Մի շարք կուսակցություններ իրենց ցուցակները ներկայացրել են ԿԸՀ

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջին օրն է: Մինչ այսօրպատգամավորության թեկնածուների ցուցակը ԿԸՀ-ին ներկայացրել էին երեք կուսակցություններ՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (45 թեկնածու), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (75 թեկնածու) և Միավորված հայեր կուսակցությունը (29 թեկնածու): 
Այսօրվա ընթացքում իրենց ցուցակներն են ներկայացրել ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը,ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը՝ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ համատեղ:
Ինչպես լրագրողներին հայտնել է ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Ռուբեն Մանուկյանը, ցուցակը կազմված է 165 հոգուց: Նրա խոսքով, ցուցակը գրեթե չի տարբերվում հրապարակվածից, եղել են տեղերի միայն աննշան փոփոխություններ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը ասել են,որ մի քանի օր առաջ հրապարակած համատեղ ցուցակում որևէ փոփոխություն չի եղել, այն միասնական է:
Այն հարցին, թե արդյոք եղել են տարաձայնություններ ցուցակը կազմելու ժամանակ, քաղաքական երկու ուժերի ներկայացուցիչները նշել են, որ տարաձայնություններ չեն եղել, ինչը չի կարելի ասել դժգոհությունների մասին.«Դա բնական երևույթ է»,- նկատել է Սեդրակյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ թե տեղերն են, այլ քաղաքացիական հասարակության ձևավորմանը միտված քայլերը:
«Օրինաց երկիր» կուսակցության պատախանատու, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ցուցակում 178 մարդու անուն է ներառված, այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Ցուցակում նոր դեմքեր, մասնավորապես երիտասարդներ են ներկայացված», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում