Մամուլն այսօր. Ոստիկանությունը նախապատրաստվում է ընտրություններին, իսկ արտագաղթի թվերն արագ աճում են

Ընտրություններ.

«168 ժամ» թերթի տեղեկություններով, ՀԱԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հայոց աշխարհը» հրապարակել է «աբիժնիկների» ցուցակ: Ըստ այդմ` ՀԱԿ-ից վիրավորված են Լ.Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանը և ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից դժգոհ է Արարատ Զուրաբյանը, ԲՀԿ-ից` Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Վարդան Բոստանջյանը, Պետրոս Ղազարյանը: 

«Ժառանգություն»-ից հեռացավ Կարինե Հակոբյանը, ըստ թերթի, դժգոհ է նաև Լարիսա Ալավերդյանը, ով դասավանդելու առաջարկ է ստացել Սլավոնական համալսարանում, և հավանաբար կհեռանա կուսակցությունից: Թերթը չի մոռացել նշել նաև ՕԵԿ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարված Սուսաննա Աբրահամյանի անունը:

«Հրապարակ»-ը գրում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: Թերթին հասած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն: Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են`Քոչարյանն ու Սարգսանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով: Ավելին` ներիշխանական կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ մարզական հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել բաց նամակով, որով քաղաքական ուժերին կոչ է արել գործող մարզիկներին չներքաշել նախընտրական քարոզչական պայքարի մեշ և նրանց չխառնել քաղաքականությանը:

«Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Շախմատի ֆեդերացիայի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մեր առաջատար մարզիկները չեն մասնակցելու քարոզարշավին: Ձեռք մի տվեք էս տղերքին»,- գրել է Նիկողոսյանը:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար: «Մենք բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն, չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն է: Աժ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն նաև հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է գնան ահազանգերի հետքերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է նաև, որ Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին, փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով բացատրել է, որ եթե առաջիկայում որևէ ոստիկան իր լիազորությունները գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով խստագույնս կպատժվի: Թերթը հիշեցնում է, որ Արթիկի ոստիկանապետը հարազատ եղբոր` ՕԵԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Հունան Պետրոսյանի քարոզչությամբ զբաղվելու համար Վ. Գասպարյանի կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի:

Արտագաղթի ցավալի պատկերը.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա հունվար-փետրվարին բոլոր տեսակի տրանսպորտներով ՀՀ-ից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17 հազ. 500-ով: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը:

«Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 12 հազարով: Այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 5 հազար 500 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 45 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: 2010-ին մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 9 հազար 90-ով, 2009-ին` 7 հազար 900-ով: Այսինքն, մեկնող-չվերադարձողների թիվը վերջին չորս տարիներին անդադար շարունակում է աճել»,- նշում է թերթը:

Արտագաղթի թեմային անդրադառնում է նաև «Ազգ» օրաթերթը՝ գրելով, որ Բելգիայի Թագավորությունում Հայաստանից գաղթած հայերն այդ երկրում ունեն մոտ քսան տարվա պատմություն: Սակայն վերջին երկու տարում այստեղից հայեrի արտաքսումն այնքան բարձր չափերի է հասել, որ շատերի հավաստմամբ կաsարվnւմ է «հայաnրunւթյnւն», որում մեղադրում են Հայաստանի իշխանություններին:

Պաշտոնական ցուցանիշներով, 2011թ.-ին Հայաստանից 691 հայեր են գաղթել Բելգիա, որից միայն մեկն է Բելգիայում ապրելու իրավունք ստացել: Նույն տարվա տվյալներով, այստեղից բռնի ուժով արտաքսվել են 203 հայեր: Ներկայումս շատերն ընտանիքներով գտնվում են «դեպորտ» բանտերում: Իսկ մեծամասնությունը անօրինական կարգավիճակում է, և եթե կամավոր երկիրը չլքեն, ապա ամեն վայրկյան ենթակա են հայտնվելու համապատասխան բանտերում:

Շատ լավ գիտակցելով հանդերձ, թե անօրինական կարգավիճակում մնալու վտանգը ինչերի կարող է հանգեցնել, միևնույնն է, նրանցից ոչ ոք Հայաստան վերադառնալու ցանկություն չունի: Շատերը գերադասում են փողոցից հաց հավաքել, բայց Հայաստան չվերադառնալ: 

Զարմանազան.

«168 Ժամ»-ը հայտնում է. «Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ ականատես է եղել, թե ինչպես է Դավիթաշենի կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վորորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակած երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: Ըստ Գ. Շամշյանի` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդ Հովհաննես Ամիրյանին ենթարկել են վարչական պատասխանատվության` 30 000 դրամի չափով»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Facebook սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր, Հովիկ Չարխչյանի նախաձեռնությամբ, տարածել են հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: ՌՈն որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի ԶՈւն, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս ՔՕում հոդված են փնտրում և այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել ՔՕ 263 հոդվածով՝  «Պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» վերաբերյալ»: (…) Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը խավարի մատնելու ոստիկանության փորձերն իրականանան: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում