Ն.Սարկոզին խոսել է «հայերի վիրավորված հիշողությունների» մասին
Նմանատիպ
Ավելի քան 50.000 լսարանի առջև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել է «հայերի վիրավորված հիշողությունների» մասին:
Մարտի 11-ին նախագահի թեկնածու Ն.Սարկոզին, 2012 թ.-ի ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում հանդիպման ժամանակ իր դիրքորոշումն է ներկայացրել՝ ի պաշտպանություն հայերին: Այս մասին հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը Փարիզից:
Մեջբերելով Շ.դե Գոլի ժամանա մշակույթի նախարար Անդրե Մալրոյի հետևյալ խոսքը. «Ֆրանսիան Ֆրանսիա է, երբ պայքարում է հանուն ուրիշների»՝ նախագահ Սարկոզին ասել է. «Ֆրանսիան պետք է մարդկանց, ազատության և արդարության կողքին լինի: Այսօր Ֆրանսիան պետք է սիրիացիների կողքին կանգնած լինի: Մարդասպանները պետք է պատասխան տան: Ֆրանսիան կպաշտպանի համընդհանուր հավասարություն, կրոնական ազատություն, Արևելքի քրիստոնյաների իրավունքը՝ ապրել խաղաղության մեջ: Ահա թե ինչու ես կպաշտպանել հայերի վիրավորված հիշողությունները»:
Նշվում է, որ այս ելույթը Ֆրանսիայի հեռուստաընկերություններում հեռարձակվում էր ուղիղ եթերով:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ցեղասպանության իրողությունը հերքելու համար սահմանում էր մինչև մեկ տարի ազատազրկում և 45.000եվրո տուգանք: Օրինագծի հեղինակն էր իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն:
Սակայն այնուհետև թուրքական լոբբիի ճնշումների արդյունքում օրինագիծը բողոքարկվեց Սահմանադրական խորհրդում, որն էլ ի վերջո հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը: Ն.Սարկոզին խոստացավ, որ գործն ավարտին կհասցնի՝ նոր օրինագիծ մշակելով, սակայն դա մոտ ապագայում չի լինի, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում