Ր.Հովհաննիսյան. «Ընտրությունների արդար ընթացքի դեպքում «Ժառանգությունը» ԱԺ-ում ներկայացված կլինի 25%-ով»
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության ձևավորած համամասնական ցուցակը պետք չէ առանձին անուններով դիտել, այլ՝ որպես մեկ ամբողջություն: Այն առաջիկա տարիների համար առաջարկում է միացյալ հավաքականություն: Այն ապահովում է հայ մարդու ազատությունը, ներկայացվածությունն ամենտարբեր հասարակական շերտերից, գաղափարների, մտքերի ազատ մրցակցությունը, որոշակի ուղենիշների շրջանակներում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի՝ ցուցակում ամփոփված է նոր Հայաստանի կերտմանն ուղղված նոր այլընտրանքը, որտեղ առաջնային արժեքներն են Հայաստանի քաղաքացու իրավունքի գերակայությունը: Ր.Հովհաննիսյանը նաև նկատել է, որ ցուցակը կազմվել է համատեղ քննարկումների արդյունքում ու սխալ են այն տեսակետները, որ սա «Րաֆֆու ցուցակն է»: «Եթե Րաֆֆու ցուցակը լիներ, Րաֆֆին կլիներ 21-ում, իսկ երիտասարդները` առաջին համարներում»,- ընդգծել է «Ժառանգության» ղեկավարը՝ հավելելով, որ ցուցակում «Ազատ դեմոկրատների» դասավորվածությունն էլ որոշել են հենց իրենք՝ «Ազատ դեմոկրատները»:
Ր.Հովհաննիսյանը նաև համոզմունք է հայտնել, որ ընտրությունների արդար ընթացքի դեպքում «Ժառանգությունը» ԱԺ-ում ներկայացված կլինի 25%-ով:
«Այս անգամ ընտրությունները լինելու են աննախադեպ, քանի որ այդ մասին հնչում է ՀՀ նախագահի և իշխող կուսակցության շուրթերից, իսկ ես դա ամենայն լրջությամբ ընդունում եմ որպես քաղաքացի»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը շեշտել է, որ իր կուսակցությունը պատրաստ է պայքարել և լինել առաջատար. «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մեր պատգամավորները լինելու են ԱԺ հաջորդ գումարմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում