Թերթերն այսօր. Արդյո՞ք «Ազատ դեմոկրատներ»-ի և «Ժառանգության» դաշինքը փակուղի է մտել

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատանքներն առաջվա ջերմեռանդությամբ չեն ծավալվում: Պատճառն այն է, որ նախարարներն ավելի շատ զբաղված են նախընտրական, կուսակցական գործերով քան պաշտոնական: Եվ անգամ ծառայողական հեռախոսներով նրանք կուսակցական հանձնարարականներ են ստանում: Տեղեկությունը` ծառայողական հեռախոսների մասով թերթի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը` բացատրելով, որ դրանից իր աշխատանքը, միևնույն է, չի տուժում: «Իսկ ՀՀԿ շտաբի նիստերին մասնակցո՞ւմ եք» հարցին Աշոտյանը պատասխանել է. «Ես շտաբի անդամ չեմ, համենայնդեպս` դեռ: Երբ որ շտաբն ամբողջական սկսի աշխատել, և ինձ հրավիրեն նիստերի`այս կամ այն հարցով կամ ստաբիլ, իհարկե կգնամ: Ինչի՞ մասին է խոսքը»: «Փոխարենը Աշոտյանը վարչապետի հետ մասնակցում է կուսակցական այցերին` մարզեր: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ի ներսում անառողջ մթնոլորտ է. Հովիկ Աբրահամյանի շտաբն առանձին է աշխատում, Տիգրան Սարգսյանինը`առանձին»,- եզրակացնում է թերթը:

«Երկիր» օրաթերթը գրում է. «2007թ. խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել էր ընտրողների 15,1 տոկոսի ձայները, իսկՀՅԴ-ն` 13,2: Վերջինս ԲՀԿ-ին համամասնական ընտրսւկարգում զիջեց ընդամենը 27 հազար ձայնի տարբերությամբ, ինչն առնվազն նշանակում է, որ այս երկու ուժերն ընդամենը 5 տարի առաջ ունեին գրեթե նույն վարկանիշը: Ընդ որում` ՀՅԴ-ն հենված էր իր կայուն, անփոփոխ, հիմնականում գաղափարականացված էլեկտորատի վրա, մինչդեռ ԲՀԿ-ն ձևավորվել էր դրանից ընդամենը մեկ տարի առաջ, և բոլորի համար պարզ էր, որ այն կոնյուկտուրային քաղաքական ուժ է և ձևավորվել է հենց ընտրություններում հստակ դերակատարում ունենալու առաքելությամբ: Այն չուներ պատմություն, գաղափարական հստակ ուղղվածություն և ընկալվում էր որպես իշխանական պրոյեկտ:

Նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր ընդամենը մեկ գործոնով, ներքին ընդդիմության, այսպես կոչված, ներքին այլընտրանքի կարգավիճակն արհեստականորեն ստանձնելով: Հենց այդ գործոնի շնորհիվ էլԲՀԿ-ին հաջողվեց փոփոխությունների լուրջ հասարակական սպասումներ, ակնկալիքներ առաջացնել և խիստ ամբիցիոզ ուժի դեր ստանձնելով ընդամենը մի քանի ամսվա կյանք ունենալով հանդերձ, խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը դառնալու իրավունք վաստակել:

Բայց որքան էլ տարօրինակ էր, գրեթե 400 հազար ձայնի հավակնող կուսակցությունը հավաքեց դրա ուղիղ կեսը` այնուամենայնիվ, բացարձակ մեծամասնություն կազմելու բոլոր հնարավորությունները թողնելով Հանրապետական կուսակցությանը: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն, խաղարկելով ներքին այլընտրանքի դերը, իրականում ապահովեց ՀՀԿ-ի հաղթանակը: Նրա քաղաքական դերակատարությունն այդ ժամանակ սահմանափակվեց միայն այդքանով` բացարձակապես անտեսելով հասարակական այն սպասելիքները, որոնց թելերին, փաստորեն, կարողացել էր նման արդյունքների հասնել:

2012-ի ընտրություններին ընդառաջ հասունանում է գրեթե նույն իրավիճակը: Հանրապետական կուսակցության հետ լուրջ դիմակայության պատրանք ստեղծելով` կուսակցությունը փորձում է վերստին մտնել հին դերի մեջ, թեև իրականում ներիշխանական այլընտրանքի մասին խոսք լինել չի կարող: Որքան էլ սկզբունքայնություն ցուցադրվի, փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայից դուրս գալչի ցանկանում կամ չի կարողանում (տվյալ դեպքում դրանք նույն բաներն են), շարունակում է պատասխանատվություն կրել կառավարության գործունեության համար, Սերժ Սարգսյանի հետ համաձայնության է եկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման և իրար դեմ փաստացի չպայքարելու հարցում ևւ, վերջապես, չի հրաժարվում 2011թ. փետրվարին ստորագրված հուշագրի` Սերժ Սարգսյանին 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու պարտավորությունից: Եվ հիմա հարց է առաջանում, արդյոք այս ակնհայտ իրողություններո՞վ պետք է առաջնորդվել, թե՞ մերթընդմերթ հրապարակ նետվող` ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին բամբասանքային տեղեկություններով ու անհասկանալի հայտարարություններով, որոնց քաղաքական կշիռ ունեցող կոնկրետ գործողություններ երբեք չեն հետևել»:

Քննարկվում է «Ազատ դեմոկրատներ»-ի՝ «Ժառանգորթյան»-ը միանալու հարցը

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները համոզված են, որ «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ` փակուղի են մտել:

Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն Է խնդրել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է. «Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չենք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք»: Երբ «Հժ» թղթակիցը հարցրել է` արդյո՞ք իրենց համագումարի հետաձգումը ևս փակուղու վկայությունը չէ, Գևորգյանը պնդել է, թե համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:

«Հայացքի» տեղեկություններով` կուլիսային խոսակցություններ կան, թե «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու ծրագիրն այնքան էլ «Ժառանգություն» կուսակցության սրտով չէ: «Սակայն օվկիանոսից այն կողմ գտնվողները «Ազատ դեմոկրատներին» հասկացրել են, որ եթե «Ժառանգությունը» փորձի հակադրվել «դաշինքի նախագծին», ապա իրենք «ստավկա» կդնեն միայն «Ազատ դեմոկրատների» վրա: Ամսի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, իր «դաբրոն» կտա դաշինքով «Ազատ դեմոկրատների» հետ խորհրդարան մտնելու ԱՄՆ նախագծին»,- գրում է թերթը:

Զարմանազան.

«Հրապարակ»-ը գրում է. «Աշխարհի շատ քիչ երկրներում կա «Ազգային փոխադրող» հասկացությունը:Ավիափոխադրումների ոլորտն ազատ է, մրցակցային և մենաշնորհներ չի հանդուրժում: Արդյունքում՝ ավիատոմսերի գինը շատ ավելի ցածր է, քան մեզանում, իսկ սպասարկումը՝ շատ ավելի բարձր: Ինչու՞ է Միկա Բաղդասարովն արժանացել «Ազգային փոխադրող» կոչմանը, եթե «Արմավիայի» մատուցած ծառայությունները մեզ չեն բավարարում, և պարտքերի պատճառով չի կարողանում ապահովել անխափան չվերթներ: Գուցե իսկապե՞ս նրան ուզում են զրկել հատուկ կարգավիճակից և «Արմավիան» ձեռքից խլել, բայց այս դեպքում դա կարելի է միայն ողջունել»:

«Ժողովուրդ»-ի հաղորդմամբ՝ մինչ ՀՀԿ-ն նորացնում է իր կայքը, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի պաշտոնական կայքը ծառայեցնում է հարազատ կուսակցությանը: Բանն այն է, որ Աժ կայքում տեղադրված լուրերը գերազանցապես ՀՀԿ-ականների մասին են` ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպել է Լեհաստանի դեսպանին, Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան, Նիկոյանը պատվոգրեր է տվել բժիշկներին և այլն: Ու այնպիսի տպավորություն է, որ բացի ՀՀԿ խմբակցությունից, Սամվել Նիկոյանից ու Էդուարդ Շարմազանովից, Աժ-ում որևէ մեկը ո՛չ հանդիպումներ է ունենում, ո՛չ էլ որևէ գործով զբաղվում: Մինչդեռ Աժ-ում ներկայացված է հինգ քաղաքական ուժ և տասնհինգ մշտական հանձնաժողով: Ավելին, թերթն անդրադարձել էր, որ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն էլ այս կայքը տեղադրել էր աշխատակազմի անունից շնորհավորանք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում