ագրեսիվ քաղաքականության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում