Խ.Քոքոբելյան. Մինչև այժմ Հայաստանում եղած դաշինքները կազմվել են ուղղակի խորհրդարան մտնելու համար

«Ժառանգություն» կուսակցության հետ հնարավոր դաշինքի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մեր և Ժառանգության հարաբերություններում, իմ կարծիքով, բոլորդ գիտեք` ինչ է կատարվում` ընթանում են բանակցություններ, կան շատ-շատ հարցեր, որոնց մասով մենք ունենք ընդհանուր մոտեցումներ, ես լիահույս եմ և, որպես կուսակցության ղեկավար, ամեն ինչ կանեմ, որպեսզի միասնական հանդես գալու հնարավորությունը մենք ունենանք»,- նշել է Քոքոբելյանը: 

Ըստ նրա՝ մինչև այժմ Հայաստանի բոլոր գումարման խորհրդարաններում եղած դաշինքները արհեստական են եղել ու կազմվել են ուղղակի խորհրդարան մտնելու համար. «Ես այն կարծիքին եմ, որ «Ազատ դեմոկրատներ»-ում և «Ժառանգություն»-ում հավաքված են մարդիկ, ովքեր նման խնդիր չունեն: Մեկը ես, երբևիցե չեմ փորձել մանդատ ձեռք բերելու գործընթացի մասնակից դառնալ: Հավատացած եղեք, եթե նման ցանկություն ունեցած լինեի, նախկինում հնարավորություններ եղել են և կարող էի օգտվել դրանից», -նկատել է «Ազատ դեմոկրատ»-ների ղեկավարը: 

Բանախոսը նաև նշել է, որ առայժմ հստակեցված չէ, թե միասնական համամասնական ցուցակն ինչ տեսք կունենա, ով կգլխավորի այն և ովքեր կընդգրկվեն դրանում: Լրագրողների այն հարցին, թե Խ.Քոքոբելյանը պատրաստ է արդյոք առաջին տեղը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը պատասխանել է. «Ես անձամբ պատրաստ եմ զիջել առաջին տեղը Ր.Հովհաննիսյանին և գտնում եմ, որ, այո, Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, իմ պատկերացմամբ, ով պետք է գլխավորի ցուցակը»: 

 «Ազատ դեմոկրատներ»կուսակցության նախագահը նաև կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին՝ ԱԺ ընտրություններից առաջ միասնաբար պայքարել կեղծիքների դեմ. «Ընտրություններին ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու և այն պետք է լուծի միասնական ուժերով:Պետք է վստահված անձերին կենտրոնացնել և վերահսկողությունն իրականացնել միասնաբար»:

Կուսակցության նախագահը առաջարկել է նույն ուժերին միասնական ճակատով մեծամասնական ընտրատարածքներից գրեթե բոլոր տեղամասերում թեկնածուներ առաջադրել՝չնայած մարդկային ռեսուրսի պակասին:

«Դժբախտաբար կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ,և դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո,իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում:Պատճառը վերահսկողության ռեսուրսի պակասն է:Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել5-10վստահված մարդ,պատկերացրեք,թե դա ինչքան կարող է փոխել ընտրության ելքը»,-ասել է Խ.Քոքոբելյանը՝ հավելելով,որ պետք է կարողանալ գտնել եղանակներ,որպեսզի ավելի մեղմացնել դրանց ազդեցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում