Թերթերն այսօր. Նախընտրական հարցում թեկնածուներից և նախատոնական թանկացումներ շուկաներում

Ընտրություններ.

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունները դեռ առջևում են, և հարկ է, որ ընտրողն իմանա, թե ում է ձայն տալիս։ Մենք արտաքուստ պարզունակ մի հարց ձևակերպեցինք, որի պատասխանը շատերս գիտենք, սակայն հետաքրքիր էր լսել այս փուլում պատգամավորության թեկնածուների արձագանքը։ Եվ այսպես մի խումբ իշխանական ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք՝ եթե իրենք հայտնվեն խորհրդարանում, և բացառապես իշխանության շահերից բխող ու շարքային քաղաքացիների ընդվզումն առաջացնող օրինագիծ ներկայացվի ԱԺ, ինչպես կպահեն իրենց։ Արդյո՞ք կոճակ սեղմողի դերում են լինելու այն անձինք, ովքեր այսօր մեր քվեն են խնդրում»։

Ըստ այդմ՝ ՀՀԿ ցուցակի 18–րդ տեղում հանգրվանած ՀՔԴՄ կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը հարցի կապակցությամբ մասնավորապես ասել է. «Ես ուզում եմ ասել, որ մեր ընդհանրությունը ՀՀԿի հետ գաղափարաբանական է։ Խնդիրը նրանում է, որ որևէ օրինագիծ, որը ներկայացվում է խորհրդարան, ոչ թե ներկայացվում է իշխանության շահը սպասարկելու համար, այլ այդ օրինագիծը բխում է կառավարության այն ծրագրից,  որն այդ խորհրդարանը հաստատել է»։

Գյումրիում առաջադրված մեծամասնական թեկնածու, ՀՀԿական Արման Սահակյանը հարցին ի պատասխան նշել է. «Եկեք ես այդպես հիպոթետիկ հարցերի չպատասխանեմ՝ եթե, եթեհիմա նման պրովոկացիոն հարցին պատասխանելով՝ հետո ես սխալ եմ դուրս գալու։ Կոնկրետ կներկայացվի նախագիծը, կհարցնեք, կասեմ»։

Երևանի կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Նուշիկյան» ընկերության նախագահ Գարեգին Նուշիկյանը հարցին մասնավորապես պատասխանել է. «Իմ նպատակն է գործել հօգուտ այն մարդկանց, ովքեր ինձ են տվել իրենց վստահության քվեն, ուստի նման օրինագծեր լինելու դեպքում ես անպայման կարտահայտեմ դժգոհությունս և հիմնավոր կերպով կներկայացնեմ գործընկերներիս օրինագծի թերություններն ու դրանց ուղղված իմ առաջարկությունները»։

Երևանի Նոր Նորք զանգվածում մեծամասնականով առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանն ի պատասխան ասել է. «Թե ինչպիսին կլինի իմ պատգամավորական գործունեությունը, և ինչպես եմ ես պատրաստվում աշխատել հաջողության, հաղթանակի պարագայում, կխոսենք մայիսի 6–ից հետո, երբ պարզ կլինեն ընտրությունների արդյունքները, և ամեն ինչ հասկանալի կլինի»։

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կենաց-մահու պայքար է սկսել պատգամավոր դառնալու համար: Վերջինս իր ընտանիքի անունը բարձր պահելու համար որոշել է մինչեւ վերջ գնալ` ամենատարբեր ընտրական տեխնոլոգիաներ կիրառելով»: Թերթի տեղեկություններով, Սարիբեկ Սուքիասյանն այժմ էլ իր ընտրատարածքի ընտրողներին մինչև 100 դոլար է խոստացել` իր օգտին քվեարկելու համար:

Բլոգեր Տիգրան Քոչարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ԱԺ առաջիկա ընտրությունները լինելու են Հրազդանի նման ընտրություններ` առանց բռնի ուժի կիրառման: «Դա կարող է լինել ոչ թե դիտորդների ասելով` «մեկ քայլ առաջ», այլ բավականին մեծ քայլերով առաջընթաց, որովհետև երբ մարդիկ մի ամբողջ 20 տարի մշակույթ են ձևավորել բռնի ուժով, առնելով, ծեծելով, լցոնումներով ընտրություններ անցկացնել, ապա Հրազդանն իսկապես մի քայլ առաջ է: Հիմա ես մարդիկ գիտեմ, որ շոկի մեջ են, չգիտեն` ինչ անել, որովհետև նախկինում հենց այդ մեթոդներով են ընտրություններ արել: Այդ մարդիկ, այդ մեթոդներն արդեն վերանում են»:

«Իրավունքը» գրում է, որ թիվ 25 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿական Դավիթ Քոչարյանը հրազդանցիներին սկսել է տուկի թել և պարարտանյութ բաժանել: «Դե, եթե տուկի թելին և պարարտանյութին մի քիչ էլ ավելանան ՕԵԿական քաղցր մուրաբաները` ի դեմս ՕԵԿական Վարդան Մանուկյանի, պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ ընտրապայքար կստացվի թիվ 25 ընտրատարածքից»,- գրում է թերթը:

Անորոշություն, դժգոհություններ և հումոր ՕԵԿ-ի շուրջ.

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել. այս անգամ դժգոհողները կանայք են: ՕԵԿ-ից թերթին հասած տեղեկությունների համաձայն, դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին, որը դուր չի եկել հատկապես ՕԵԿ կանանց խորհրդի նախագահ, 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին, ում բաժին է հասել 31-րդ հորիզոնականը: Վատթարացել են նաև երբեմնի մտերիմ ընկերուհիներ 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի և ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հարաբերությունները: Ընկերուհուն Բիշարյանը խոստացել էր, որ նա ցուցակում կլինի երկրորդ կինը, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անակնկալ է մատուցել կանանց. Բիշարյանի ընկերուհու «տեղը» ցուցակում հանգրվանել է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիաննա Գազիյանը: Ի դեպ, ՕԵԿ-ում շշուկներ կան, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան «աճեցնել»` ի դեմս Գազիյանի, ինչից ահավոր նեղսրտել է Բիշարյանը:

«Հրապարակ»-ը գրում է, որ ինչպես մինչև առաջադրման վերջին օրը ոչ ոք չգիտեր` իր անունը կա՞ Աժ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում, թե՞ ոչ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգիտի` մնալո՞ւ է իր տեղում, թե՞ ոչ: Հատկապես անհանգիստ են նախարարները, որոնք չգիտեն, թե ընտրություններից հետո իրենց ինչ է սպասվում: Թեև նրանց անունները հիմնականում գրված են համամասնական ցուցակներում, սակայն չգիտեն` շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե՞ ոչ, գնալո՞ւ են խորհրդարան, թե՞ ոչ: Այս առումով ամենաորոշակին կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի վիճակն է, որը միակն է նախարարներից, որ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով և ամեն ինչ անում է ընտրվելու համար: Նա, ի տարբերություն ՕԵԿ մյուս նախարարների` Արմեն Երիցյանի և Սերգո Կարապետյանի, կուսակցության համամասնական ցուցակում բավական ետին տեղում է` 13-րդն է, և, ասում են, նեղացած է իրեն հատկացված տեղից ու որոշել է ապացուցել իր ուժը մեծամասնականում:

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանի մասին Բիշարյանի արված հայտարարությունը քաղաքական կուլիսներում հումորի նոր թեմա է դարձել: Քանի որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցները, ջեմ ու մուրաբա բաժանելուն զուգահեռ, խոսակցություններ են տարածում, թե ՕԵԿ առաջնորդ Բաղդասարյանը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ, հումորասերները կատակում են, որ ինչպես կասեր Հեղինե Բիշարյանը՝ Հայաստանում կլինի առաջին կին դատախազը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի:

Զարմանզան.

«Երկիր»-ը գրում է, որ շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, և բարձր գինը կպահպանվի մինչեւ տոնի ավարտը: Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. «Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ «3-րդ ձեռք» կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող և բարձր գնով վաճառում մեզ»: Փոխարենը Զատկի տոնին ընդառաջ, ձվի թանկացումներ չկան: Երեկ թերթի թղթակիցը շրջել է Երևանի մի քանի խանութներում և պարզել, որ թեև Զատկի տոնին մնացել է երկու օր, սակայն ձվի գինը չի բարձրացել: Այն տատանվում Է 50-60 դրամի սահմաններում:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Երկրապահ» կամավորականների միության Կենտրոնի կառույցի նախկին ղեկավարներ Արտաշես և Էդիկ Գյումրյանների նկատմամբ հնարավոր է քրեական գործ հարուցվի: Նրանց նկատմամբ իրավապահների հետաքրքրություններն աճեցին հատկապես «Երկրապահ» կամավորականների միության Կենտրոնի կառույցի ներկայիս ղեկավարության կողմից հրապարակված փաստերից հետո: Թերթը հիշեցնում է, որ Գյումրյանները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրում են ԵԿՄ-ն քանդելու մեջ և սպառնացել են լուրջ բացահայտումներ անել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ: Ու սա եղավ այն բանից հետո, երբ ԵԿՄ-ն հայտարարել էր, որ սատարում է Սերժ Սարգսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում