Մաշտոցի պուրակի ակտիվիստները հստակեցրել են իրենց պահանջները, իսկ Ոստիկանությունը հրավիրում է քննարկման կլոր սեղանի շուրջ
16/03/2012 16:06
Նմանատիպ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների նման շահարկումը: Մեր պահանջը հստակ է՝ կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝ Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի:
Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը: Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը:
Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել և հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին»:
ՀՀ Ոստիկանությունը նույնպես հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որի բովանդակությունըTimes.am-ը ներկայացնում է ամբողջությամբ.
«Սույն թվականի մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաև այն դեպքերում, երբ չի կիսում դրանք և` համաձայն վերջին ժամանակահատվածում ձևավորվող ավանդույթի, իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝
– Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք և իրավունք,
– «Հասարակական կարգ» և «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,
– Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,
– Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,
– Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,
– Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:
«Կլոր սեղանի» քննարկումները տեղի կունենան մարտի 17-ին, ժամը 16.30-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130)»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում