Քննադատել նախագահին կամ նշանակետն ընտանեկան արժեքներն են

Ինչպես և սպասվում էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13-րդ համագումարում բազում մեկնաբանությունների և վերլուծությունների հարուստ նյութ է տվել լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների համար: Նույնքան սպասելի էր նաև, որ Նախագահի խոսքը պետք է առաջացներ նաև քննադատությունների հզոր ալիք: Սակայն այն ինչ այս օրերին տեղի է ունենում էլէկտրոնային լրատվության դաշտում, կարծում եմ, դուրս է ցանկացած տրամաբանությունից:

Երեկ երեկոյան նորաբաց, բայց արդեն բավականին հեղինակավոր Lurer.com կայքում հանդիպեցի հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի (թող Աստված ինձ ների, բայց այդ «հրապարակախոսի» մասին առաջին անգամ հենց երեկ լսեցի) մեկնաբանությունը Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածի մասին, որտեղ Նախագահը խոսում է հայ ընտանիքի բարձր արժեքի մասին: «Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թվում է, թե երկրի ղեկավարի այս խոսքերում քննադատելու ոչինչ չկա: Եվ դեռ ավելին՝ շատ ուրախալի է, որ Նախագահը նման վերաբերմունք ունի ընտանիքի և ընտանեկան արժեքների նկատմամբ: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս պարագայում իհայտ են եկել մարդիկ, ում դուր չի գալիս նախագահի կողմից ներկայացված իրական հայ ընտանիքի այս կերպարը: Խոսքը, անշուշտ, հիշատակված «հրապարակախոսի» մասին է, որը համոզված է, թե Նախագահի նշած պահպանողական ընտանիքները հանդիսանում են քրեաօլիգարխիկ համակարգի հիմնական շարժից ուժը:

Զարուհի Հովհաննիսյանը վստահ է, որ պահպանողական ընտանիքները «չեն ենթարկվում օրենքներին, քանի որ ունեն իրենց չգրված օրենքները, իրենց ընտանիքից դուրս անձանց չեն դիտարկում իբրև հավասար քաղաքացիներ։ Պաշտպանված է այն մարդը, որն ընդգրկված է կլանում, բուրգի մեջ՝ բարեկամը, խնամին, ազգականը, որն աներկբայորեն ենթարկվում է ներքին կանոնակարգին: Այս համակարգում արգելված է ընտրությունը, սերը, իրավունքը։ Ամեն բան որոշում է կլանի ղեկավարը։ Ընտանիքը խրախուսում է կոռուպցիան, քանի որ հանուն բարեկեցության’ ցանկացած քայլի դիմելը միայն սխրանք է։ Ընտանիքը խրախուսում է հովանավորչությունը, քանի որ պաշտոնական դիրք գրավող կլանի ներկայացուցիչը պարտավոր է հոգ տանել իր ազգականների մասին ու տեղավորել աշխատանքի շահավետ տեղերում»: Իհարկե, նման համոզմունքների տեր մարդուն դժվար է հակառակ որևէ բան համոզել: Մնում է միայն զարմանալ, թե այդ ի՞նչ ընտանիքում է մեծացել «հրապարակախոսը», որ նման վերաբերմունք ունի ավանդական հայ ընտանիքների հանդեպ: Կամ էլ պարզապես պետք է ենթադրենք, որ Զարուհին քննդատում է պարզապես քննադատելու համար:

Իբր թե հակադրվելով Նախագահի տեսակետներին՝ Lurer.com կայքին տրված մեկնաբանությունում Զարուհի Հովհաննիսյանը պետականության համար կարևորում է ոչ թե ընտանիքի, այլ ազատ քաղաքացու դերը: Նա նշում է, որ «ընտանիքը չի կարող լինել մեր գոյության երաշխավորող: Այդպես եղել է պետականություն չունենալու պայմաններում. պահպանել էթնիկ ինքնությունը՝ երազելով պետականություն ունենալու մասին: Մեր անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հենակետն ազատ քաղաքացին է, որն ունի իշխանություն ձևավորելու ու հանրային կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք»: Լավ: Բայց ո՞վ է մերժում ազատ քաղաքացու դերը: Միթե՞ Սարգսյանի խոսքում հստակ չէր, որ մեծին «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ: Կամ թե ո՞վ է ասել, որ Նախագահը խոսում էր միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքների մասին: Խոսքը գնում էր ազգային գոյության մասին, իսկ ինչպես հայտնի է, հայ ժողովուրդն ապրում և արարում է ոչ միայն ՀՀ կամ ԼՂՀ տարածքում:

Եվ վերջինը՝ իսկ ո՞վ է ասել, որ ընտանիքը որևէ կերպ խոչնդոտում է ազատ քաղաքացու ձևավորմանը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել: Իսկ եթե չլինեին ընտանեկան ավանդույթներ, ընտանեկան արժեքներ և ընտանեկան սեր, կյանքը մեր երկրում ավելի լա՞վը կլիներ: Վերջ տվեք, ամոթ է:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում